Հավաքների եւ գործադուլների արգելքը վերացվում է. ինչ մեղմացումներ են սպասվում
ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում հաստատել է արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու որոշումը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ այս երկարաձգումը լինելու ավելի մեղմ:
«Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսանում է, սակայն այդ ընթացքում հնարավոր է իրականացնել թեստավորում եւ բացասական ելքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից: Վերացվում է նաեւ հավաքների եւ գործադուլների արգելքը, այն փոխարինվելու է որոշակի կանոնների պահպանման թույլտվությամբ: Մեղմացվում է նաեւ ընտանեկան բնույթի կամ ժամանցային միջոցառումներ անցկացնելու սահմանափակումը՝ թույլատրելով դրանց կազմակերպումը բաց եւ փակ տարածքներում, ոչ ավելի, քան 40 մասնակցով»,- մանրամասնել է նախարարը: