Վստահաբար իրենք դրա պտուղները չեն մարսելու. Իվետա Տոնոյան
«Պարոն Ծառուկյանն ասաց, որ սա միանշանակ քաղաքական հետապնդում է։ Այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը հարկ չէր համարել այցելել առաջին ատյանի դատարան, հենց վկայում է այն մասին, որ առավել քան վստահ էինք, որ դատարանը կատարելու է իրեն տրված քաղաքական հանձնարարությունը և Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը բավարարելու է։
Պարոն Ծառուկյանն իր թիմակիցներին ևս մեկ անգամ հորդորց չընկճվել, պայքարն ավարտին հասցնել, ևս մեկ անգամ նշեց այն խնդիրները, որոնք բարձրաձայնել է, նշեց, որ քաղաքական պատվերի հեղինակները պատասխանատվություն են տալու ժողովրդի, Աստծո առաջ»,- լրագրողներին ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Գագիկ Ծառուկյանը բացարձակապես ընկճված չէր, քանի որ մեզ համար առավել քան հստակ է, որ քաղաքական հաշվեհարդար է, պատվեր է։Դատարանի որոշմամբ մեր պնդումները վերահաստատվեցին, որ սա ընդամենը քաղաքական պատվեր է, պարզապես իշխանությունները ևս մեկ անգամ իրենց ոտքերը սրբեցին արդարադատության վրա, այս գործընթացում իրենք իրենց առաքելությունը փայլուն իրականացրեցին, բայց վստահաբար իրենք դրա պտուղները չեն մարսելու»,- ասաց Ի.Տոնոյանը։
Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ իրենք իրենց հետագա քայլերի մասին հաջորդաբար կտեղեկացնեն. «Իսկ այն, որ կառավարության կազմի 100 տոկոսի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը այլևս հրամայական է, հստակ է: Հենց ադ մասին են վկայում երկրի բարձրագույն իշխանության կողմից քաղաքական ընդդիմախոսների հանդեպ սանձազերված քաղաքական հետապնդումները»: