Բայդենի ուղերձը Թուրքիայում` ոչ տաք, ոչ սառը. «բազարի» օրակարգն է հարստացել

Թուրքիայի խորհրդարանը ևս դատապարտեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը` այն համարելով անհիմն: Խորհրդարանի ընդունած բանաձևն այսօր հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում: Օրերս տեղի ունեցած քվեարկությունում բանաձևին դեմ է քվեարկել քրդամետ համարվող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության խմբակցությունը: Մյուս խմբակցությունները` իշխանական, իշխանամետ, ընդդիմադիր, ազգայնական, կողմ են քվեարկել: «Թուրքիայի Ազգային մեծ ժողովը խստորեն դատապարտում և մերժում է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի 2021թ. ապրիլի 24-ի հայտարարությունը 1915թ. իրադարձությունների մասին, որը հիմնված է հայկական լոբբիի պնդումների վրա: Դրանք անհիմն են, որևէ նշանակություն չունեն, բացի պատմական փաստերի խաթարումից», - նշված է Թուրքիայի խորհրդարանի հայտարարությունում: Ընդգծված է, որ ԱՄՆ նախագահն «իրավասություն չունի դատելու պատմական իրադարձությունները»: Թուրքիայի խորհրդարանը Ջո Բայդենին հորդորել է հետ կանգնել և թույլ տալ, որ տարածաշրջանում խաղաղություն լինի:

Ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին ասել է, թե ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները գտնվում են պատմական խաչմերուկում: Նրա խոսքով` Ջո Բայդենի հայտարարությունից հետո Թուրքիան առաջին հերթին պետք է ակտիվացնի ռուսական C-400 (S-400) հրթիռային համակարգերը և հետ պահանջի ամերիկյան F-35 կործանիչների համար վճարված գումարները:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն քննադատել է իշխանություններին սխալ արտաքին քաղաքականություն վարելու համար, ինչը և, ըստ նրա, հանգեցրել է Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն: Նրա կարծիքով` արտաքին աշխարհում Թուրքիայի դիրքերը թուլացել են Էրդողանի կառավարության արտաքին քաղաքականության պատճառով: Նրա խոսքով` խախտվել են «տանը և դրսում խաղաղություն հաստատելու, խնդիրները երկխոսության միջոցով լուծելու Թուրքիայի դիվանագիտության դարավոր հիմնարար սկզբունքները», այս սկզբունքներից Էրդողանի կառավարությունը հեռացել է: Ընդդիմադիր հիմնական կուսակցության առաջնորդը Էրդողանի կառավարությանը քննադատել է նաև տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու համար, հատկապես Մերձավոր Արևելքում, որի հետևանքով նրանցից շատերի հետ Թուրքիայի հարաբերություններում խնդիրներ են առաջացել:
Ընդդիմադիր «Լավ» կուսակցությունը ևս փոքր խմբակցություն ունի խորհրդարանում: Այդ կուսակցության առաջնորդ, կին քաղաքական գործիչ Մերալ Աքշեներն, ըստ «Ազատության», Էրդողանին կոչ է արել Ջո Բայդենի հայտարարության հետ կապված գործողությունների դիմել. «Քաջություն ցուցաբերեք, երկու խոսք ասեք, երկու քայլ կատարեք մեր ժողովրդի սպասելիքներին ընդառաջ», - ասել է նա իր խմբակցության հետ հանդիպմանը: Նա Էրդողանին կոչ է արել արտահերթ ընտրություններ հայտարարել:
Հիշեցնենք, որ Բայդենին դատապարտող Թուրքիայի խորհրդարանի հայտարարությանը նախորդել էին երկրի ղեկավար Ռեջեփ Էրդողանի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի նույնաբովանդակ արձագանքները` մերժել, հերքել, չընդունել, դատապարտել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը: Նաև բողոքի ակցիաներ են անցկացվել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան, Ստամբուլում հյուպատոսության շենքերի դիմաց: Թուրքերը բողոքի ցույց են անցկացրել նաև Ադանայի շրջանում` Ինջիրլիքի ամերիկյան ավիաբազայի մոտ: Այստեղ բողոքի ակցիայի մասնակիցները սպառնացել են, թե ամերիկացիներին թույլ չեն տա օգտվել ավիաբազայից:

Վերլուծաբանները հիմնականում անդրադառնում են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառներին, հետևանքներին, թուրքական կողմի հնարավոր պատասխաններին։ Անկարայում Ասիական խաղաղօվկիանոսյան ուսումնասիրությունների թուրքական կենտրոնի տնօրեն Սելջուկ Չալակօղլուն «Ռոյթերսի» հետ զրույցում ասել է, թե վերջին տարիներին նկատելի էր, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները, համագործակցության մակարդակը նվազել էին։

«Ես հիմա կոնկրետ քայլեր չեմ տեսնում, մյուս կողմից` Թուրքիայի տնտեսությունը հիմա շատ թույլ է, և եթե Անկարայի ու Վաշինգտոնի միջև քաղաքական լարվածությունը մեծանա, դա բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի ֆինանսական ոլորտի վրա»։ Արտաքին քաղաքականության ինստիտուտի նախագահ Հուսեյին Բագչին նշել է, որ խոսքը ուժերի սիմետրիկ հարաբերություների մասին չէ։ «Ամերիկան ՆԱՏՕ-ի տերն է։ Ամերիկան աշխարհի թիվ մեկ գերտերությունն է, և նրանք շատ ավելի պատժամիջոցների հնարավորություն ունեն, քան Թուրքիան կարող է անել։ Թուրքիան կարող է միայն հետ կանչել իր դեսպանին, փակել Ինջիրլիքի ռազմակայանը և որոշ միջոցների դիմել, բայց Ամերիկային ուժեղ արձագանքելու հնարավորություններ չունի»։ Նա նշել է, որ չնայած տարաձայնություններին, ԱՄՆ-Թուրքիա համագործակցությունը կշարունակվի:

«Ամերիկացիներն անկասկած կաշխատեն Թուրքիայի և Թուրքիայի կառավարության հետ։ Սիրիայում, Միջերկրականում մենք ընդհանուր խնդիրներ ունենք։ Լեռնային Ղարաբաղում, ամերիկացիներ կան, որ հիմա էլ աջակում են Հայաստանին: Այնպես որ, կլինեն որոշ կոնֆլիկտային վայրեր, բայց օրվա վերջում համագործակցությունը կշարունակվի»,- «Ռոյթերսին» Անկարայում ասել է թուրք փորձագետը։

Էրդողանի՝ ապրիլի 24-ին հայերին ուղղած ցավակցական նամակից հետո, նույն էրդողանը քիչ անց ուղղակի հայտարարեց, որ «Մարդկային ողբերգության առումով ապրիլի 24-ին ոչինչ տեղի չի ունեցել»: Նա կառավարության նիստից հետո հստակ հասկացրեց, որ շարունակում են մերժել Հայոց ցեղասպանությունը ու շեշտը դնել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու, պատմական «փաստաթղթեր» ուսումնասիրելու: Մերկապարանոց պնդումներ անելով այն մասին, թե Հայոց ցեղասպանությունը փաստող որևէ կոնկրետ փաստաթուղթ կամ դատական որոշում գոյություն չունի՝ Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն շուտափույթ կերպով հետ կկանգնի իր «սխալ քայլից»։

Ի դեպ, հիմա էլ ԱՄՆ-ն է համարում իր գործն արած. Բայդենը արտասանեց Հայոց Ցեղասպանություն եզրույթը, վերջ, մեզանից ավելին չսպասեք: Թուրքիայում բարձացած դժգոհությանը զուգահեռ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի հարցազրույցը այդ առումով, բավական խոսուն գնահատականով հանդես եկավ:

Իրավական տեսանկյունից ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: «Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել է ունեցել 1915 թվականին։ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան ընդունվեց 1951 թվականին, և մեր ընկալումն այն է, որ իրավական տեսանկյունից կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում։ Դա իրավական հետևանքների առումով», - ասել է դեսպանը: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ հարաբերություններին Թուրքիայի հետ, Թրեյսին նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ի շրջանակներում։ «Այնուհանդերձ, Բայդենի վարչակազմը շատ հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև եղած տարաձայնությունները պետք է արդյունավետ կերպով կարգավորվեն», - ասել է դեսպանը:

Իսկ Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին օրերս իր հերթին հստակեցրեց, ո ԱՄՆ-ում փոփոխություն չեն ակնկալում Թուրքիայի հետ հարաբերություններում այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածն անվանեց ցեղասպանություն:

Նկատենք, որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև է ներկայացրել խորհրդարան (մեջլիս): Փայլանն իր նախագծում առաջարկել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հանրային վայրերից հեռացնել այն գործիչների անունները, ովքեր մեղավոր էին Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման համար, ինչպես նաև համապատասխան փոփոխություններ կատարել «Քաղաքացիության մասին» Թուրքիայի օրենքում։ Մեջլիսի հայ պատգամավորն իր ներկայացված բանաձևի վերաբերյալ նաև գրավոր հայտարարությամբ էին հանդես եկել: Պատգամավորն ավելացրել է, որ Հայոց ցեղասպանությունը այլ երկրների օրակարգ է մտնում հենց այն պատճառով, որ այն չի քննարկվում Թուրքիայում։

Ակնկալել այսօրվա Թուրքիայից, որ այդ երկրում ճանաչում լինի՝ միամտություն է...
Ահա թե ինչպես են սպառնում այս օրերին Կարո Փայլանին: Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղը թիրախավորել է հայ պատգամավորին, պատճառը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան գրառումն էր: Օզդաղը Փայլանի հայտարարությանը հետևյալ կերպ է արձագանքել. «Անդաստիարակ, սադրիչ անձնավորություն: Եթե շատ գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան աքսորել է ոչ թե հայրենասեր հայերին, այլ քո նման թիկունքից հարվածողներին: Երբ գա ժամանակը քեզ հետ էլ նույնը կպատահի և պետք է պատահի»:

Նշենք, որ Փայլանը ապրիլի 24-ին գրել էր. «106 տարի անց քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալյաթ փաշայի անունը կրող փողոցներով: Մեր երեխաներին կրթում ենք Թալյաթ փաշայի անվան դպրոցներում: Եթե այսօր Գերմանիայում Հիտլերի անվամբ փողոցներ լինեին և երեխաները սովորեին վերջինիս անվան դպրոցներում, ապա Գերմանիան կլիներ ճիշտ այդպիսին, ինչպիսին հիմա Թուրքիան է»:

Ահա, այսպիսի մթնոլորտ է Թուրքիայում, և միամիտ պետք է լինել կարծելու, թե ԱՄՆ նախագահի կողմից հայտարարությունը Թուրքիայում քաղաքականություն կփոխի, կամ՝ ԱՄՆ-ից Թուրքիայի ուղղությամբ ճնշումներ կլինեն: Ու այստեղ հարց է ծագում՝ էլ ինչո՞ւ արտասանեց Բայդենը Հայոց Ցեղասպանություն եզրույթը... Չլինի՞ դեռ Հայաստանի գլխին նոր պատուհաս պետք է գա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1271 անգամ
Լրահոս
Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am