«Գագիկ Ծառուկյանի ընտրակաշառքի գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ». Քյարամյան
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկումներին, թե հայտնի քրեական գործերից՝ Գագիկ Խաչատրյանի, Արթուր Վանեցյանի, Գագիկ Ծառուկյանի՝ ընտրակաշառքի հետ կապված, տեղեկություններ չկան, պատասխանեց. «Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործից մաս է անջատվել, որն այս պահին գտնվում է դատարանում, այլևս նախաքննական մարմնի տիրույթից դուրս է: Ինչ վերաբերում է ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործին, շատ մեծ ծավալներով քննվում է, քրեական գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ, առաջիկայում հնարավոր է նաև՝ քրեական գործը ևս ուղարկվի դատարան: Այսպիսի քրեական գործերի առանձնահատկությունը հետևյալն է՝ անընդհատ նոր քրեական գործեր են հարուցվում, լինում են նոր դրվագներ, որոնք լրացուցիչ քննության առարկա են դարձվում»:
Հարցին, թե ինչո՞ւ է հենց ԱԱԾ-ն քննում Գագիկ Ծառուկյանի գործը, ոչ թե ՀՔԾ-ն, Քյարամյանը պատասխանեց, որ դատախազությունն իրավունք ունի ցանկացած քրեական գործ վերցնել մեկ նախաքննական մարմնից և փոխանցել մեկ այլ նախաքննական մարմնի. «Այս հարցի վերաբերյալ ունենք նաև դատարանի մոտեցում, դատարանը ևս օրինաչափ է համարել այն հանգամանքը, որ սույն քրեական գործը քննում է Ազգային անվտանգության ծառայությունը: Այն հավելյալ ճնշման գործիք չէ»: