Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն ոստիկանները գտնել չեն կարողանում. ավելի քան մեկ շաբաթ է, ինչ նա հետախուզման մեջ է
Սյունիքի գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, դարձել է անորսալի հայրենի ոստիկանների համար։ Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ նա գտնվում է հետախուզման մեջ, սակայն ոստիկանությանը չի «հաջողվում» նրան հայտնաբերել, թեեւ, ինչպես պաշտոնյա հայրն է պնդում, Հայաստանում է։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նա մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։
ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ քրեական գործով նա միակ մեղադրյալն է, եւս երկու հոգի ճանաչվել են տուժող։
Փաստինֆո