Արցախի անկման լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները. Փաշինյան
«Մեկ ամիս է՝ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ: Բանակի և քաղաքացիական բնակչության վրա հազարավոր արկեր են թափվել, բաց են թողնվել հազարավոր ԱԹՍ-ներ, հարձակվել են տանկերով, ուղղաթիռներով, ահաբեկիչներով, վարձկաններով:
Մեկ ամիս առաջ Արցախը արագ նվաճելու, ծնկի բերելու խնդիր էին դրել, բայց այսօր Արցախը թեկուզ վիրավոր, բայց կանգուն է և այս ամենը մեր հերոսական բանակի, հերոսական ժողովրդի շնորհիվ: Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս՝ Արցախը կանգուն է մնալու, որովհետև մեր ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան: Պատերազմը մտել է մի փուլ և դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլուզիաները», - ժողովրդին ուղղված ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնքան է հաղթական լուրերով սնել հանրությանը, որ ամեն վայրկյան Արցախի անկման, իրենց անշրջելի և վերջնական հաղթանակի մասին լուրին են սպասում:
«Ադրբեջանի հանրությունը սակայն այդ լուրը չի ստանալու, Ադրբեջանի հանրությունը: Այդ լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները», - ընդգծեց ՀՀ վարչապետը: