Առողջապահության նախարարը ռեստորաններ չայցելելու կոչի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով այն հարցին, որ առողջապահության նախարարը կոչ էր արել չայցելել ռեստորաններ, սրճարաններ, մինչդեռ շատ պատգամավորներ այցելում են, իսկ վարչապետն էլ նախարարի դիրքորոշմանը հակասող հայտարարություն էր արել՝ նշելով, որ միակ պահանջը դիմակ կրելն է եւ սոցիալական հեռավորություն պահպանելը, ասաց, որ ցանկացած մարդ կարող է ապրել այնպես, ինչպես ճիշտ է համարում, սակայն պետք է գիտակցի նաեւ այդ վարքագծի ռիսկայնության աստիճանը:
«Այո, կյանքը շարունակվում է Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, բայց նույնիսկ սահմանված կանոններն իրենց մեջ ինչ-որ ռիսկ են պարունակում: Հանրային սնունդն իր մեջ ավելի մեծ ռիսկ է պարունակում, քան այլ տեսակները, որովհետեւ հանրային սննդի, ընդհանրապես սնվելու պրոցեսում դու գործողություններ ես իրականացնում, որի ժամանակ մեծ քանակի վիրուսային մասնիկներ ես արտաբերում շրջակա միջավայր եւ դա կարող է տարբեր մարդկանց վարակման պատճառ դառնալ: Դրա համար ես որպես մեծ ռիսկայնություն ունեցող վարքագիծ նշել էի նաեւ դա: Ուրիշ ռիսկային բաներ էլ կարող եմ նշել, օրինակ երգեցողությունը ամենառիսկային գործողության տեսակներից մեկն է, որովհետեւ մեծ քանակի վիրուսային մասնիկներ ես արտաշնչում շրջակա միջավայր»,-ասաց նախարարը: