Նիկոլ Փաշինյանը Մեղրիի սրճարաններից մեկում է
Պաշտոնական որևէ տեղեկատվություն չկար, որ Նիկոլ Փաշինյանը պիտի այցելեր Սյունիք, մենք ևս մամուլից ենք իմացել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:
«Իմ տեղեկությամբ՝ քաղաքացիները հարցադրումներ են արել Փաշինյանին, և նրա պատասխանները չեն բավարարել»,- ասաց քաղաքապետը:
Զաքարյանի փոխանցմամբ՝ հարցը վերաբերել է Ալիևի՝ «101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա գրավված Զանգեզուր» հայտարարությանը:
«Եկել էր Ագարակի զորամաս, հետո շրջել է Ագարակում, ուզում էր այցելել զոհված տղաների շիրիմներին, բայց հարազատները փակել էին ճանապարհը ու թույլ չտվեցին, որ գնա»,- ընդգծեց Զաքարյանը:
Քաղաքապետն ասաց, որ քաղաքացիների՝ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու ժամանակ ներկա չի եղել, փոխարենը՝ ուժի կիրառման ու փոխադարձ հրմշտոցի ժամանակ փորձել է հանդարտեցնել նրանց:
««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի անվտանգությունն եմ ապահովել գերեզմաններ գնալու ճանապարհին»,- նշեց Զաքարյանը՝ հավելելով, որ անձամբ չի շփվել Փաշինյանի հետ:
Քաղաքապետը տեղեկացրեց, որ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհն այս պահին փակ է, իսկ Փաշինյանն էլ ընդմիջում է անում Մեղրիի սրճարաններից մեկում:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզի Ագարակ քաղաք, որտեղ քաղաքացիները նրան դիմավորել են հայհոյանքներով և վիրավորանքներով։ Սյունեցիները պահանջում էին, որ նա հեռանա մարզից։ Որոշ ժամանակ անց՝ Փաշինյանը, մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, հեռացավ Ագարակից։