Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել. Միքայել Մինասյան
Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել, նրանք կդադարեցնեն Աննա Հակոբյանի հիմնադրամներին մուծվել և իրականության հետ հաշվի կնստեն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում օգտատերերի հարցին ի պատասխան հրապարակված տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Միքայել Մինասյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ եկեղեցու դեմ, օգտագործելով մարդկանց ինչ֊որ տեղ օբյեկտիվ զայրույթը, քանդում է եկեղեցին, ընդ որում քանդում է անթաքույց։
«Իրենք ստեղծում են «նոր Հայաստան», այդտեղ իրենք չեն խաբում,այդ Հայաստանում ստեղծվում է նոր հայի տեսակ, որը չպետք է ունենա հայրենիք, որովհետև այդ նոր հայի հայրենիքը «ֆեյսբուքահայաստանն է», որտեղ հիշողությունը 24 ժամ է, որտեղ ամենակարևոր նորությունը Աշոտի վերադարձն է։ Իսկ եկեղեցու դեմ նա պայքարում է, որովհետև պատվիրատուները հասկացել են, որ կա երեք բևեռ հայ հասարակության համար. լեզուն, որի դեմ պայքարում են, պատմությունը, որի դեմ պայքարում են, և հիշողությունը, որի հիմքում եկեղեցին է, ընդ որում՝ հավատացյալ ես դու, թե ոչ»։