7 քայլանի ծրագիր՝ Բելառուսը կործանելու համար. Լուկաշենկոյի մեղադրանքը Արևմուտքին

Պաշտոնական Վաշինգտոնը պնդում է` Բելառուսում ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը երկխոսությունն է գործող վարչակազմի ու ընդդիմության միջև:

«Գործող վարչակազմը պետք է լսի իր ժողովրդի ձայնը», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Բրյուսելում Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Անդրեա Կալանը: «Օգոստոսի 9-ի ընտրությունները արդար, ազատ ու թափանցիկ չէին, ողջ աշխարհն է դա տեսել, և որ առավել կարևոր է՝ Բելառուսի ժողովուրդն է տեսել: Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Բելառուսի գործող վարչակազմը և առաջնորդը երկխոսության գնան քաղաքացիական հասարակության հետ` ԵԱՀԿ-ի միջնորդությամբ: Մեր համոզմամբ՝ դա լավագույն ճանապարհն է հիմա», նշել է Կալանը:

Վիճահարույց ընտրություններով հաղթած Ալեքսանդր Լուկաշենկոն, մինչդեռ, կտրականապես հրաժարվում է երկխոսությունից: Ավելին, երեկ նա վերջակետ է դրել այս հարցի շուրջ քննարկումներին, պնդելով` նախագահական ընտրությունները կայացել են, արդյունքները հայտնի են, և այս ուղղությամբ այլևս որևէ անելիք չկա: «Բարիկադներ կառուցելու և հանրահավաքներ անցկացնելու ժամանակն արդեն ավարտվել է», -ասել է Լուկաշենկոն` չհստակեցնելով` օրենքի ո՞ր կետով է դա արգելվում, և այսուհետ ե՞րբ, կամ` տարվա ո՞ր եղանակին կարող են բելառուսցիները կրկին փողոց դուրս գալ:

«Հիմա եկել է մեր ժամանակը, անհրաժեշտ է շարունակել ստեղծագործ աշխատանքը, շարժվել առաջ` խելամիտ փոփոխությունների և խելամիտ բարեփոխումների ճանապարհով», - խորհրդային կարգախոսների ոգով պնդել է Լուկաշենկոն, ով այդ տարիներին զբաղեցնում էր կոլխոզի պարտկոմի նախագահի, հետո էլ` սովխոզի տնօրենի պաշտոնը: «Մենք տեղում չենք դոփում, երկիրը զարգանում է, հետզհետե ավելանում է մարդկանց բարեկեցությունը: Ես չեմ հասկանում` ուրիշ էլ ի՞նչ փոփոխություններ են հարկավոր», - տարակուսել է նա:

Ցուցարարների մատնանշած ազատ, արդար ու մրցակցային ընտրությունների, կամ` հիմնարար իրավունքները պաշտպանելու մասին Լուկաշենկոն որևէ բառ չի ասել, թեև հանդիպել էր երկրի «քաղաքական ակտիվի» հետ: Թե ովքեր էին լուռ ու հնազանդ նրա երկարաշունչ ելույթը ունկնդրող այդ մարդիկ` պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում: Հստակ է, սակայն, որ վերջին նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի դեմ դուրս եկած բոլոր ընդդիմադիր առաջնորդները հիմա կա՛մ բանտում են, կա՛մ հեռացվել են երկրից:

Ընդ որում, Լուկաշենկոն երեկ զգուշացրել է` դա դեռ վերջը չէ: «Տասնհինգ կուսակցություն ունենք գրանցված, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դրանք կուսակցություն չեն», ասել է նա ու բացատրել` որ հարցում են քաղաքական այդ ուժերը սխալվել. - «Նրանցից տասը շեղվել են իրենց կանոնադրությունից, ու հիմա նոր ընտրություններ են պահանջում», - ասել է Լուկաշենկոն, կրկին չհստակեցնելով` ո՞ր օրենքով է արգելվում ընդդիմադիր կուսակցությանը հրաժարականի պահանջ ներկայացնել ավելի քան քառորդ դար վիճահարույց քվեարկություններով ընտրվող նախագահին: «Հանձնարարում եմ Արդարադատության նախարարությանը մանրազնին ուսումնասիրել` արդյո՞ք այդ կուսակցությունները համապատասխանում են գործող օրենսդրությանը: Անհրաժեշտ է դրանք վերագրանցել», - հրահանգել է Եվրոպայի վերջին բռնապետի տիտղոսը ստացած առաջնորդը: Փորձագետները փաստում են` ընդդիմադիր այդ տասը կուսակցությունները դժվար թե հաղթահարեն վերագրանցման պահանջը:

Լուկաշենկոն երեկ հիշել է նաև իր դեմ դուրս եկած նախկին ու ներկա երեք դեսպանների մասին ու բոլորին զրկել դիվանագիտական կոչումներից: Փոխարենը՝ խոստացել է վարձահատույց լինել բոլոր նրանց, ովքեր հակակառավարական ցույցերի ժամանակ մնացել են իր կողքին. - «Շնորհակալություն նրանց, որ իրենց դրսևորեցին ըստ արժանվույն և հուսալի: Առաջիկայում մենք քայլեր կձեռնարկենք քաղծառայողի կարգավիճակն ամրապնդելու համար»:

Երեկ, մասնավորապես, նա պնդել է, թե Արևմուտքը հատուկ` 7-քայլանի ծրագիր էր մշակել Բելառուսը կործանելու համար, որը, սակայն, ձախողվել է` ՕՄՕՆ-ի «հայրենանվեր ու անձնազոհ» ջանքերի շնորհիվ: «Եթե մեր իրավապահ մարմինները պասիվ լինեին, մենք անխուսափելիորեն ականատես կլինեինք նոր մայդանային տեխնոլոգիաների, որոնք, ինչպես գիտենք պատմությունից, հազվադեպ են ավարտվել առանց մարդկային կորուստների և մշտապես ողբերգական ավարտ են ունեցել երկրի համար», ասել է Բելառուսի ղեկավարը: Ուժայինների կողմից իրականացված բռնությունների, կտտանքների ենթարկված խաղաղ ցուցարարների, ընդդիմության դեմ հարուցված շինծու քրեական գործերի մասին, սակայն, Լուկաշենկոն չի խոսել: Փոխարենն ընդգծել է` «մենք գիտենք, թե ովքեր են այս ամենը ղեկավարում և ինչ են ուզում, այդ իսկ պատճառով զգոնությունը չենք կորցնում»:

Արևմուտքում այս մեղադրանքներն անհեթեթություն են որակում: Լիտվայի արտգործնախարարը հրապարակավ պնդում է, թե Լուկաշենկոն կորցրել է կապը իրականության հետ, Եվրամիությունն էլ պատրաստվում է մինչև այս ամսվա վերջ պատժամիջոցներ սահմանել նրա վարչակազմի մոտ երեք տասնյակ պաշտոնյաների նկատմամբ: ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը վերահաստատել է` Վաշինգտոնը ևս կարող է միանալ այդ սահմանափակումներին:
ԵՄ-ն Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ չի ճանաչում, նախօրեին Բրյուսելում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով` որևէ կասկած չկա, որ օգոստոսի 9-ի ընտրությունները կեղծվել են։

«Մեր կարծիքով` լավագույն լուծումը կլինի ԵԱՀԿ կողմից դիտարկվող վերաքվեարկությունը։ Մինչ այս պահը, սակայն, մեզ չի հաջողվել կապ հաստատել որևէ մակարդակի բելառուս պաշտոնյայի հետ։ Իշխանության լծակները պահպանելու՝ Լուկաշենկոյի համառ վճռականությունը, ինչպես նաև Մոսկվայի աճող աջակցությունը նրան էլ ավելի են դժվարացնում խնդրի լուծումը», - հայտարարում էր Բորելը՝ նշելով, որ այս փուլում ԵՄ գլխավոր նպատակն է լինելու բելառուս ժողովրդին, նախևառաջ քաղաքացիական հասարակությանն ուղղակի օժանդակություն ցուցաբերելը։
«Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենը նշել է Բելառուսին 53 միլիոն եվրոյի հատկացման մասին։ Այդ միջոցները անմիջապես հասանելի կլինեն բռնությունների զոհերի համար։ Մենք նաև փորձում ենք աջակցություն ցուցաբերել անկախ մամուլին», - հայտարարում էր Բորելը։

Արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով պատասխանատուն Եվրախորհրդարանում ունեցած ելույթում չշրջանցեց նաև Բելառուսի դեմ կիրառվող պատժամիջոցների թեման՝ նշելով, որ այդ հարցը ընդգրկվելու է սեպտեմբերի 24-ին մեկնարկող ԵՄ գագաթնաժողովի օրակարգում։

Ինչ վերաբերում է բելառուսական ընդդիմությանը, ապա երկրի ներսում պահպանվող հարաբերական անդորրի ֆոնին Լուկաշենկոյի ընդդիմախոսները շարունակում են միջազգային հանրային կարծիքի մոբիլիզացիան։ Նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցը՝ Սվետլանա Տիխանովսկայան սյունյակ էր գրել Washington Post թերթում։ Նա հարցազրույց է տվել ուկրաինական ամենաազդեցիկ կայքերից մեկին՝ LB.UA-ին, որում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Տիխանովսկայան մասնավորաբար նշել է, որ ընդդիմությունը պատրաստ է Լուկաշենկոյին որոշակի երաշխիքներ տրամադրել, եթե նա դադարեցնի դիմադրությունը։ «Եթե Լուկաշենկոն խաղաղ կերպով, մարդավարի հեռանա, անվտանգության երաշխիքների հավանականություն կա։ Նույնիսկ նման համոզմունք կա։ Դա, իհարկե, քննարկելու խնդիր է, սակայն պատրաստ ենք անգամ ավելին տրամադրել, [քան անվտանգության երաշխիքները]», հայտարարել է Տիխանովսկայան։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 881 անգամ
Լրահոս
ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am