«Կեղծ լուրերը» և «մտացածին պատումները» հերքելով` հաստատելու մշակույթը

Ինչպես և պետք էր սպասել, Նիկոլ Ահեղն, իր պաշտոնական և ոչ պաշտոնական խոսափողերը շտապեցին «հայ-ադրբեջանական գաղտնի բանակցությունների» մասին ադրբեջանական կայքի բացահայտումների շուրջ աղմկահարույց քննարկումները` «դիսկուրսը», տեղափոխել իրենց համար շահեկան դաշտ. հավատա՞լ, թե՞ չհավատալ ադրբեջանական ագիտպրոպին, Ալիևյան քարոզչամեքենան ճի՞շտ է, թե՞ սարքում է Փաշինյանի գլխին։

Այդ «սենսացիոն» հրապարակումը Փաշինյանի ձևով իրարամերժ, բովանդակային առումով` «փոխլրացնող» հրապարակային դրսևորումներին հետևող որևէ մեկի համար անակնկալ չէր։ Դա այն է, ինչի մասին 2 տարի անընդմեջ ահազանգում էին ընդդիմադիր ուժերը և անկախ քաղաքագիտական, վերլուծական շրջանակները` զգուշացնելով փակ դռների հետևում և Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Արցախի և Հայաստանի դեմ նյութվող դավադրության մասին։

Միակ նորությունը թերևս այն է, որ բացի օտար աչքից հեռու «թեթ ա թեթ» բարձր մակարդակի հանդիպումներից և Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` կոնֆիդենցիալության քողի տակ ընթացող հարաբերական «բաց»`պայմանականորեն ասած, տեսանելի բանակցություններից, որոնց հանրությունը տեղյակ էր այնքանով, որքանով թույլ էր տալիս պաշտոնական սուղ տեղեկատվությունը, եղել են նաև «գաղտնի բանակցություններ», որ հայկական կողմից «ռուլիտ» էր անում սորոսական «էմիսարներից» մեկը։

«Բանակցությունների առարկան» էլ, որ փորձում էր առաջ տանել` իր յուրաքանչյուր քայլ ճշգրտելով և համաձայնեցնելով Նիկոլի հետ, 1998-ին մերժված փուլային կապիտույլացիայի ակունքներին վերադառնալն էր (սա բացատրում է ԼՏՊ-ի ընդգծված լոյալ վերաբերմունքը Նիկոլի նկատմամբ)։

Հատկանշական է, որ իբր թե հերքելով ադրբեջանական մամուլի «բացահայտումները»՝ Խառատյանը փաստացի ոչ միայն չի հերքում, այլև հաստատում է այդ «մտացածին պատումները», թե բա` «ՀՀ վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում ես որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ որևէ հարց չեմ քննարկել»։ Մինչդեռ ադրբեջանական կայքը նման պնդում չէր էլ արել` հստակ ֆիքսել էր, որ Խառատյանն այդ «գաղտնի բանակցությունները» ցրցամ է տվել այն բանից հետո, երբ ազատվել է արտաքին հարցերով վարչապետի խորհրդականի պաշտոնից և խարիսխ ձգել Թբիլիսիում. դիմել է Ադրբեջանի «կառավարության աղբյուրներին» և ասել, որ լիազորված է` հանդես գալու որպես Փաշինյանի բանագնաց։

Շատ հնարավոր է, որ դա մարտավարական քայլ էր Փաշինյանի կողմից`իրեն ապահովագրելու գործիք. տեղեկատվության «չնախատեսված» արտահոսքի դեպքում միշտ կարելի էր ասել, որ Խառատյանը պաշտոնապես Փաշինյանի ներկայացուցիչը չէ` ինքնագործունեությամբ է զբաղվում`կամուրջներ գցելով պաշտոնական Բաքվի հետ, առաջարկելով դուրս մղել Ռուսաստանը տարածաշրջանից, զրոյացնել ռուսների ազդեցությունը բանակցային գործընթացի վրա և «ուղիղ բանակցությունների» միջոցով լուծել հարցը... հօգուտ Ադրբեջանի։

Իսկ այն, որ Փաշինյանն ունեցել է նման նկրտումներ` թե՛ խմբագրապետական բուռն գործունեության տարիներին, թե՛ դրանից հետո անընդհատ առաջ էր տանում ռուսական գործոնը չեզոքացնելու «ռազմավարությունը»` քարոզելով Ռուսաստանի դեմ, ասելով, որ ռուսական կողմն է խոչընդոտում հարցի կարգավորմանը, որովհետև դա է իրենց ունեցած միակ լծակը` պահպանելու տարածաշրջանի վերահսկիչ փաթեթը, և հակամարտությունը «կարգավորելու» միակ ձևը «ռուսական դիկտատից» ազատվելը և խնդիրը երկկողմ հարաբերությունների դաշտ տեղափոխելն է, երկու կարծիք լինել չի կարող։

Հեռու չգնանք` ապրիլյան պատերազմի «հեղինակային իրավունքն» էլ փորձեց «նաղդել» Ռուսաստանի վրա` ի լուր աշխարհի, հայտարարեց, որ ռուսական կողմն է սադրել ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական արկածախնդրությունը։ Վարչապետի աթոռին նստելուց հետո էլ քանիցս ակնարկել է, որ առանց Ռուսաստանի՝ Ադրբեջանը չէր կարող նման «ղալաթ» անել. ռուսական կողմն ունի բոլոր հնարավորությունները` թույլ չտալու, որ մեր տարածաշրջանում նոր պատերազմ սկսվի։

Բայց վերադառնանք մեր ոչխարներին։

Խառատյանը նաև «ատամ է ցույց տալիս» Ալիևի ռեժիմին` սպառնալով գունավոր հեղափոխությամբ. «Հուլիսյան հաղթական օպերացիայից և դրան հաջորդած ԱլՋազիրայի հայտնի հարցազրույցի ընթացքում ծեծ ուտելուց» ուշքի չեկած որոշ պաշտոնյաների բարեկամաբար խորհուրդ է տալիս «սառը ցնցուղ ընդունել, վալերյանկայի զապաս հավաքել ու սրտի վախով սպասել այն օրվան, երբ ժողովրդավարական փոփոխությունները կծեծեն իրենց դռները: Ի դեպ, այդ օրը շատ հեռու չէ»։

Ի՞նչ հակընդդեմ կոմպրոմատ ունի հակառակորդի դեմ, վերջինս տեղի կտա՞ շանտաժին, թե՞ չէ` ժամանակը ցույց կտա։ Տա՛ Աստված, որ այս դեպքում Հրանուշի որդի Արսենը չսխալվի իր «կանխատեսումներում». Հայաստանում իրականացված «ժողովրդավարական փոփոխություններն» ինչքան շուտ ծեծեն Ադրբեջանի դուռը և ջլատեն այդ երկիրը, այնքան մեր օգուտն է` գոնե կհավասարվենք նրանց ու մասամբ կվերականգնենք հիմնավորապես խախտված բանակցային ստատուս-քվոն։ Չնայած` դա կարող է հակառակ էֆֆեկտ ունենալ. ոչ մի երաշխիք չկա, թե այդ ամենը մեր դեմ շուռ չի գա` ներքաղաքական խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար Ալիևը ռազմական նոր արկածախնդրություն չի գնա Արցախի ու Հայաստանի դեմ։

Բա ասում էիք` Ալիևը «կառուցողական» է տրամադրված

Այս անգամ Փաշինյանը չդիմացավ առերեսմանը`խախտեց «իրեն շլանգի տեղ դնելու ավանդույթը» և անձամբ արձագանքեց «կառուցողական» Ալիևի քարոզչական հարձակմանը. փորձեց պարզաջրել ՄԱԿ-ի ամբիոնից հեռակա կարգով բարձրաձայնած անողնաշար ելույթը` Արցախի իշխող կուսակցության պատվիրակների հետ հանդիպման ժամանակ թունդ ռազմահայրենասիրական մի ճառ արտասանեց, գլուխ գովեց, թե իր նման կառուցողական ղեկավար հայոց աշխարհը երբեք չի ունեցել, ու հակադարձեց Ալիևին` պնդելով, որ ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է խոչընդոտում խնդրի կարգավորմանը։

Ինքը մեռավ` ասելով, առիթից օգտվելով` էլի 4-5 անգամ կրկնեց իր ֆիրմային թեզը, որ ցանկացած լուծում պետք է նաև Ադրբեջանի սրտով լինի` այդպես էլ չասելով, ո՞րն է այդ լուծումը։ Ավա՜ղ, «ո՞րն էր Ադրբեջանի արձագանքը` այն էր, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»։ Ավելին` Ալիևը միշտ էլ «փորձում էր բանակցային գործընթացի հիմքում դնել հետևյալ տրամաբանությունը` միակողմանի զիջումնե՛ր արեք, թե չէ Ադրբեջանն ուժային մեթոդներով կլուծի հարցը» (հարցնող լինի` բա որ էդպես է, ինչիև էիր ԱԺ ամբիոնից հաճոյախոսում Ալիևին`վստահեցնելով, որ շատ կառուցողական է տրամադրված, հակված է լուծել խնդիրը և իրենից ոչ պակաս շահագրգիռ է հակամարտության «կարգավորմամբ»)։

Իսկ ամենավատն այն է, ըստ նրա, որ վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը «նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած` կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում»։ Սա այլևս լցրել է Փաշինյանի «ծով համբերության բաժակը»` էլ չի ուզում կուլ տալ «կառուցողական Ալիևի» մեղադրանքները. իր նախկին օգնականի հանգույն փորձում է շանտաժի ենթարկել, թե բա` «ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ` դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»:

Եվ այդպես էլ ոչ միայն չի հերքում, այլև հաստատում է ադրբեջանական կայքի հրապարակումը «գաղտնի բանակցությունների» մասին. ընդամենը ասում է` վերջ տվե՛ք «կոնֆիդենցիալ ինֆորմացիայի» արտահոսքին. ինչ խոսել ենք, ինչի մասին պայմանավորվել ենք` թո՛ղ «մեր մեջ մնա», թե չէ կփոշմանեք...

Ինչով կվերջանա Հայաստանի և Ադրբեջանի բռնապետերի հեռակա «ցլամարտը», «հուսահատորեն կապակայունացնի՞» Ադրբեջանի ներքաղաքական կյանքը, թե՞ կպայթեցնի առանց այն էլ լարված սահմանային իրավիճակը` կապրենք, կտեսնենք։

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 399 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am