Կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո Արցախում 8 քաղաքացիական անձ է սպանվել
Արցախում 8 քաղաքացիական անձ է սպանվել հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցության արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո: Այս մասին հոկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Սեպտեմբերի 27-ից մինչ օրս առկա է առնվազն 36 քաղաքացիական զոհ և 115 վիրավոր: 36 զոհերից 20-ը սպանվել է իր բնակության վայրում, ինչը նշանակում է, որ անակնկալ, թիրախային ու դիտավորյալ հարձակման հետևանք է եղել: Հոկտեմբերի 10-ին ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, որի հետևանքով 8 քաղաքացիական անձ սպանվել է, երեկ և այսօր 6 քաղաքացիական անձ է վիրավորել, երեքը` Շոշ գյուղում, երեքը` Ստեփանակերտում: Երկու դեպքում էլ ակնհայտ թիրախավորվել են բացառապես բնակելի հատվածները»,- ասաց Բեգլարյանը:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ զոհված 36 անձանցից 8-ը կին է, 28-ը` տղամարդ, որոնցից մոտ կեսը 50-ից բարձր տարիքի է:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այս հրետակոծությունների, հրթիռակոծությունների ու ռմբակոծությունների արդյունքում մի խումբ արցախցիները ստիպված են եղել լքել իրենց տները և տեղափոխվել Արցախի այլ բնակավայրեր կամ Հայաստան: