«Հարց չկա». Պուտինի պատասխանը՝ Փաշինյանի համար «ցավոտ թեմաներով»

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ այսօր հուլիսի 20-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը վերաբերող արդիական հարցեր։

Այս հանդիպումը, փաստորեն, կայանում է Պուտին-Ալիև հանդիպումից առաջ: Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: Ալիևի այցը համընկավ հայ - ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում անցած շաբաթ սկիզբ առած նոր լարվածության հետ: Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ երեկ երեկոյան 6-ից ադրբեջանական զինուժը մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:
Ինչ ունենք հիմա... Մայիսի կեսերից կտրուկ սրվել է իրավիճակը Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներում. մայիսից հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ տեղակայվել են Սև լճի մերձակայքում, պնդում են, թե տարածքն իրենցն է, և չեն հեռանում:

Ռուսաստանի նախագահը, որն առիթը բաց չի թողնում ընդգծելու, թե անցած տարվա 44-օրյա պատերազմը կանգ է առել իր համառ ջանքերի ու միջնորդության շնորհիվ, ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման և արդեն երրորդ ամիսը շարունակվող լարվածության ֆոնին՝ այսօր, առաջին անգամն է հանդիպում Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին: Այցին ընդառաջ Կրեմլը հաղորդել է, որ հենց տարածաշրջանային իրավիճակն է լինելու քննարկման առանցքում: «Հիմնական ուշադրությունը կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև 2020թ. նոյեմբերի 9-ին ու 2021-ի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման գործնական կողմերին, այդ թվում՝ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման ու զարգացման խնդիրների լուծմանը», - երեկ հայտնեց Ռուսաստանի նախագահական նստավայրը:
Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, նույն օրակարգով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն էր մեկնել Մոսկվա:

Ընդ որում, ընդունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և ընդգծել` դա կօգնի լուծել առկա զգայուն հարցերը: «Բարդ խնդիրները հնարավոր է կարգավորել միայն ժողովրդի աջակցությամբ, որը Դուք ստացել եք», - ասել էր Պուտինը Փաշինյանին: Թե այդ ինչ բարդ հարցերի մասին է խոսքը, Պուտինը չէր հստակեցրել: Կողմերը մանրամասներ չէին հաղորդել նաև դռնփակ բանակցությունների ավարտին: Հայտնի է միայն, որ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից հետո կողմերի միջև բարձրաստիճան հանդիպումների ակտիվ շարք էր սկսվել:

Արդյո՞ք «զգայուն» հարցեր կունենան Պուտինն ու Ալիևը քննարկելու, թե՞ Պուտինը միայն լսելու է Ալիևի բողոքները, որ այլևս չի կարող սպասել Փաշինյանի, Հայաստան-Ադրբեջան սահմաններ պետք է գծվեն ու խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի:
Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր ծառայողական խորհրդակցություն է անցկացրել բանակի հրամանատարական անձնակազմի հետ և հրահանգել կանխել Հայաստանի զինված ուժերի հնարավոր սադրանքները պետական սահմանին: Ըստ ադրբեջանական աղբյուրների, գեներալ Զաքիր Հասանովը հիշեցրել է նախագահ Ալիևի խոսքերը, թե պատերազմն ավարտվել է, բայց բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի նոր պատերազմի: Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Սամվել Ասատրյանն իր հերթին այսօր հայտարարել է` «բանակը պատրաստ է իրադարձության ցանկացած զարգացման և ակնկալում է հանրության լիարժեք վստահությունն ու աջակցությունը»։

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունից հետո հայկական կողմից առնվազն երկու զինծառայող է զոհվել, մի քանիսը` գերեվարվել: Մինչև վերջերս Ռուսաստանն էր կողմերի միջև ակտիվ բանակցություններ վարում` առաջարկելով իր օգնությունը սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում: Այժմ նաև Եվրամիությունն է փորձում միանալ այս ջանքերին. հենց այդ օրակարգով էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը անցած շաբաթավերջին այցելել Երևան, ապա` Բաքու: Ընդ որում, նախագահ Ալիևի հետ համատեղ ասուլիսում Շառլ Միշելն ընդգծել է` Եվրամիությունը պատրաստ է թե՛ փորձով կիսվել, թե՛ մոնիտորինգ իրականացնել սահմանին, եթե իրենք` կողմերը, նման ցանկություն հայտնեն:

Ադրբեջանի նախագահը երեկ անդրադարձել է նաև մեկ այլ հարցի, որ բարձրացրել էր Փաշինյանը` եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ: Փաշինյանը հայտարարել էր, թե Բաքուն ետ է կանգնում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից ու հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել դեպի Վրաստան ու Ռուսաստան` երկաթուղու գործարկման համար: Իլհամ Ալիևը, փաստացի, չի հերքել` առաջ քաշելով Բաքվից նոր նախապայմանը` տարածաշրջանում բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բացվեն միաժամանակ: Ավելին, Ալիևը հավաստիացրել է, թե Ադրբեջանի այս մոտեցումը պաշտպանում են նաև Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան:

«Մենք սպասում ենք Հայաստանի արձագանքին», - ասել է նա, հավելելով, թե ակնկալում են, որ Եվրամիությունը դրական դեր կխաղա այս գործընթացում: «Դա հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանի տարածքով մուտք ունենալ դեպի Նախիջևան, Հայաստանին էլ` երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ: Տարածաշրջանի չորս պետությունները` Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են այս մոտեցմանը: Ըստ այդմ, մենք այժմ պետք է դրական պատասխան ստանանք Հայաստանից, և այդ արձագանքը պետք է ամբողջական և հստակ լինի: Բոլոր ճանապարհները պետք է բացվեն միաժամանակ, և այս հարցում խտրականություն չպետք է լինի: Դրանից հետո, իհարկե, կանխատեսելիությունը, կայունությունն ու անվտանգությունը այս տարածաշրջանում կդառնան իրականություն»:

Մենք գիտենք, թե Ալիևը Մոսկվայում ինչ է պահանջելու Պուտինից... Բայց չգիտենք, թե ի՞նչ է պատասխանելու Պուտինը, իսկ ավելի ճիշտ՝ Ալիևի մոտեցումներից որո՞նք են ընդունելի Պուտինի համար, որ որոնք՝ ոչ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4383 անգամ
Լրահոս
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am