«Դավաճանների» ու «հինգերորդ շարասյան» որս. Ծեծ ու կտտանքներ՝ բանտերում

«Ադրբեջանում վերջին մի քանի ամսվա ընթացքում միայն ձերբակալվել է ավելի քան հարյուր ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ, նրանցից շատերը մինչև այսօր զրկված են փաստաբանի հետ տեսակցելու հնարավորությունից, ոմանք, ըստ հաղորդումների, ենթարկվում են ծեծի ու կտտանքների», - ահազանգում է միջազգային ամենահեղինակավոր կառույցներից մեկը` Amnesty International-ը:

Իրավապաշտպան կազմակերպությունը նախօրեին հատուկ հայտարարություն է տարածել փաստելով` ընդդիմադիրների ու ակտիվիստների դեմ բռնաճնշումների այս նոր ալիքը կարող է վերջնականապես ոչնչացնել Ադրբեջանի` արդեն իսկ ծվեն-ծվեն եղած ընդդիմադիր դաշտը:

Մեծ Բրիտանիայում գործող կազմակերպությունը, որը պնդում է, թե ութ միլիոն աջակից ունի ողջ աշխարհով մեկ, մանրամասն նկարագրում է, թե ինչպես է նախագահ Իլհամ Ալիևը յուրաքանչյուր առիթ օգտագործում` ընդդիմախոսներին լռեցնելու և բանտերը նետելու համար:

«Դեռ մարտին` Covid-19 համաճարակին արձագանքելու համատեքստում Նախագահ Ալիևը խոստացել էր «մաքրել» երկիրը քաղաքական ընդդիմությունից՝ նրանց որակելով «դավաճաններ» և «հինգերորդ շարասյուն», - փաստում է զեկույցը, շարունակելով, - «հուլիսին Բաքվի կենտրոնում սկսված ցույցերից հետո էլ նա հրապարակավ մեղադրեց ընդդիմությանը բռնություններ հրահրելու մեջ՝ կրկին սպառնալով լուծել «հինգերորդ շարասյան» հարցը»:

Ըստ տեղական դիտորդների և ականատեսների, ցույցից անմիջապես հետո ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 70 մարդու: Յոթին մեղադրանք է առաջադրվել քրեական հանցագործության համար, 46-ը ենթարկվել է վարչական կալանքի` 15-ից 60 օր տևողությամբ: Amnesty International-ի աղբյուրները հայտնել են նաև, որ ձերբակալված անձինք պահվել են անտանելի պայմաններում` սահմանափակ սննդով ու ջրով, ոստիկանները արգելել են նրանց տեսակցությունները, ոմանցից պահանջել հեռախոսները` անձնական նամակագրությունը ստուգելու համար, ըստ որոշ տեղեկությունների, նաև խոշտանգել:

Իրավապաշտպան կառույցն արձանագրում է, որ այս ձերբակալությունների թիրախում են եղել հատկապես ընդդիմադիր կուսակցությունները, ազատազրկվածներից մոտավորապես 40-ը Ադրբեջանի «Ժողովրդական Ճակատ» կուսակցության անդամներն են ու կողմնակիցները, այդ թվում` նախագահության չորս ներկայացուցիչներ: Նրանցից երկուսին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում` գույքի ոչնչացման, հասարակական կարգը խախտելու, ոստիկանությանը դիմադրելու համար: Մյուս երկուսին, մինչդեռ, առավել ծանր` իշխանությունը բռնազավթելու փորձի մեղադրանք է ներկայացվել, ինչի համար նախատեսված է ազատազրկում մինչև քսան տարի ժամկետով: Եվ սա այն դեպքում, երբ ըստ կուսակցության պնդումների, ձերբակալված չորս առաջնորդներից միայն մեկն է մասնակցել հուլիսի 14-ին Բաքվում տեղի ունեցած հանրահավաքին:

«Ըստ տեղական իրավապաշտպանների, ձերբակալված քաղաքական ակտիվիստների և առաջնորդների մեծ մասը զրկված են արտաքին աշխարհի հետ շփման հնարավորությունից ու իրենց ընտրությամբ փաստաբան ունենալու իրավունքից», - հայտարարում է Amnesty International-ը, հիշեցնելով` օրեր առաջ` Հուլիսի 31-ին ԵԽԽՎ համազեկուցողներն էին հայտարարել. «Անհանգստացած են հաղորդումներից, ըստ որոնց ձերբակալվածներին խոշտանգում են` ենթադրյալ հեղաշրջման մասին կեղծ ցուցմունքներ կորզելու համար»:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, ոտնձգությունները, ահաբեկումները և հաշվեհարդարները քաղաքական ընդդիմախոսների և նրանց կողմնակիցների նկատմամբ», նշում է միջազգային կազմակերպությունը` իշխանություններից պահանջելով նաև «անհապաղ ու առանց նախապայմանի ազատ արձակել բոլոր նրանց, որ կալանավորվել են իրենց հիմնարար իրավունքները իրացնելու համար»:

Ադրբեջանում սկսված նոր բռնաճնշումներին անցած շաբաթ անդրադարձել էր նաև Washington post-ի խմբագրականը` նախագահ Ալիևին բնորոշելով որպես «անզուսպ մի բռնապետ, որի գործողությունները` սեփական ընդդիմախոսների դեմ, պետք է մտահոգիչ լինեն բոլորի համար»: Բրյուսելում լույս տեսնող Euobserver-ն է ծավալուն հոդված հրապարակել` այս անգամ ուշադրություն հրավիրելով Ալիևի վարչակազմի ռասիստական դիրքորոշումների ու հայտարարությունների վրա: Առիթը Եվրամիությունում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսգանդարովն է, ով տարածել է Ֆեյսբուքի օգտատերերից մեկի ծաղրական ու ռասիստական գրառումը` ոստիկանի կողմից սպանված ամերիկացի սևամորթ Ջորջ Ֆլոյդի ու Նահանգներում սկսված ցույցերի մասին:

Ռուսերենով գրված այդ տեքստի հեղինակը Ֆլոյդի հուղարկավորության մասնակիցներին որակել էր որպես «ծնկի եկած ապուշներ», հեգնել ցուցարարներին, վերջում էլ պնդել, թե նախագահության դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը «ծերունական թուլամտությամբ» է տառապում: Եվրոպական պարբերականը ադրբեջանցի դեսպանից հետաքրքրվել է` կիսում է այս կարծիքը, դրա համա՞ր է տարածել գրառումը: «Չեմ հիշում` ումից եմ ստացել և ինչպես եմ տարածել», - պատասխանել է դեսպան Ֆուադ Իսգանդարովը, ով տարիներ առաջ Ադրբեջանի Ազգային անվտանգության փոխնախարարն էր: «Ես անձնապես ատում եմ խտրականության ցանկացած դրսևորում», - վստահեցրել է Ֆուադ Իսգանդարովը:

Մեջբերելով վերջինիս հավաստիացումները` Եվրոպական պարբերականը միաժամանակ փաստում է` նա ներկայացնում է մի վարչակազմ, որը տասնյակ լրագրողների ու ընդդիմախոսների է ազատազրկել: Վարչակազմ, որին Եվրոպայի Խորհուրդն ավելի վաղ քննադատել էր ` փոքրամասնությունների, այդ թվում` հայերի հասցեին հնչող խտրական հայտարարությունների համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3331 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am