Ինչ սկզբունքով է ձևավորվելու աշխարհազորը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացրած «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Նախագծով պաշպանական գերատեսչությունն ունենալու է հնարավորություն աշխարհազորի գաղափարի շուրջ համախմբել կամավորական ավելի կառավարելի աստիճան ունեցող ռեսուրսը: Նախագիծն անցավ միաձայն՝ 67 ձայնով:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով սահմանվում են ռազմական դրության հետ կապված մի շարք հոդվածներում հստակեցումներ և խստացումներ: Նախագիծն անցավ միաձայն՝ 69 կողմ ձայնով:
Ազգային ժողովը միաձայն՝ 69 ձայնով ընդունեց նաև կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները:
իսկ ինչ սկզբունքով է ձևավորվելու աշխարհազորը: Այն կձեւավորվի տարածքային սկզբունքով: Այդպիսով, ռազմական գործողությունների կամ դրանց սպառնալիքի դեպքում աշխարհազորի ջոկատները կաջակցեն կանոնավոր բանակին ռազմական գործողությունների իրականացման, սահմանի պաշտպանության, թշնամու ահաբեկչական, հետախուզական կամ դիվերսիոն խմբերի դեմ պայքարում: Աշխարհազորայինները կմասնակցեն նաեւ կարեւորագույն ճանապարհների զինված պահպանմանը, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանությանը:
Աշխարհազորին միանալը կլինի բացառապես կամավոր, ավելին՝ աշխարհազորայինները չպետք է լինեն զինվորական, ոստիկաններ, փրկարարներ եւ ուժային գերատեսչությունների այլ աշխատակիցներ, քանի որ պատերազմի ընթացքում վերջիններս վրա որոշակի պարտականություններ են դրվելու: Այսինքն, սրանք ոչ ուժային մասնագիտությունների տեր մարդիկ են, ովքեր պատերազմի դեպքում կօգնեն հիմնական բանակին: Աշխարհազորին զենք կկցվի, նրան համազգեստ կտրամադրվի:
Միաժամանակ, աշխարհազորայինների պատրաստումը կանցկացվի զորահավաքներում, որոնց ժամանակ նրանք կապահովվեն սննդով: Աշխարհազորի բրիգադներն ու գումարտակները կստեղծվեն ըստ տարածքների, մոտավորապես, ինչպես ղարաբաղյան առաջին պատերազմում: Աշխարհազորի պատրաստման ու օգտագործման պլանները կհաստատվեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններով: Նա նաեւ կիրականացնի աշխարհազորի ընդհանուր ղեկավարությունը հատուկ շտաբի միջոցով: Տվյալ քաղաքում կամ գյուղում աշխարհազորը ուղղակիորեն կղեկավարվի վարչակազմի ղեկավարի տեղակալի կողմից: