Սխալը՝ որպես... ճիշտ ռազմավարություն ու գաղափարախոսություն կամ Փաշինյանը ճիշտ է անում, որ սխալ է անում

Ճիշտն ու սխալը ջոկելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գրառման երկարաշունչ ծավալն ու փանջունիական բովանդակությունը կեսից արդեն հուշում էին, որ դա մի ինչ-որ ելույթի ավտոռեֆերատ է (ծաղկաքաղ, էլի): Հետգրությունից պարզվեց, որ տպավորությունը ճիշտ էր: Չնայած, սատանան ու մեկ էլ, հա, Նիկոլ Փաշինյանը գիտեն, թե էս աշխարհքում, էս երկնքի տակ, որին լեզուդ չի պտտվում՝ երկնագույն ասել, ի՛նչն է ճիշտ ու ինչը՝ սխալ:

Պարզվում է, այդ գրառումից էլ շատ ավելի երկարաշունչ, այն էլ՝ իր էքսցենտրիկ ձայնային ելևէջներով, Փաշինյանը ելույթ է ունեցել իր կուսակցության՝ «Քաղպայմանագրի»՝ նախօրեին ընդլայնված հանդիպման կամ հին եզրաբանությամբ ասած՝ պլենումի ժամանակ: «Քաղպայմանագրայինները», թերևս, ավելի աննախանձելի վիճակում են հայտնվել, քան Աբիսողոմ աղան՝ Պոետի բոցաշունչ ելույթի ժամանակ: Դե, Աբիսողոմ աղան կարող էր և ընդհատել ելույթ ունեցողին, իսկ ՔՊ-ականները ճար չունեն՝ պիտի մինչև վերջ լսեն՝ չասած այն մասի, որ Փաշինյանին ընդհատելը հակահեղափոխական դիվերսիա կհռչակվեր՝ ընդհատողի համար «ասֆալտափռումային», «պատածափամածիկային» հետևանքներով: Թեպետ, այն աստղաբաշխական պարգևավճարներով, որ ոչ մի բան չանելու դիմաց ստանում են պետպաշտոններ զբաղեցնող փաշինյանականները, նրանք ոչ թե շաբաթը մեկ, այլ օրը մի երեք անգամ նման աննման ելույթներ լսելու են արժանի, եթե ոչ՝ ավելին:

Գանք բուն հարցին, այն է, թե ի՛նչ էր ուզում ասել Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտուսխալի մասին իր տակուգլուխ դատողություններով, որ կներեք, հատկապես շարադրանքի վերջին մասում ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ պսևդոփիլիսոփայական ճամարտակություն, «փիսիփոլայություն», պարզ ասած՝ բարբաջանք, լավագույն դեպքում՝ «կալամբուր» (բառաշփոթ):

Նիկոլ Փաշինյանի հիմնական շեշտը այն է, որ մինչ մյուս ընդդիմադիրները, տարիներ շարունակ «ճիշտ քայլերով» անհաջողության են մատնվել, իրեն հաջողվել է սխալ քայլերով հասնել հաջողության, այն է՝ իշխանափոխության ու անձնապես այդքան բաղձալի իշխանության, որը թույլ է տալիս իրեն վարչահրամայապետություն անել:

Ավելի կարճ ասած՝ Փաշինյանի մեսսիջն առ իր քննադատներն ու արդեն որպես իշխանության ղեկավարի սխալները մատնացույց անողների, հետևյալն է. քանի որ ինքը (Փաշինյանը) «սխալներ անելով» կարողացել է հասնել իշխանափոխության, ինքը դրանով դարձել է անսխալական, այդ առումով «սրբադասվել» է, ու հիմա ինչ սխալ էլ անի... ճիշտ է անում: Իր գեղջկամեկերեսային խոսվածքով ասած՝ «լավ է անում, չուզողի աչքն էլ հանում է»:

Ի դեպ, նման մի գերհանրահայտ ազգային հեքիաթ կա, որի հերոսը, մեծ հաշվով՝ հակահերոս է, որը նույնպես ամեն ինչ սխալ էր անում, բայց հասավ իշխանության ու ամեն ինչի: Ասե՞մ, որ խոսքը «Քաջ Նազարի» մասին է, այն որ «անհաղթ հերոս քաջ Նազար, որ մին զարկեր, ջարդեր հազար»: Հետո էլ ասում են, թե հեքիաթները չեն իրականանում: Փաշինյանը դրա վառ, ես կասեի՝ անզուգական ապացույցն է:

Ինչ վերաբերում է բուն «դատողություններին, ապա՝ հիացեք, խնդրեմ. «ՔՊ-ն պետք է շարունակի «հետևողական սխալների այն ճանապարհը», որ սկսել է 2014 թվականին և նույնիսկ դրանից առաջ: Որովհետև դա է Հայաստանը առաջ տանելու ճանապարհը,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, քիչ անց հավելում,-Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետևից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ»:

Ինչ ասել այս «գաղափարաբանության» վերաբերյալ:

Ոչ ոք, իհարկե, սխալներից ապահովագրված չէ: Յուրաքանչյուրն էլ կարող է սխալվել: Սակայն այստեղ կան նրբություններ:

Երբ դու, օրինակ, ընդդիմադիր կազմակերպություն ես, ընդդիմադիր կուսակցության ղեկավար, անկախ այն բանից՝ հաճախո՞րդ ես, «պրոյե՞կտ» ես, թե՞ իսկապես քեզուգլուխ, որքան ուզում ես՝ կարող ես սխալվել: Կարող ես անգամ անընդհատ սխալվել, անվերջ սխալվել: Դրանց, այսինքն՝ քո անընդհատ սխալվելուց այդ դեպքում տուժում ես դու, քո գլխավորած կազմակերպությունը, քո քաղաքական շահը, քո խնդիրները:

Բայց երբ «բախտի բերմամբ, թե պատահմամբ», երբ գլխավորապես նախկին իշխանության թողտվության պայմաններում դու «հաջողակ տոմսակ» ես քաշում և դառնում ես իշխանություն, վարչապետ, այն էլ սուպեր-վարչապետական լիազորություններով, ապա այլևս տեղ չունես սխալվելու:

Այնպես որ, Նիկոլ, կներեք, պահենք պետականության հանդեպ ինքնահարգանքը և ասենք՝ պարոն վարչապե՛տ, եթե ձեր գլխավորությամբ ձեր կուսկազմակերպությունը շարունակի վճռականորեն սխալվել, դա ոչ թե «Հայաստանը առաջ տանելու ճանապարհ»-ն է, այլ Հայաստանը վարի տալու երաշխավորված տարբերակ:

Քիչ չէ, որ չկա այս չափազանց պարզ հանգամանքը գիտակցելու նշույլ անգամ, Նիկոլ Փաշինյանը դեռ մի բան էլ իր թիմակիցներին «սխալվելու» լրացուցիչ «դուխ» է տալիս:

ՔՊ-ն՝ որպես ընդդիմություն, կարող էր անվերջ սխալվել, ու դրանից մնացած բոլորին առանձնապես ոչինչ չէր պատահի: Բայց ՔՊ-ն՝ որպես իշխանություն, բավական է մի երկու անգամ սխալվի, այն էլ՝ կոպտորեն սխալվի, և ամբողջ պետությունը, հասարակությունը կկանգնեն ու կանգնում են լրջագույն մարտահրավերների, փորձություններ հաղթահարելու անհրաժեշտության առաջ:

Կորոնավիրուսի վարակի հետ կապված խայտառակ վիճակը՝ հապացույց:

Տնտեսական ու սոցիալական ջղակծկումները՝ հապացույց: Պետական պարտքի ավելացումը՝ հապացույց: Երկրի ներհասարակական ծծմբաթթվային մթնոլորտը՝ հապացույց: Ու դեռ Արցախի հիմնախնդրի մասին էլ լռում ենք:

Շարունակեք սխալվել, ավելի վստահ սխալվեք ու ավելի անհեթեթ բաներ ասեք, չէ՞ որ քաղծաղրածուներիդ բազմաթիվ «դմփ-դմփ-հու» անողներ կան: Երկրի հե՛րն էլ...

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 602 անգամ
Լրահոս
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video Հող հանձնելը Նիկոլը փաթաթել է հայ ժողովրդի վզին ու խեղդում է. video Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am