«Մենք կունենանք իջեցող մահացություն». Արսեն Թորոսյան
Պարետատան նիստից հետո Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ բոլորի ջանքերը տալիս են իրենց արդյունքը, և ունենք կայունացող և դեպի լավը գնացող իրավիճակ, և երբ որ մենք հետահայաց ենք նետում այն պահից, երբ սկսեցինք ունենալ իջեցող թվեր, տպավորությունը և հաշվարկները ցույց են տալիս, որ մենք շաբաթական կտրվածքով ունենում ենք մոտավորապես 50-100 նվազ դեպք մեկ օրվա հաշվարկով, քան նախորդ շաբաթ:
«Եթե այդ իրավիճակը կարողանանք պահպանել, իրական շանս ունենք՝ եթե ոչ զրոյացնելու, ապա այնքան իջեցնելու թվերը, որ համարենք՝ այն այդ պահին մեզ համար այլևս հանրային առողջապահական խնդիր չէ:
Ես միշտ հիշեցնում եմ, որ մեր ամենավատ օրերին մենք ունեինք մոտ 650 քաղաքացի, ովքեր ծանր էին և ծայրահեղ ծանր, այդ թիվն այս օրերին տատանվում է արդեն 350-ի շրջանակներում: Մենք ունենք 300 քաղաքացի ծանր վիճակում և 68 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում և թոքերի օդափոխության սարքերին միացված 24 քաղաքացի (հիշեցնեմ` այս վերջին թիվն էլ մոտավորապես հասել էր և տատանվում էր 50-ի շրջանակում), այսինքն՝ այս մասով մենք նույնպես ունենք բարելավում: Սա ինչով է կարևոր, որ մենք կունենանք և արդեն արձանագրում ենք իջեցող մահացություն, ինչը մեր այս բոլոր միջոցառումների հիմնական նպատակն է»,-ասաց նա:
Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ իրավիճակով պայմանավորված՝ ծավալված հիվանդանոցային մահճակալային ֆոնդը կրկին հետ է ծավալվում. բուժհաստատությունները վերադառնում են իրենց հիմնական աշխատանքին: Այժմ գործում են 15 գործող բժշկական կենտրոններ՝ նախկին 20-ի փոխարեն, և ևս երկուսը մոտ օրերս կրկին պլանավորում են վերադառնալ նախկին աշխատանքին: