«Իմ քայլում» ներքին լուրջ խժդժություն կա. ավագանու որոշ անդամներ ցանկանում են իրենց մանդատը վայր դնել. Հռիփսիմե Առաքելյան
«2012 թվականին, երբ ակտիվիստները պայքարում էին Մաշտոցի պուրակում մանր խանութների շինարարությունը դադարեցնելու համար, նրանց շարքում էր նաև ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներ, որոնք տարբեր ՀԿ-ներից ֆինանսավորվում էին և հիմա էլ բոլորովին այլ նպատակների համար են ֆինանսավորվում, այժմ զբաղեցնում են բարձր պաշտոններ։ Նրանք այսօր անգամ ձայն չեն հանում և նախորդ քաղաքային իշխանության նման ասում են, թե ամեն ինչ անում են օրենքով։ Կարող էին պարզաբանել և մեզ համոզել, որ այնտեղ կարևոր գործ են անում։ Այն հաստաբուն ծառերը, որոնք հատվել են, պարզաբանում են, թե դրանք չորացած էին, իսկ քաղաքապետարանից ո՞վ կարող է ապացուցել, որ այդ ծառերը փչացած էին»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը՝ անդրադառնալով Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կա ներքին լուրջ խժդժություն Մաշտոցի պուրակում տեղի ունեցող գործընթացների հետ կապված։ Ըստ օդում կախված լուրերի՝ ավագանու որոշ անդամներ դրա պատճառով ցանկանում են իրենց մանդատը վայր դնել։ Արդյո՞ք նման բան կանեն, մենք շատ լավ գիտենք, թե այս իշխանությունն ինչպես է աշխատում՝ ճնշումների, կոմպրոմատների միջոցով»,- ավելացրեց նա: