Ադրբեջանը «Պոլոնեզ»-ներով թիրախավորել է բացառապես քաղաքացիական օբյեկտներ.Արտակ Բեգլարյան
Վերջին օրերին Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել է կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր, հիմնականում կանոնավոր եւ խիտ կերպով թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքները եւ հարակից բնակավայրերը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նա նշեց, որ 1․500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր, հանրային ու արտադրական օբյեկտներ են վնասվել կամ ոչնչացվել: Բեգլարյանի խոսքով՝ 1․100-ից ավելի շարժական գույք է վնասվել, մասնավորապես՝ մեքենա։
«Նաեւ որոշակի պարբերականությամբ Ստեփանակերտն է հրիռակոծության ենթարկվում: Տեղյակ եք երեկ երեկոյի դեպքերից: Ըստ մեր վերլուծության, նրանք կիրառել են «Պոլոնեզ» տիպի հրթիռներ եւ թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ բնակելի հատվածներ, ենթակառուցվածքային միավորներ եւ արտադրական նշանակության օբյեկտներ: Վնասվել են բնակելի տներ, խոշոր տրամաչափի գազատար խողովակ, արտադրական նշանակության որոշ օբյեկտներ»,-ընդգծեց Բեգլարյանը: