Ալեն Սիմոնյանը դեմ է՞ Մակունցի նշանակմանը
ՀՀ իշխանությունը որոշել է ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար քաղաքական նշանակում անել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դեսպանի պաշտոնում Լիլիթ Մակունցի թեկնածության վերաբերյալ քննարկումներին:
Դիտարկմանը, որ Մակունցը դիվանագիտական աշխատանքի փորձ չունի՝ Սիմոնյանն ասաց. «Նշանակումները լինում են քաղաքական և դիվանագիտական: Այս փուլում իշխանությունը ճիշտ է գտնում, որ կարող է քննարկել Լիլիթ Մակունցի թեկնածությունը: Ես վստահ եմ, որ ում թեկնածությունն էլ առաջադրեինք, միևնույն է, ինչ-որ բան ասվելու էր, ինչ որ պատճառ բերվելու էր»:
Հարցին, թե իր կարծիքով ինչպիսի դեսպան կլինի Մակունցը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ինձ ավելի շատ դուր է գալիս տիկին Մակունցը որպես խմբակցության ղեկավար ԱԺ-ում: Խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում ես տեսել եմ իր աշխատանքը, իր կապերը, այն արձագանքները, որոնք ԱՄՆ մեր գործընկերներից գալիս էին հենց նույն պատերազմի ժամանակ տիկին Մակունից միջոցով: Ես տեսել եմ, որ այդտեղ կա հնարավորություն ունենալ մի մարդ, որը կարողանում է նույն լեզվով՝ դիվանագիտական, քաղաքական, խոսել մեր գործընկերների հետ»: