Մենք էլ նոր ենք իմացել, շոկի մեջ ենք. Լուսակունքի համայնքի ղեկավարը՝ մայոր Գարուշ Համբարձումյանի մասին
Այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
Մայոր Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզի Բազում համայնքից է՝ 1989 թվականին ծնված: Կապիտան Գարուշ Համբարձումյանը ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:
ArmLur.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքի ղեկավար Էդուարդ Օհանյանն ասաց, որ այսօր հակառակորդի կողմից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանն արդեն մեկ տարի է, ինչ ընտանիքի հետ ապրում էր Լուսակունք գյուղում:
«Ամուսնացած է, ունի երկու երեխա, մենք էլ նոր ենք իմացել, շոկի մեջ ենք: Գարուշը հիանալի մարդ էր, բարձր արժեքների տեր անձնավորություն»,-նշեց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան