Պարզում է դիվանագիտական համարանիշներով վթարի մասնակից Mercedes-ի վարորդի ինքնությունը
SHAMSHYAN․com-ի տեղեկություններով՝ հուլիսի 10-ին դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 03։30-04։00-ն ընկած ժամանակահատվածում դիվանագիտական համարանիշներով Mercedes-ի վարորդը Բաբայան փողոցում բախվել է Երևանի քաղաքապետարանի կողմից նշված փողոցում տեղադրված աղբամաններին, այնուհետև՝ մեկ այլ ավտոմեքենայի, իսկ հետո՝ ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, և դեպքի վայր ժամանած Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները Mercedes-ի վարորդին վթարի վայրում չեն հայտնաբերել։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Քուվեյթի դեսպանատան հաշվեկշռում։ ©