«Զանգեզուրը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում». Իրանում անհանգստացած են

Ղարաբաղում ծավալված 44-օրյա աշնանային պատերազմը լուրջ ազդեցություն թողեց Իրանի վրա թե՛ դրական և թե՛ բացասական առումներով, պնդում է Վաշինգտոնում գործող «Ջեյմսթաուն» հիմնադրամը՝ հիշեցնելով, որ Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի խոշորագույն պետություններից միակն է, որ տասնամյակներ շարունակ անմիջականորեն հարում էր սառեցված հակամարտության գոտուն։

«Ի տարբերություն Թուրքիայի և Ռուսաստանի` Իրանը սահմանակից էր այն տարածքներին... Ադրբեջանի հետ Իրանի հյուսիսարևմտյան սահմանի ընդհանուր երկարությունը 750 կիլոմետր է, որից 138-ը բաժին էին ընկնում 1991-94թթ. ծավալված առաջին ղարաբաղյան պատերազմի հետևանքով հայկական ուժերի վերահսկողության տակ հայտնված Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Զանգելանի շրջաններին», - ըստ «Ազատության», նշել է «Ջեյմսթաուն» հիմնադրամի վերլուծաբան, իրանցի Վալի Քալեջին։

Փորձագետը, սակայն, հատուկ ընդգծում է, որ 1994-ից հետո անցած երկուսուկես տասնամյակների ընթացքում սահմանի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ հայտնված հատվածը Թեհրանի համար լուրջ գլխացավանք չէր։ «Այդ ժամանակահատվածում հիմնական սպառնալիքները Իրաքի և Աֆղանստանի հետ պետական սահմանների հետ էին կապված», - նշում է փորձագետը՝ ընդգծելով, որ Արաքսի երկայնքով անցնող սահմանին իրավիճակը փոխվեց սեպտեմբերի 27-ին, երբ ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսվեցին ռազմական գործողությունները։ Հիշեցնելով, որ մարտական գործողությունների ընթացքում մի շարք հրթիռներ և ականներ հարվածեցին Իրանի տարածքին, «Ջեյմսթաունի» փորձագետը նշում է. «Այդ ամենի հետևանքով Իրանը հայտնվեց անորոշության մեջ՝ փորձելով չեզոք դիրք գրավել մի կոնֆլիկտում, որն ուղղակիորեն ազդում էր իր անվտանգության վրա»: Վերլուծաբանը հատուկ ուշադրություն է դարձնում ռազմական ուժերի այն կուտակման վրա, որին դիմել էր պաշտոնական Թեհրանը հայ-ադրբեջանական պատերազմի օրերին։

«Առաջին անգամ 1994-ից ի վեր Իրանի կանոնավոր բանակի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ստորաբաժանումները տեղակայվեցին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների երկայնքով պարեկություն իրականացնելու համար։ Այս քայլը վկայում էր տարածաշրջանում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն թույլ չտալու և միջազգայնորեն ճանաչված սահմանների վերաձևումը կանխելու` Թեհրանի ցանկության մասին», - գրում է Քալեջին։
Դատելով իրանցի փորձագետի խոսքից` Թեհրանում առկա հիմնական մտավախությունները վերաբերում էին 48 կիլոմետրանոց հայ-իրանական սահմանի ճակատագրին։ Այդ մտավախությունները մի պահ ավելի խորացան, մասնավորապես նոյեմբերի 10-ի հրադադարի կնքումից հետո, որի պայմաններից մեկը Սյունիքով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող տրանսպորտային միջանցքի ստեղծումն էր։

Հրադադարի հաստատումից հետո իրանական սոցիալական ցանցերում շահարկումներ ի հայտ եկան, որոնց համաձայն այդ միջանցքը կարող է վտանգել Իրանի ֆիզիկական կապը Հայաստանի հետ։ Որոշ իրանցի փորձագետներ էլ ավելի խորացրեցին այդ մտավախությունները` պնդելով, որ Զանգեզուրը դե յուրե կամ դե ֆակտո կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Այս թեժ բանավեճն ի վերջո ստիպեց իրանցի պաշտոնյաներին հանդես գալ պարզաբանումներով՝ նշելով. «Իսլամական Հանրապետության աշխարհագրական սահմանները չեն փոխվել և չեն փոխվելու նաև ապագայում», - կարդում ենք «Ջեյմսթաուն» հիմնադրամի կայքում։

Իրանի համար 44-օրյա պատերազմի բացասական հետևանքներից մեկը, ըստ վերլուծաբանի, կարող է լինել այն, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված շրջանները Թեհրանի դեմ ուղղված թշնամական գործողությունների պլացդարմ դառնան։ «Իրանին մասնավորաբար մտահոգում է իր սահմանների մոտ իսրայելական հետախուզության և անվտանգության ծառայությունների ի հայտ գալու հնարավորությունը։ Երբ Ադրբեջանի հարավարևմտյան շրջանները հայկական վերահսկողության ներքո էին, Թեհրանը իր խոցելի սահմանների հարևանությամբ իսրայելական հետախուզական գործողությունների մասին կարող էր չմտահոգվել», - գրում է «Ջեյմսթաուն» հիմնադրամի փորձագետ Քալեջին։

Հոդվածագրի խոսքով, սակայն, պատերազմի ընթացքում անօդաչու թռչող սարքերի կիրառումը և մասնավորաբար իսրայելական արտադրության հարվածային դրոններից մեկի հետևանքով Իրանի տարածքում տեղի ունեցած աղետը լրջորեն մտահոգեցին թեհրանցի պաշտոնյաներին։

«Իրանցի պաշտոնատար անձինք աճող մտավախություններ ունեն, որ իսրայելական արտադրության այդ անօդաչու թռչող սարքերը կարող են հնարավորություն տալ Իսրայելին լրտեսական գործունեություն իրականացնել Իրանի տարածքում գտնվող թիրախների նկատմամբ», - գրում է վերլուծաբանը՝ նշելով նաև, որ իրանական իշխանությունների մյուս մտավախությունը վերաբերում էր այս շրջաններում սիրիացի վարձկանների ի հայտ գալուն։

«Ջեյմսթաուն» հիմնադրամի վերլուծաբանի կարծիքով, սակայն, սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10 շարունակված պատերազմը Իրանի համար նաև երեք հիմնական դրական արդյունք ապահովեց։ Առաջինն, ըստ Վալի Քալեջիի, այն է, որ Իրանն այժմ սահմանակից է ոչ թե միայն դե ֆակտո պետություն հանդիսացող Արցախի Հանրապետությանը, այլ դե յուրե պետության՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանին։

Վերլուծաբանի կարծիքով` հայ-ադրբեջանական վերջին պատերազմի Թեհրանի համար մեկ այլ դրական արդյունքը այն էր, որ բուն հակամարտության գոտին տեղաշարժվել է հյուսիս։ «Եթե ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը Ղարաբաղում վերսկսվի, այն կընթանա իրանական գյուղերից ու ավաններից հեռու», - նկատում է «Ջեյմսթաունի» փորձագետը։

Եվ երրորդ կարևորագույն արդյունքը, ըստ Քալեջիի, այն է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Իրանն ու Ադրբեջանը կարող են միասնաբար օգտագործել Ջաբրայիլի շրջանում` Արաքսի վրա գտնվող Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը։ «Ջրամբարը կառուցվել է 2008-ին Թեհրանի ֆինանսական աջակցությամբ։ Այս տարածքների հանդեպ 1993-ից հաստատված հայկական վերահսկողության փաստը, սակայն, հետ էր պահում Իրանին այս կառույցի շահագործման մտքից»,- գրում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ այժմ իրավիճակը փոխվել է։ «Իրանա-ադրբեջանական միացյալ տեխնիկական հանձնաժողովի անդամները դեկտեմբերի 14-ին հանդիպել են Նախիջևանում՝ քննարկելով էլեկտրակայանի համատեղ շահագործմանը վերաբերող հարցերը», - նշված է «Ջեյմսթաուն» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում։

Ի մի բերելով 44-օրյա պատերազմի գլոբալ հետևանքները Իրանի համար` «Ջեյմսթաունի» փորձագետը համոզմունք է հայտնում. «Հարավային Կովկասի հետ իր 1100 կիլոմետրանոց սահմանի անվտանգությունն ապահովելու համար Թեհրանը այսուհետ ավելի ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն պետք է վարի»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 19652 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am