Լենին-Աթաթյուրք պայմանագիր, ջերմ կոմպլիմենտներ 100 տարի անց. Միշտ կորցնում են հայերը

Պաշտոնական Մոսկվան պարբերաբար ընդգծում է, որ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է վստահելի գործընկեր, խոսքի տեր մարդ։ Ավելին՝ Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ ինչպես անցած հարյուր տարիների ընթացքում, այնպես էլ ապագայում հետևելու է 1921թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագրի ոգուն և սկզբունքներին։

«Անցած հարյուր տարիների ընթացքում իր քաղաքական և պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն և սկզբունքներին հետևելը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների հետագա զարգացման գրավականն է», -նախօրեին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան:

Վերհիշենք պատմության էջերը: Մոսկվայում կնքված նշյալ պայմանագրով բոլշևիկները Թուրքիային են հանձնել այն տարածքի մի մասը, որն ավելի վաղ մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ՝ Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռով, Կարսի մարզը և նախկին Բաթումիի մարզի հարավային մասը՝ Արդահանի և Արտվինի շրջանները։ Ռուս-թուրքական այս բարեկամությունը սկսվեց այն բանից հետո, երբ Քեմալ Աթաթյուրքը, որի իշխանությունը Թուրքիայում և Թուրքիայից դուրս քչերն էին ճանաչում, նամակ էր գրել Վլադիմիր Լենինին և հավաստիացրել վերջինս, որ թուրք ժողովուրդն իր ղեկավարությամբ պայքարելու է իմպերիալիզմի դեմ: Պայմանագիրը կնքելուց մի քանի տարի անց Աթաթյուրքը արգելել էր Կոմունիստական կուսակցության գործունեությունը Թուրքիայում:

Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիրը» բանակցվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի (26 փետրվարի - 16 մարտի, 1921 թվական) ժամանակ։ Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունն Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան, իր հերթին, հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր:

Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսն անցկացվել է 1921թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը, Քեմալական Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Կոնֆերանսում ՌԽՖՍՀ-ն ներկայացրել են Գեորգի Չիչերինը և Ջելալ Կորկմասովը, իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռիզա Նուր Բեյը և Ալի Ֆուատ փաշան։ Ազգությունների այն ժամանակվա կոմիսար Ստալինի ջանքերի շնորհիվ[4] Չիչերինը վերջնականապես հրաժարվում է մինչ այդ ունեցած հայանպաստ իր դիրքորոշումից։ Հայաստանի սահմանների հարցի կապակցությամբ Չիչերինը հայտարարում է, որ իրենք չեն պնդի սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելուն։ Դա նշանակում էր, որ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չի բավարարվում այդքանով և պահանջում է, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։

Այսօր Ռուսաստանն ու Թուրքիան բարեկամական երկրներ են համարվում, Էրդողանը գովեստի խոսքեր է շռայլում Պուտինի հասցեին, նրան իր «բարեկամ», «ընկեր» և նույնիսկ «ռազմավարական գործընկեր» անվանելով: Ու այս ամենը՝ տարբեր տարաձայնությունների ու անուղղակի ռազմական հակամարտության երրորդ երկրների տարածքում, ինչպիսիք՝ Սիրիայում և Լիբիայում։

«Մեր համագործակցությունն ունի խորապես գիտակցված բնույթ, հենվում է բարիդրացիության սկզբունքի, փոխադարձ հարգանքի և շահերի հաշվառման, համատեղ արդյունավետ աշխատանքի նպատակադրման վրա՝ հանուն Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման, հանուն խաղաղության, անվտանգության և կայունության տարածաշրջանում և ընդհանրապես Եվրոպայում», - ասվում է Մ.Զախարովայի երեկվա հայտարարությունում:

Փաստաթղթի ստորագրումից մեկ դար անց Մոսկվայի պայմանագիրը չի կորցնում իր նշանակությունը, հայտարարեց Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը: Խորհրդարանի նախագահը խոսել է «Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի կնքման հարյուրամյակին» թեմայով քննարկումների բացմանը, որը կազմակերպվել է Թուրքիայի խորհրդարանի շենքում: «Այս փաստաթուղթը դարձել է Ռուսաստանի կողմից Թուրքիայի խորհրդարանի կառավարության և մեր երկրի արևելյան սահմանների որոշման ճանաչման վկայությունը: Պայմանագիրը ստորագրվել է դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մեկ տարի անց: Այսպիսով, երկու երկրները ցույց են տվել համերաշխության և փոխադարձ աջակցության իրենց ցանկությունը»,-ասել է Շենթոփը:

Մարտի 15-ին մոսկովյան պայմանագրին նվիրված մեծ ելույթ էր ունեցել Թուրքիայի խորհրդարանում այդ երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը: «Հայտնի է Խորհրդային Ռուսաստանի ներդրումը Թուրքիայի ժողովրդի անկախության համար մղվող պայքարում։ Անտանտի և նրա դաշնակիցների դեմ այս պատերազմում թուրքական զորքերի կողմից օգտագործված բոլոր փամփուշտների կեսից ավելին, յուրաքանչյուր չորրորդ հրացանը, յուրաքանչյուր չորրորդ զենքն ու յուրաքանչյուր երրորդ հրանոթը մատակարարվել են Խորհրդային Ռուսաստանից», - իր ելույթում ասել էր ռուսաստանցի դիվանագետը, հավելելով, թե երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, որոնց հիմքը դրվել է 100 տարի առաջ, հատկապես կարևոր են մեր օրերում, երբ դրանցից մեծապես կախված է տարածաշրջանի անվտանգությունը:

«Այսօր մենք նշում ենք Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-ամյակը։ Կուզեի ուշադրություն հրավիրել այդ պատմական փաստաթղթի անվանման վրա՝ «Բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիր», դա դիվանագիտական պրակտիկայում շատ հազվադեպ հանդիպող ձևակերպում է։ Այն լիովին արտացոլում է այդ բարդ ժամանակների ռոմանտիկ ոգին», ասել է դեսպանը։ «Ընդ որում, պայմանագիրը մի շարք գաղափարներ է պարունակում, որոնք ակտուալ են հնչում և նշանակալի հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների զարգացման համար մեր օրերում։ Օրինակ, պայմանագիրը պնդում է, որ երկու ժողովուրդներից մեկի համար ցանկացած դժվարությունը վատացնում է մյուսի վիճակը», ասել է նա։

Երխովը ելույթում հիշել է Ռուսաստանի ռազմական օգնությունը Թուրքիային. «Լավ հայտնի է Խորհրդային Ռուսաստանի ներդրումը Թուրքիայի ժողովրդի անկախության պայքարում։ Անտանտի ու նրա դաշնակիցների դեմ այդ պատերազմում թուրքական զորքի օգտագործած փամփուշտների ավելի քան կեսը, յուրաքանչյուր չորրորդ հրացան և յուրաքանչյուր երրորդ արկ մատակարարել է Խորհրդային Ռուսաստանը։ Գերմանիայից Անկարայի գնած 22 ինքնաթիռները Թուրքիա են հասել Ռուսաստանի տարածքով առանց որևէ մաքսային ու հարկային վճարումների։ Նովոռոսիյսկի նավահանգստից «Շահին» նավով մեծ գաղտնիության պայմաններում ինքնաթիռներն արագ հասցվեցին թուրքական ափ։ Ինքնաթիռների մատակարարումը հասցրեց թուրքական բանակի հարձակման մեկնարկին, դրանք հաջողությամբ կիրառվեցին անատոլիական ճակատում։

Ժամանակակից ուսումնասիրությունների համաձայն՝ Ռուսաստանը Թուրքիայի ազգային ազատագրական շարժմանը մատակարարել է մոտ 80 միլիոն թուրքական լիրա ոսկով», ասել է Երխովը։

«Մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները, որոնց հիմքը դրվել է 100 տարի առաջ, առանձնահատուկ կարևոր են մեր օրերում, երբ դրանից շատ առումներով կախված է տարածաշրջանի անվտանգությունը, մեր երկրների ժողովուրդների զարգացումն ու բարգավաճումը։ Հատկապես կուզեի ընդգծել, որ Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական համագործակցությունը տեղի է ունենում այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, այդ թվում՝ ատոմային, ենթակառուցվածքային օբյեկտների շինարարությունը, զբոսաշրջությունը։ Անցած շաբաթ ներկա լինելով Աքքույու ատոմակայանի երրորդ էներգաբլոկի աշխատանքների մեկնարկի արարողությանը՝ մտածում էի Մոսկվայի պայմանագրի մասին. չէ՞ որ հենց այն ժամանակ մեր ժողովուրդներն ամուր հիմք դրեցին բարեկամական հարաբերություններին ու համագործակցությանը, որոնք այսօր այսքան երջանիկ զարգանում են», ամփոփել էր Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։ 

Հարավային Կովկասում կրկին Ռուսաստանն ու Թուրքիան հիմնական դերակատարներ են: Ու թեև, շատերը Ռուսաստանում Թուրքիայի այսօրվա հավակնությունները համարում են լուրջ մարտահրավեր հենց Մոսկվայի ազդեցության դեմ, միևնույն է ռուս-թուրքական հարաբերությունները բարեկամական են:

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ բարեկամությունը կոնկրետ Հայաստանի ու Արցախի վրա թանկ է նստում...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3218 անգամ
Լրահոս
Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am