Հոկտեմբերի 19-ին զանգել եմ ՌԴ նախագահին և ասել, որ մենք ուզում ենք հրադադար. Փաշինյան
Վերլուծելով իրադրությունը, խորհրդակցելով Արցախի նախագահի, ԶՈՒ ԳՇ-ի հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2020 թվականի հոկտեմբերի 19-ից առաջ եւ հետո տեղի ունեցած զարգացումներին:
«Այդ կապակցությամբ հրավիրել եմ ԱԽ նիստ, որին մասնակցել են նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Նիստին մասնակցել են նաև ընդդիմադիրները, որոնց ասել եմ, որ հրավիրել եմ, ոչ թե իրենց հետ պատասխանատվություն կիսելու, այլ նրանց տեղեկացնելու համար, որովհետեւ այդ պահին ես չէի կարող հրապարակային հայտարարություն անել տեղի ունեցողի վերաբերյալ, որովհետև եթե հանկարծ հակառակ կողմը չընդուներ մեր առաջարկը, այդ հայտարարությունները ընդհանուր իրադրության վրա դրական չէին ազդելու: ԱԽ նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահն ու Կաթողիկոսը:
Նույնը օրը հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ու էլ տեղեկացրել եմ իրավիճակի մասին:
Դրանից հետո համաձայն պայմանավորվածության ես զանգել եմ ՌԴ նախագահին ու ասել եմ, որ մենք ուզում ենք հրադադար Ադրբեջանի տարածքների 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով: Մի պայման, որը նախկինում էլ միջնորդների կողմից ՀՀ-ին առաջադրված է եղել ամենատարբեր ֆորմատներով: Մենք մանրամասն քննարկում ենք ունեցել Պուտինի հետ, եւ ընդհանուր ըմբռնում ենք ձեռք բերել եւ արձանագրել ենք, որ ՌԴ նախագահի հետ նույն կերպ ենք ձեւակերպում կամ ունենք ընդհանուր ձեւակերպում իրադրության հաղթահարման»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը պատերազմից առաջ էլ, ընթացքում էլ չի ընդունել ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը. «Սա եղել է, ուշադրություն դարձրեք, 2016 թվականի Ապրիլյան 4-օրյա պատերազմի ու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում իր կատարած հայտարարությունը, որտեղ ներկայացրել է, որ Հայաստանի առաջ պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին առանց որեւէ նախապայմանի, առանց որեւէ կարգավիճակային ճշգրտման:
Մենք ԼՂ հարցի կարգավորումը ժառանգել ենք փակուղային, նախապատերազմական եւ հետպատերազմական վիճակում»: