Ադրբեջանական տեռորի վտանգն ու իշխանությունների անգործությունը

Մի քանի օր էր, ինչ մեր հայրենակիցները արտերկրում ենթարկվում էին ադրբեջանցիների հարձակումների: Հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվեց աշխարհի տարբեր քաղաքներ, սակայն բացի դեսպանների հայտարարությունները՝ Հայաստանի իշխանությունները խոշոր հաշվով հայության անվտանգության պահպանության առումով անհրաժեշտ աշխատանքներ չեն իրականացնում:

Հայ-ադրբեջանական բախումներն, ինչպես հայտնի է, արդեն Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցներ էին տեղափոխվել: Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքն ավարտվեց զանգվածային ձերբակալություններով: Համացանցում տարածվեցին տեսանյութեր, որտեղ երևում էին, թե ինչպես են մի խումբ մարդիկ հարձակվում հայկական պետհամարանիշով ավտոմեքենայի և մեքենայում նստած տղամարդու վրա, մեկ այլ տեսանյութում էլ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ հայհոյելով ծեծում մի տարեց մարդու և պահանջում, որ նա պատասխանի, թե ում է պատկանում Ղարաբաղը:

Օրերս ռուսաստանյան РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները, ասել է՝ «դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ»: «Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար: Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների, և որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա», նշել է նա:

Անցած օրերին Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները՝ ըստ ամենայնի ՌԴ իշխանությունների հետ շփումների արդյունքում՝ դիմեցին իրենց ժողովուրդներին: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին կոչ է արել հայրենակիցներին դադարեցնել փողոցային անկարգությունները, հետևել ռուսաստանյան օրենսդրությանն ու իրենց պայքարը շարունակել իրավական դաշտում. «Դուք ապրում եք Ռուսաստանում, ձեզնից շատերն այս հզոր երկրի քաղաքացիներ են, խնդրում եմ, հետևեք կանոններին, որոնք գործում են այստեղ»։

Իսկ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ստանում էր տեղեկություններ, որ հայերը կոչ են անում այս կամ այն տեղում հավաքվել ակցիաների համար։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը նշել է, որ կիսում է էմոցիոնալ վիճակը, սակայն հիշեցրել էր, որ հենց դրան է ուզում հասնել այն կողմը, որը լարվածություն է հրահրել հանրության շրջանում։ Դեսպան կոչ էր արել չտրվել այդ սադրանքներին ու չսրել իրավիճակը։

Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը դիմել էր Ուկրաինայում բնակվող/գտնվող Հայաստանի քաղաքացիներին և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին. «Վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղի ունեցած՝ Ադրբեջանի հրահրած մարտական գործողություններն իրենց արձագանքն են գտնում նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Բազում երկրներում, այդ թվում Ուկրաինայում, արձանագրվում են ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, նրանց գույքը վնասելու կամ ոչնչացնելու առանձին փորձեր: Բարեբախտաբար, իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել։ Խնդրում ենք. ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, առայժմ ձեռնպահ մնալ, հատկապես ուշ ժամերին, ակումբներ, ռեստորաններ, զվարճանքի օբյեկտներ միայնակ կամ փոքր խմբով այցելելուց, առավելևս որ COVID-19-ով վարակվելու վտանգը չի սպառվել, մինչև լարվածության ավարտը հնարավորինս սահմանափակել մթերային շուկաների այցելությունները»։ Նշվում էր, որ Ուկրաինայի իրավապահներն այս օրերին հատկապես աչալուրջ են և ձեռնարկում են հնարավոր միջոցներն՝ ազգամիջյան միջադեպերը կանխելու նպատակով։

Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի հայերին կոչ էր անում չտրվել ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին, չմասնակցել Գերմանիայի իշխանության կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել սադրիչների հետապնդած նպատակին՝ արդեն իսկ առկա լարվածության աճին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նախ հիշեցրել էր, որ վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից հրահրված մարտական գործողություններն իրենց արձագանքն են ստացել աշխարհի բազում երկրներում, այդ թվում և Գերմանիայում: Արձանագրվում են ՀՀ դեսպանությունների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, գույքի վնասման կամ ոչնչացման դեպքեր: Հրկիզվել է ԳԴՀ֊-ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան: «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունը՝ խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգոնություն և չտրվել որևէ սադրանքի։ Յուրաքանչյուրիդ խնդրում և հորդորում եմ չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին, ինչն էլ սադրիչների հետապնդած նպատակն է։ Խնդրում եմ նաև տարատեսակ սոցիալական հարթակներում չտարածել ագրեսիվ բովանդակություն պարունակող նյութեր և մեկնաբանություններ։ Այս իրավիճակում մենք պետք է լինենք առավելագույնս հավասարակշռված և զգոն, համադրենք բոլորիս ջանքերը մեր հայրենիքի հզորացման անշեղ գործում։ Մեր ընդհանուր խնդիրն է գործել Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրության շրջանակներում»,- նշել էր Սմբատյանը:

Վրաստանում հայերն ու ադրբեջանցիներն ապրում են կողք-կողքի: Թերևս, միայն ղարաբաղյան պատերազմի ժամանակ է նկատվել հայ-ադրբեջանական լարված մթնոլորտ:

Այսքան տարի անց մեծ վտանգ կա, որ Վրաստանում էլ մթնոլորտը կարող է սրվել ու դուրս գալ վերահսկողությունից: Ցանկացած սադրանք կարող է ուղղակիորեն ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա՝ Հայաստան-Վրաստան եղբայրական հարաբերությունների վրա ներգործելով: Առանց այն էլ Ադրբեջանն այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում: Մեկ շաբաթ առաջ «Հաքքին ազ»-ը մեղադրեց Վրաստանին նրանում, որ իբր Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ռազմական զինամթերք, որը նույնպես փորձ էր Վրաստանին ներքաշելու նոր կոնֆլիկտի մեջ։
Պետք է միայն հուսալ, որ Վրաստանի իշխանությունները հատուկ ծառայությունները և իրավապահ համակարգը ուշադիր կլինեն՝ թույլ չտալու ադրբեջանական սադրանքներ՝ Վրաստանի հայաբնակ վայրերում և առհասարակ հայերի նկատմամբ:

Բայց այս խիստ վտանգավոր իրավիճակում՝ ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունը: Միայն դեսպաննե՞րը պետք է կոչեր անեն այս կամ այն երկրի հայերին զգույշ լինել ու սադրանքների չտրվել..

Աշխատո՞ւմ են ՀՀ իշխանությունները տարբեր երկրների իշխանությունների հետ, թե՞ ցանկացած պահի, ցանկացած սադրանքից հետո միայն պետք է տեղական ուժերը, անհատները փորձեն հանդարտեցնել իրավիճակը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1285 անգամ
Լրահոս
Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am