Նոր հակառեկորդ ԱՄՆ-ում՝ մեկ օրում 65 հազար վարակակիր, երկրորդ ալիք՝ Կենտրոնական Ասիայի երկրներում

Աշխարհում Covid-19 դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 12.3 միլիոնին, մահացածներինը 555 հազարին, բուժվել է ավելի քան 6,7 միլիոն մարդ: Միացյալ Նահանգներում այսօր սահմանվեց նոր հակառեկորդ՝ մեկ օրում վարակը հաստատվել է 65 հազար 600 մարդու մոտ:

Կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքն է Կենտրոնական Ասիայի երկրներում: Ղրղըզստանում վարակի տարածման հետ կապված իրավիճակը զարգանում է ամենավատ սցենարով, հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը: Այստեղ արդեն երրորդ շաբաթն անընդմեջ ամեն օր գրանցվում են մեծ թվով վարակակիրներ՝ 200-ից 500 մարդ: Բժշկական անձնակազմի ընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել: Այս ֆոնին Ղրղըզստանում աճել է թոքաբորբով հիվանդների թիվը և դրա հետևանքներից մահացությունը: Անկախ փորձագետները խոսում են կորոնավիրուսի թեստերի պակասի, ինչպես նաև դրանց ցածր որակի մասին:

Ղազախստանում էլ վարակի դեպքերի աննախադեպ աճ է գրանցվել՝ մեկ օրում 1962 նոր դեպք, այդ թվում՝ ասիմպտոմ, ինչը 586-ով ավելին է, քան նախորդ օրը: Երկրում բուժաշխատողների պակաս կա: Ինչպես Ղրղըզստանում, այնպես էլ այստեղ անցյալ տարվա համեմատ կտրուկ աճել է թոքաբորբով հիվանդների և դրա բարդություններից մահացածների թիվը: Ղազախստանի իշխանությունները քննարկում են սահմանափակումների երկարաձգումը: Հուլիսի 13-ին երկրում սուգ է հայտարարված: Ուզբեկստանում հուլիսի 10-ից խստացվում են սահմանափակումները՝ հիվանդանոցներում այլևս տեղեր չկան, արգելվել է մզկիթներ այցելելը:

Ռուսաստանում շարունակում են հանել սահմանափակումները: Մոսկվայի մարզում հուլիսի 15-ին կբացվեն լողափերը, հուլիսի 25-ին` սրճարանները և ռեստորանները: Օգոստոսի 1-ից Ռուսաստանի մայրաքաղաքում թատրոններին թույլ է տրվելու աշխատել կիսով չափ լիքը դահլիճներում, բայց թատրոնները որոշել են, որ կբացվեն միայն աշնանը:
Չնայած վիրուսի տարածմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ դպրոցները պետք է վերաբացվեն։ Նա սպառնացել է ոչ միայն ճնշումներ գործադրել նահանգային իշխանությունների վրա, այլ նաև կրճատել այն դպրոցների դաշնային ֆինանսավորումը, որոնք կհրաժարվեն վերաբացվել ու աշխատել սովորական ռեժիմով։ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն, հակադարձելով Թրամփին, ասել է, որ դպրոցների վերաբացումը նահանգների որոշման հարց է, և նախագահը լիազորություն չունի բացելու դպրոցները։

Այս ֆոնին ուշագրավ է, որ Միացյալ Նահանգները ԱՀԿ-ից դուրս գալու որոշում է կայացրել: ԱՄՆ-ից ի պաշտոնե տեղեկացրեցին, որ դուրս են գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Անցած ամիսներին նախագահ Դոնալդ Թրամփը հանրային ելույթներում մի քանի անգամ խստորեն քննադատեց կառույցի աշխատանքը կորոնավիրուսի հարցում:

Վաշինգթոնն այդ որոշման մասին հուլիսի 6-ին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: ԱՀԿ-ից դուրս գալու կարգի համաձայն, որոշումն ուժի մեջ կմտնի ծանուցումից մեկ տարի անց՝ 2021թ. հուլիսին:

Նկատենք, որ Միացյալ Նահանգներն ԱՀԿ-ի ամենախոշոր ներդրողն է և ապահովում է կազմակերպության բյուջեի 15 տոկոսը: Թրամփն ԱՀԿ-ին քննադատել է համավարակին ուշացումով արձագանքելու, կորոնավիրուսի վտանգավորության և տարածման բարձր տեմպի մասին Չինաստանից ոչ պաշտոնական խողովակներով ստացվող արժանահավատ տեղեկություններն անտեսելու և ընդհանրապես վիրուսի հարցում Պեկինի դիրքորոշումն անվերապահորեն ընդունելու համար:

Մայիսի վերջին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է դուրս գալ ԱՀԿ-ից: Դրանից օրեր առաջ Թրամփն ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին հասցեագրված նամակում գրել է, թե ԱՄՆ-ն «կխզի կապերն ԱՀԿ-ի հետ, եթե առաջիկա 30 օրում այդ կառույցը չիրականացնի նշանակալի բարեփոխումներ»:

Հայտնի է, որ պանդեմիայի կապակցությամբ սահմանված արգելքների հետևանքով տուժել է ԱՄՆ-ի տնտեսությունը: Տասնյակ միլիոնավոր մարդիկ զրկվել են աշխատանքից: Եթե համավարակից առաջ՝ 2020-ի տարեսկզբին, Ամերիկայում անցած կես դարի կտրվածքով գործազրկության ամենացածր ցուցանիշն էր՝ 3,5 տոկոս, ապա արդեն ապրիլին այն հասել է 15 տոկոսի:

Նախկին փոխնախագահ, նոյեմբերին կայանալիք ընկերություններում Թրամփի հավանական դեմոկրատական մրցակից Ջո Բայդենը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում Ամերիկան կվերադառնա ԱՀԿ: Դեմոկրատական սենատոր Բոբ Մենենդեսը Թվիթերում գրել է, թե ԱՀԿ-ից դուրս գալու Թրամփի որոշման հետևանքով «ամերիկացիները կմնան հիվանդ, իսկ Ամերիկան՝ միայնակ»:

Սենատի առողջապահության հանձնաժողովի հանրապետական նախագահ Լամար Ալեքզանդերը հայտարարել է, որ Թրամփի որոշումը «ծանր հարված կհասցնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ստեղծելու համար անհրաժեշտ կլինիկական հետազոտություններին»: Վարակիչ հիվանդությունների հետազոտության ամերիկյան ընկերակցության նախագահ Թոմաս Ֆայլի փոխանցմամբ էլ, «նույնիսկ դժվար է պատկերացնել, թե որքան անխոհեմ և անհեռատես է Թրամփի որոշումը»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Ամերիկայի դուրս գալու վճիռը դատապարտել են ոչ միայն ամերիկացի, այլև մեծ թվով օտարերկրացի գիտնականներ: ԱՀԿ-ն դեռ մայիսին ափսոսանք է հայտնել կառույցից ԱՄՆ-ի դուրս գալու մտադրության առթիվ, սակայն Վաշինգթոնի հետ հանրային բանավեճի մեջ չի ներքաշվել
Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը ճեպազրույցում ընդգծել է, որ բոլորին սպառնացող վտանգի՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար աշխարհը պետք է համերաշխ և միասնական լինի: «12 շաբաթ պահանջվեց, որ վարակվածների թիվը հասնի 400 հազարի, մինչդեռ միայն անցած շաբաթավերջին գրանցվեց ավելի քան 400 հազար նոր դեպք: Համավարակի տարածումն արագանում է, վստահ կարելի է ասել, որ մենք դեռ չենք հասել համավարակի գագաթնակետին», - ասել է Գեբրեյեսուսը:

Իսկ սահմանափակումներին վերադառնալու դեմ բողոքի ցույցերը շարունակվել են Սերբիայում, երրորդ օրը դրանք արդեն խաղաղ են դարձել: Հուլիս 8-ի՝ գիշեր կատաղի բախումներ են տեղի ունեցան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի կենտրոնում։ Խորհրդարանի շենքի առջև հավաքված հազարավոր քաղաքացիներ բողոքում էին երկրում կարանտինային նոր միջոցառումներ սահմանելու կառավարության որոշման դեմ։
Նոր լոքդաունի մասին այս որոշման համաձայն՝ առաջիկա օրերին արգելված է լինելու երթևեկությունը Բելգրադի և Սերբիայի մյուս շրջանների միջև։

Բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ կեսգիշերն անց փորձել են գրոհել խորհրդարանի շենքը։ Ցուցարարներին օրենսդիր մարմնի շենքի մատույցներից հեռացնելու համար սերբական ոստիկանությունը հատուկ միջոցներ՝ արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել։ Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ Սերբիայի իշխանություններն ի վիճակի չեն արդյունավետ կերպով պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ և այդ պայքարը ծառայեցնում են քաղաքական նպատակներին։

Մայիսի վերջին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն արդեն իսկ հայտարարել էր կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի մասին՝ հունիսի 21-ի խորհրդարանական ընտրությունների շեմին ազդարարելով գրեթե բոլոր կարանտինային սահմանափակումների վերացման մասին։ Ընտրություններից անմիջապես հետո, սակայն, վարակիրների տվյալներով և կորոնավիրուսից մահացածների թիվը երկրում կրկին սկսել է աճել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1690 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am