«Հե՜յ Մակրոն, ի՞նչ ես անում: Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ». Էրդողանը սպառնացել է Մակրոնին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է տեղացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ կապված Միջերկրական ծովի արեւելքում լարվածության հետ: Ա յս մասին հայտնում է Associated Press-ը:
«Հե՜յ Մակրոն, ի՞նչ ես անում: Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ: Ավելի լավ է գործ չունենաս թուրք ժողովրդի ու Թուրքիայի հետ: Դու չգիտես պատմությունը, նույնիսկ՝ Ֆրանսիայի: Այդ դուք եք Ալժիրում մեկ միլիոն մարդ սպանել, իսկ Ռուանդայում՝ 800 հազար: Նախ սովորիր այս դասերը՝ նախքան դրանք մեզ դասավանդելը»,- Էրդողանի խոսքերն է փոխանցում РИА «Новости»-ն:
Ավելի վաղ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է հստակ ու խիստ լինի Էրդողանի կառավարության հետ՝ կապված նրա գործողությունների հետ:
Ե՛վ Ֆրանսիան, եւ՛ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են: Երկու երկրների հարաբերությունները վատթարացել են Լիբիայի հետ կապված զենքի էմբարգոյի ու Միջերկրական ծովի արեւելքում իրավիճակի պատճառով: