Ռուսական պրոպագանդայի ադրբեջանամետ «վարձկանները». Նիկո՛լ, խոսիր

Ռուսական եթերի կարկառուն դեմքեր են համարվում՝ Լեոնիդ Կալաշնիկովը, Մաքսիմ Շևչենկոն, Իգոր Կորոտչենկոն և այլք, որոնք հայ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին հատկապես, երբ վերջիններս անցյալ տարվա 44-օրյա պատերազմի օրերին սկսեցին ակտիվորեն հրավիրել ռուսական այս կամ այն թոք-շոուներին:

Ռուս հաղորդավարները հրավիրում էին քիչ թե շատ հայամետ համարվող մեկ գործչի, օրինակ՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինին, կամ՝ ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևին, ու սկսվում էր՝ մեկն ընդդեմ 3-4 ադրբեջանամետների հերթական «թեժ» քննարկումը, ու այդպես օրը մի քանի ռուսական հեռուստաալիքով, օրվա տարբեր ժամերին:

Ողջ պատերազմի ժամանակ Ալիևի կողմից պատերազմն արդարացնելու հարցում ադրբեջանամետներից կարելի էր լսել ցանկացած ստոր մեկնաբանություն Հայաստանի ու հայերի նկատմամբ: Իհարկե, քննադատության մեխը ՀՀ ներկայիս իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանն էին, բայց հարկ է նշել, որ Ռուսաստանի ադրբեջանամետները վաղուց են հայտնվել ասպարեզում, ու նրանց «անցած ուղին» էլ պակաս հետաքրքիր չէ: Ի՞նչ էինք լսում մենք պատերազմի օրերին այդ պատգամավորներից ու «փորձագետներից»: Այս մարդիկ բաց հայտարարում էին, որ՝ «Ադրբեջանը պատերազմ է վարում իր սեփական երկրում, Ռուսաստանն ինչպե՞ս կարող է խառնվել...»:

Դեռևս անցյալ տարի հուլիսին, այսինքն, 44-օրյա պատերազմից երկու ամիս առաջ, Գլոբալիզացիայի հիմնախնդիրների ինստիտուտի գիտական ղեկավար Միխայիլ Դելյագինը սկանդալային գրառում արեց Տելեգրամի իր ալիքում՝ մեղադրելով որոշ ռուսաստանյան հրատարակություններին այն բանի համար, որ նրանք փորձել են կաշառել փորձագետին որպեսզի վերջինս իր մեկնաբանություններում մեղադրի Հայաստանին Ադրբեջանի դեմ ագրեսիա գործադրելու մեջ: «Ռուսական որոշ ԶԼՄ-ներ, որոնց հետ ես արդեն մեկուկես տարի չեմ շփվում (իրենց ապուշ մակարդակի պատճառով), զանգահարում և առաջարկում են, որ ես «իմ նշած ցանկացած գումարի դիմաց» նրանց տրամադրեմ մեկնաբանություններ այն մասին, որ Հայաստանը սադրում է հակամարտություն Ադրբեջանի հետ: Իմ քաղաքավարի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը, (քանի որ փետրվարին միանշանակ սկսվեց Ադրբեջանը, իսկ թուրքական ականջները հաստատ հայկական գլխարկի տակ չեն), և հակամարտության գոտում կոնկրետ որտե՞ղ է գտնվում ադրբեջանական նավթային դաշտերը (զարմանում եմ՝ ես կարծում էի թե գիտեի աշխարհագրություն) իմ այս հարցին «Մոսկովյան» լրատվամիջոցի տնտեսական բաժնի խմբագիրը պատասխանեց. «դե հասկանում եք ուղղակի այդպիսինն է Բաքվի դիրքորոշումը»:

Դելյագինն ապա հավելել էր, որ ստացվում է որ, եթե հանկարծ վաղը Բաքվի դիրքորոշումը պահանջի, որ՝ «հայերի ցեղասպանությունը բեմադրվել է ռուսների կողմից», մոսկովյան ԶԼՄ-ները ուրախությամբ կսկսեն գումարի դիմաց հավաքագրել այդ ամենը հաստատող կեղծ փաստեր և մեկնաբանություններ: «Արդյոք ժամանակը չէ՞ մաքրելու լրատվական դաշտը: Եվ, իհարկե, կտեսնենք, թե լրագրողներից և փորձագետներից ո՞րոնք փողեր կվերցնեն այդ ամենն ասելու համար», - գրել էր Դելյագինը: Նա իհարկե չէր մասնավորեցրել, թե հատկապես որ մեդիա ռեսուրսների մասին էր խոսքը, որոնք նրան նման առաջարկ էին արել, բայց ընդհանուր առմամբ հետաքրքրական է Դելյագինի կողմից նման արձանագրումը որպես ռուսաստանյան իրականություն:

Արդեն գոնե վերջին 10 տարիներին ակնհայտ է, որ ռուսաստանյան պարբերականների առանձին խմբագիրներ, սյունակագիրներ, լրագրողներ, փորձագետներ ու ռուս տարբեր տրամաչափի գործիչներ ֆինանսավորվում են ադրբեջանական վերնախավի կողմից և կեղծիքներ են տարածում՝ ի օգուտ Ադրբեջանի:

Հիմա ներկայացնենք ադրբեջանամետ գործիչներից ամենակարկառունների «անցած ուղին»: Միանգամից նկատենք, որ դրանք պատահական մարդիկ չեն, եղել են իշխանական շրջանակներում:

Հատկապես Ռուսաստանի հայությունը պետք է իմանա, թե ում են լսում, ովքեր են թույն թափում Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ:

Մաքսիմ Շևչենկո

Ամենացայտուն հակահայը, որը 15 տարի է չի իջնում ադրբեջանական կայքերից, շաբաթը մի քանի հարցազրույց է տալիս, Հայաստանի հանդեպ լուտանքներ ու կեղծիքներ տարածող՝ Մաքսիմ Շևչենկոն է: Այս ռուս լրագրողը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների հարցերով նախագահական խորհրդի անդամ է։ Ու ոչ միայն... Նա Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի երկրորդ և երրորդ կազմերի անդամ էր՝ 2008 -2012-ը։ Հակահայ դիրքորոշմամբ հայտնի Մաքսիմ Շևչենկոն միայն 2018թ. հուլիսին հեռացվեց ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի կազմից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով:

Այսինքն, պուտինյան այս կառուցում աշխատողը՝ զուգահեռաբար տարիներ շարունակ սնվում էր նաև Ալիևյան ռեժիմի կողմից, դա գիտեն Ռուսաստանի մեկնաբաններն ու փորձագետները: Ի դեպ, Ալիևյան «նավթադոլարներից» ու «թուրք-ադրբեջանական լոլիկի» շահերի սպասարկուների մասին ամենաշատ բարձրաձայնում է Սեմյոն Բաղդասարովը, որը պարբերաբար հարց է տալիս, դեռ որքա՞ն են Ռուսաստանում ադրբեջանական «ռոճիկով» աշխատողները հասարակական կարծիք ստեղծելու:
Ի դեպ, հավելենք, որ դեռ 3 տարի առաջ Ադրբեջանում կազմակերպվել էր «Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում Ադրբեջանն է» խորագրով քննարկումը, որին մասնակցել էին Ռուսաստանից ժամանած մի շարք քաղաքագետներ և քաղաքական գործիչներ՝ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Եզուբովը, Եվրասիական միջազգային շարժման տխրահռչակ առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն ու նույն ինքը Մաքսիմ Շևչենկոն:

Լեոնիդ Կալաշնիկով

Հաջորդ կարկառուն հակահայը, որը ռուսական եթերի սիրելիներից է՝ Լեոնիդ Կալաշնիկովն է: Նա Ռուսաստանի Դաշնության V, VI և VII գումարումների Պետդումայի պատգամավոր է: Անկախ Պետությունների Համագործակցության, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների Պետդումայի հանձնաժողովի նախագահն է, Կոմունիստական կուսակցության խմբակցության անդամ: 2008 թվականից ՝ Կոմունիստական կուսակցության Կենտկոմի Նախագահության անդամ, միևնույն ժամանակ ՝ Կոմկուսի Կենտկոմի քարտուղար՝ միջազգային և տնտեսական հարաբերությունների հարցերով:

Լեոնիդ Կալաշնիկովը օրերս ռուսական «Ազատ մամուլ» ծրագրի հյուրն էր, ռուս-հայկական հարաբերությունների առնչությամբ հանդես եկավ հստակ թուրքամետ դիրքորոշմամբ։ Ըստ սույն պատգամավորի, Ռուսաստանի շահերից չի բխում Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումը։ Դիմելով մեզ՝ հայերիս, նա հայտարարում է՝ «այդ դուք չեք մեր դաշնակիցները, դուք չեք գնա կռվեք Ղրիմի համար» ու խորհուրդ տալիս՝ «այնպես որ ծուղրուղու մի կանչեք» և հավելում․ «Կարծում եք, որ մենք այլ բան չունե՞նք անելու, պետք է ամեն ինչ թողնենք ու գանք ձեզ համար կռվե՞նք»։

Կալաշնիկովն ադրբեջանական շահերի հայտնի լոբբիստ է, բայց ավելին, Կալաշնիկովի հայտարարություններն ընկալվում են որպես Ռուսաստանի իշխանությունների, քաղաքական էլիտայի դիրքորոշում ու այստեղ հարց է ծագում՝ ինչպե՞ս է Հայաստանի ռազմավարական դաշնակից պետության ղեկավարությունը, որի իշխանական կառույցների անդամները հանդես են գալիս ընդդեմ Հայաստանի շահերի ու բացահայտ աջակցում են Ադրբեջանի իշխանությունների ֆաշիստական գործելակերպը՝ Հայաստանի նկատմամբ, հանդուրժում այս ամենը: Ուրեմն, սա նաև ռուսական որոշակի քաղաքականության մաս է:

Վերջերս Կալաշնիկովը մի թեմայի էլ անդրադարձավ. «Ես շփվել եմ հայկական պատվիրակության հետ, և ուղիղ հարցրել եմ. դուք պատկերացնու՞մ եք՝ որքան բարդ է սահմանազատումը: Իսկ դուք Ադրբեջանի հետ անգամ դիվանագիտական կապեր չեք հաստատել: Սահմանազատումը բանակցությունների հարց է, և ոչ թե պատերազմի՝ երկու կիլոմետրի համար: Ինչ իմաստ ունի Երևանի համար ներգրավել ՀԱՊԿ-ին մի բանում, որպեսզի ամբողջությամբ փչացնի հարաբերությունները, որոնք նոր-նոր սկսել են ձևավորվել Բաքվի հետ: Նման հարցերը լուծել ռազմական ճանապարհով, և այն էլ Ռուսաստանին ներգրավելու հաշվին, կատարյալ հիմարություն է. ՀԱՊԿ-ը դրա համար չի ստեղծվել»,- ասել է Կալաշնիկովը «Սվոբոդնայա պրեսսա» պարբերականի հետ զրույցում: Նա նաև հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը նախատեսված է եռակողմ համաձայնագրով» և հայերին ձեռնտու է բացել սահմանները: «Ախր Հայաստանը տասնամյակներով նստած է եղել շրջափակման մեջ, հայերը երկրից դուրս էին հանում երեխաներին, հատկապես տղաներին, որպեսզի նրանց բանակ չտանեն: Բայց հիմա ղարաբաղյան հանգույցը բացված է, ցավոք, պատերազմի միջոցով: Ուրեմն բացե՛ք երկիրը, շնչեք, այնպես արեք, որ ձեզ լավ լինի»,- ասել է Կալաշնիկովը:

Մի օր էլ նույն Կալաշնիկովը հայտարարեց. «Ես հայերին ասել եմ, որ այդ դո՛ւք չեք մեր դաշնակիցները, մենք ենք ձեր դաշնակիցները: Մենք ձեզ փրկել ենք և՛ թուրքական ոճիրի ժամանակ, փրկում ենք և հիմա: Որտե՞ղ կլինեիք… պետք է ազնիվ լինել: Այդ դուք չեք մեր դաշնակիցները, դուք չեք գնա կռվեք Ղրիմի համար, որը չեք ճանաչել, դուք նույնիսկ Ղարաբաղը չեք ճանաչել»:

Իգոր Կորոտչենկո

Հայերի ու Հայաստանի նկատմամբ առանձնակի ատելություն է հորդում Իգոր Կորոտչենկոյից, Ռուսաստանում նրան անվանում են՝ «լպրծուն», համարում են՝ «փողի համար մորը վաճառքի հանող» մի կերպար: Նա ռուս լրագրող է, ռազմական փորձագետ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր: Նա նաև համաշխարհային զենքի առևտրի վերլուծության կենտրոն ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրենն է, 2012թ. փետրվարի 8-ից նա հանդիսանում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ, պահեստազորի գնդապետ է:

Ընդամենը երկու ամիս առաջ նա ձայնակցում էր Ալիևին, թե՝ «Նախիջևանի միջանցքը պետք է բացվի»: Ռուսական հեռուստաեթերի այս մի սիրելին էլ 2 ամիս առաջ անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տիրող իրավիճակին: Կորոտչենկոն հայտարարեց, որ Նախիջևանը Ադրբեջանի հիմնական մասի հետ կապող Նախիջևանի միջանցքը պետք է բացվի։ Նա շեշտել է, որ Արցախյան վերջին պատերազմի արդյունքներով Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Կորոտչենկոյի խոսքով եռակողմ հայտարարությամբ արձանագրված է նաև երկու երկրների միջև սահմանազատման իրականացումը, ինչը կարևոր հիմնահարցերից մեկն է։ Ռուս փորձագետը ասել է, որ այս գործընթացում հիմք է ընդունվում ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի տեղագրական քարտեզները, որտեղ բավականին հստակ նշված է Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանները։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական պետական սահմանին առկա իրավիճակին, նա նշել է, որ փորձ է արվում իրավիճակը քաղաքականացնել, քանի որ Հայաստանում առաջիկայում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ինչ վերաբերում է պաշտոնական Երևանի կողմից այս հարցում ՀԱՊԿ-ին դիմելու գործընթաց նախաձեռնելուն, Կորոտչենկոն այն համարել է չարդարացված՝ նշելով, որ զինված ագրեսիա իրականացնելու համար նախևառաջ պետք է լինեն միջազգայնորեն ճանաչված սահմաններ, տվյալ դեպքում պարզապես սահմանազատման գործընթաց է կատարվում։ Կորոտչենկոն նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հայաստանը այս հարցում փորձում է ներգրավել արտաքին խաղացողների, օրինակ `Ֆրանսիային, որի դիրքն այս պարագայում կործանարար է և կողմնակալ: Նա ասել է, որ ռուսական կողմը մտահոգությամբ է հետևում, թե ինչպես է ԱՄՆ-ն փորձում միջամտել այս իրավիճակին: «Իմ կարծիքով, ամերիկացիները պետք է չափավոր լինեն իրենց գնահատականներում և դիրքորոշումներում: Ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ Հարավային Կովկասն առաջին հերթին ռուսական շահերի գոտի է, և Ռուսաստանի շահերից է բխում, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման գործընթացն ընթանա հնարավորինս հանգիստ։ Նա շեշտել է, որ այժմ Լաչինի միջանցքը գործում է, իսկ առաջիկայում պետք է բացվի միջանցք, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հիմնական մասի հետ: Ապա` հավելել է, որ Ադրբեջանը ոտնձգություն չի կատարում Հայաստանի տարածքի նկատմամբ։ Կորոտչենկոյի խոսքով՝ սահմանազատման գործընթացից հնարավոր չէ խուսափել, և անկախ Երևանի ցանկությունից Ադրբեջանն ու Հայաստանը պետք է հստակ ամրագրեն միջպետական սահմանները:

Ահա, այս մարդիկ ռուսական հեռուսաեթերը լցնում են ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Հատկապես Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի հասարակությունը պետք է իմանան, որ այս մարդիկ կարծիք են հայտնում վստահաբար ադրբեջանական «աշխատավարձերի» դիմաց, և այդ մասին գիտեն ռուսական փորձագիտական շրջանակների մի մեծ հատված ու երբեմն էլ բարձրաձայնում են այդ մասին:

Ի դեպ, երբեմն այս մարդկանց հետ միասին նույն տաղավարում են հայտնվում ռուսաստանցի քաղաքագետ և վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանն ու հայազգի կինոռեժիսոր, պրոդյուսեր, Մոսֆիլմ կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Շահնազարովը, որոնք էլ իբրև հայազգիներ՝ կոչված են պաշտպանելու հայկական տեսակետը, բայց նրանք էլ երբեմն հանդես են գալիս խիստ լղոզված ու առավելապես ընդդեմ Հայաստանի շահերի դիրքորոշմամբ ու առավելապես քննադատում են Հայաստանի պահվածքը այս կամ այն հարցում:

Ու ստացվում է, որ Ռուսաստանի հասարակական կարծիքը ձևավորվում է բացառապես ադրբեջանամետ դիրքորոշմամբ, որը, բնականաբար, իրականացվում է Կրեմլի թողտվությամբ:

Սա է ռուսաստանյան այսօրվա իրականությունը...Ադրբեջանական ձայնն այսօր Ռուսաստանում ավելի հնչեղ է, մինչդեռ ռուս-թուրքական թվով տասներեք պատերազմներում հայերը, չունենալով պետականություն, մշտապես եղել են ռուս զինվորի կողքին, հանդիսացել նրա բնական դաշնակիցը, ռուսական բանակի գեներալները պարգևել են Ռուսաստանին հաղթանակներ, սակայն այսօր տարբեր ռուսաստանցի «տրամաչափի», ինչպես ասում են՝ «գրդոնչիներ» այսօր Ռուսաստանում ընդդեմ Հայաստանի ու հայերի քարոզչություն են իրականացնում:

Ժամանակն է, որ Հայաստանի ԱԳՆ-ն այս մարդկանց հայտարարի՝ «պերսոնա նոն-գրատա»:

Նիկոլ, դե՛ խոսիր: Այդ կերպ Ռուսաստանում փող աշխատող խմբագիրները, լրագրողներն ու փորձագետները, թերևս, փոքր-ինչ կձգվեն, իսկ Կրեմլից ռուս պաշտոնյաների ու պատգամավորների մոտ տարածված ու տարածվող՝ ադրբեջանական «նավթադոլարներով» լի տաշտից օգտվողների ախորժակը կզսպեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8245 անգամ
Լրահոս
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում ԲԱՑԱՌԻԿ․ Տավուշի բնակիչները 10 օր ժամանակ են տվել Փաշինյանին Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո պատրաստակամություն են հայտնել փակել ճանապարհները ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ստոլտենբերգն Անդրկովկասում սկում է «Մեծ խաղ» Հայաստանը չպետք է դառնա միաբևեռ աշխարհի ջատագով․ Էդուարդ Շարմազանով Ռուսաստանը կարող է «սանիտարական գոտի» ստեղծել Ուկրաինայում. Պուտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է Սփյուռքը պետք է վերակազմակերպվի, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները պետք է ազատ արձակվեն. Արամ Ա Որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ Առաջին անգամ Ոսկեպարում մետաղորսիչ սարքեր են դրել Փաշինյանի հետ հանդիպմանը. Նոր մանրամասներ Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Ժողովու'րդ, Նիկոլի կողմից այդ 4 գյուղերի նվիրումը Ադրբեջանին ԲՈԼՈՐՍ խնդիրն է և միայն ոսկեպարցին կամ բաղանիստցին այդ հարցով չպետք է զբաղվեն... «Թարգմանեմ ՔՊերենից». Վլադիմիր Մարտիրոսյանը ցանկ է ներկայացրել Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին. Հակոբյան «SOCAR»-ը Թուրքիայում նոր ներդրումային քաղաքականություն է մշակում Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կատարում մասնակցում է Գազայի հարցով բանակցություններին Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում Լարսը բացվել է բեռնատարների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am