Էրդողանի հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ միայն յուղ են լցնում կրակի վրա. ՌԴ Պետդումայի պատգամավոր
«Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ ժամանակն է վերջ տալու Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացիային, արդեն իսկ ծանր իրավիճակում յուղ է լցնում կրակի վրա: Նման հայտարարությունները վտանգավոր են: Էրդողանը փորձում է ամրապնդել իր «ուժի» իմիջը, բայց չի կարող չհասկանալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը ձեռնտու չէ ոչ մեկին, այդ թվում՝ Թուրքիային: Էրդողանին հերիք չէ՞ Սիրիայից փախստականների հոսքը, որի առաջացման համար հիմնականում ինքն է մեղավոր», - РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան:
Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ եկել է ժամանակը «վերջ տալու Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի բռնազավթմանը»:
Պանինան ընդգծել է, որ արյունահեղությունը դադարեցնելու փոխարեն, նման հայտարարությունները «միայն յուղ են լցնում կրակին՝ կողմերին դրդելով անհապաղ գործողությունների»: