«Մանվել Գրիգորյանը Շուշիից զանգեց ինձ. զապիսը ԱԱԾ-ն կարող է վերծանել». Աշոտ Մինասյան (video)
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն այսօր Հայելի ակումբում ասաց, որ հայտարարություն պիտի անի, որից հետո իրեն կարող են ԱԱԾ-ից հրավիրել՝ ցուցմունք տալու:
«Մեր երկրի, այսպես կոչված, գերագույն գլխավոր հրամանատարը, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, գուցե հարբած, ինչպես լինում է հաճախ, հրաման է արձակում, որ եթե կարողանաք գրավել Լելե թեփեն, ես ձեզ կպարգևատրեմ հերոսի կոչումներով, և չկայացած գեներալիտետը ընդունում է այդ փաստը որպես հրաման: Անցնում են հարձակման, գնում-հասնում են մինչև ստանցիա Քյանթ-Հորադիզ արանքի խաչմերուկ: Երբ իրեն զեկուցում են, որ հասել են այնտեղ, մեկին գեներալի կոչում է շնորհում, երկուսին՝ հերոսի: Փաշինյանը նման հրաման տալու իր նպատակն է ունեցել: Նպատակն այն էր, որ ժողովրդին ներկայացնի, թե դուք տվել եք Լելե թեփեն, մենք ազատագրել ենք»,- հավելեց Մինասյանը:
Նա նշեց, որ այդ ընթացքում ինքը և Մանվել Գրիգորյանը հեռախոսազրույց են ունեցել և միասին քննարկել են իրավիճակը: Մինասյանի խոսքով այդ ժամանակ Գրիգորյանը գտնվում էր Շուշիում: Նա նաև նշեց, որ այդ հեռախոսազրույցը կարող է ԱԱԾ-ն վերծանել:
«Ես Ֆիզուլիից ներքև գտնվող գյուղի մատույցներում էի, ասում եմ՝ պարոն գեներալ, մերոնք հասել են մինչև ստանցիա Քյանթ-Հորադիզ արանքում գտնվող խաչմերուկի մոտ, ասում եմ, որ այդ խաչմերուկը վտանգված ա, որովհետև տանկեր են հասել այդտեղ…Ես չներկայացնեմ, թե քանի տանկ ենք տվել թշնամուն, քանի զոհ ենք տվել…»,- նշեց նա: