Տիգրան Պետրոսյանն ու Ռոմանոս Պետրոսյանը նոր բնակարաններ են ձեռք բերել. ի՞նչ ունեցվածք ունեն մարզպետները

Հայաստանի մարզպետներից երկուսը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, 2019թ. նոր բնակարաններ են ձեռք բերել, իսկ մարզպետներից չորսը առհասարակ որևէ անշարժ գույք չեն հայտարագրել։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված պաշտոնյաների գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերը։

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյան


Արագածոտնի ՔՊ–ական մարզպետ Դավիթ Գևորգյանը, ով նախքան հեղափոխությունը զբաղվել է մարքեթինգով, իր անունով անշարժ գույք չունի։ Գևորգյանի տարական հայտարարգրից պարզ է դառնում, որ նա հանդիսանում է մարքեթինգային գործունեությամբ և գովազդով զբաղվող «Բիզնես Քալչր» ՍՊԸ–ի 100% բաժնետերը, որը նա 2018–ին հավատարմային կառավարման է հանձնել Եվգենիա Ասրիյանին։ Գևորգյանը 2019–ին հայտարարագրել է 2005 թ. արտադրության VOLVO մակնիշի ավտոմեքենա։ Տարեսկզբին նա ունեցել է տարբեր արժույթների շուրջ 100.000 դրամ կանխիկ գումար, իսկ տարեվերջին նրա եկամուտներն ավելացել են՝ կազմելով շուրջ 630.000 դրամ։ Գևորգյանի բանկային հաշիվներում եղել է 3 մլն ՀՀ դրամ և 5000 ԱՄՆ դոլար գումար, իսկ տարեվերջին բանկային հաշիվներում առկա մնացորդները կազմել են 10մլն 678 հազար դրամ և 7400 ԱՄՆ դոլար։ Գևորգյանը Արագածոտնի մարզպետարանից որպես աշխատավարձ ստացել է 12 մլն դրամ գումար, ևս 128,233 դրամ էլ նա ստացել է «Ինեկոբանկ» ՓԲԸ–ից։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան

Արարատի ՔՊ–ական մարզպետ Գարիկ Սարգսյանի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում ունի համատեղ սեփականության բնակելի տուն։

Գարիկ Սարգսյանի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 956 հազար դրամ գումար, որը տարեվերջին 100 հազար դրամով նվազել է։ Նա նաև հայտարարագրել է 260 հազար դրամ կանխիկ միջոց, որը տարեվերջին դարձել է 180 հազար դրամ։ Արարատի մարզպետը, որպես աշխատավարձ հայտարարգրել էր 15 մլն 468 հազար դրամ գումար։ Ավելի վաղ, NEWS.am–ն անդրադարձել էր Սարգսյանի հայտարարգրած աշխատավարձին և նկատել, որ հնարավոր է մարզպետը սխալ է ներկայացրել աշխատավարձի չափը, հակառակ դեպքում ստացվում է, որ նա մյուս մարզպետներից շուրջ 5 մլն դրամ հավելյալ գումար է ստացել։ Մեր հրապարակումից հետո միայն Գարիկ Սարգսյանը շտապել էր հայտարարել, որ 4 մլն. դրամ սպառողական վարկը գումարվել է 2019թ. իր ստացած աշխատավարձին և դրա արդյունքում ստացվել է այս թիվը, մինչդեռ ստացած փոխառությունների համար հայտարարգրում առանձին տող է նախատեսված, ինչը որևէ այլ պաշտոնյայի աչքից չէր վրիպել։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան

Արմավիրի անկուսակցական մարզպետ, 27–ամյա Համբարձում Մաթևոսյանը Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանի համասեփականատեր է, որը նա ձեռք է բերել 2017թ.։ Տարեսկզբին Մաթևոսյանն ունեցել է տարբեր արժույթների ընդհանուր առմամբ կանխիկ 21300 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին արդեն շուրջ 26.000 ԱՄՆ դոլար։ Նրա բանկային հաշվին տարեսկզբին եղել է 1 մլն դրամ գումար, որը տերեվերջին կրկնապատկվել է։ Մարզպետի պաշտոնում Մաթևոսյանը ստացել է 10 մլն 754 հազար դրամ աշխատավարձ։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ով ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ է, հայտարարագրել է 1 առանձնատուն եւ 2 հողամաս՝ Ծակքար համայնքում, ինչպես նաև «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենա։ 2019-ի սկզբում Սանոսյանի բանկային հաշվին եղել է 469 հազար 274 դրամ, իսկ տարեվերջում այն նվազել է դառնալով՝ 653 դրամ։

Մարզպետի կանխիկ միջոցները 2019-ի սկզբում կազմել են 750 հազար դրամ եւ 45 հազար ռուբլի, իսկ տարեվերջում արդեն նա ունեցել է 1 մլն 400 հազար դրամ եւ 70 հազար ռուբլի գումար։

2019-ին Սանոսյանը 2 աղբյուրից եկամուտ է ստացել. 10 մլն 801 հազար դրամ աշխատավարձ նա ստացել է Գեղարքունիքի մարզպետարանից, իսկ 44 հազար 990 դրամ աշխատավարձ էլ նա ստացել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանից։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ, մասնագիտությամբ ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանը, որը նախքան քաղաքական պաշտոն զբաղեցնելը ղեկավարել է «Օպտիմում Դենտ» ստոմատոլոգիական կլինիկան, բնակարան է հայտարարգրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքում, ինչպես նաև ինքնակամ շինություն, հողամաս և հասարակական նշանակության շինություն Վանաձոր քաղաքում։ Անդրեյ Ղուկասյանը հայտարարագրել է MERCEDES-BENZ մակնիշի 2007 թվի արտադրության մարդատար ավտոմեքենա, որը վերջինս ձեռք է բերել 2015թ.: Հարկային տարվա սկզբում Լոռու մարզպետը հայտարարագրել է նաև 8,700,000.00 ՀՀ դրամ, որը տարվա վերջում դարձել է 7,000,000.00 դրամ: Որպես եկամուտ՝ 2019թ. հայտարարագրում նշված է ՀՀ Լոռու մարզպետարանից որպես աշխատավարձ ստացած 11,149,713.00 դրամը:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը տարեսկզբին ունեցել է 2 բնակարան՝ Աբովյան քաղաքում և հողամաս Կոտայքի մարզի Ակունք համայնքում։ 2019 թ. հոկտեմբերի 3-ին մարզպետը 51 մլն 357 հազար դրամ արժողությամբ բնակարան է գնել Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ օտարելով Աբովյանի բնակարաններից մեկը՝ 17 մլն 800 հազար դրամով և 35 մլն դրամ փոխառություն (վարկ) վերցնելով։

Ռոմանոս Պետրոսյանը նաև հայտարարագրել է 2004 թ-ի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա։ 2019 թ-ի սկզբում նրա բանկային հաշվին եղել է 568 հազար դրամ, տարեվերջին՝ 2000 դրամ և 1922 դոլար, ևս 850 հազար դրամ կանխիկ դրամական միջոց է հայտարարագրել։ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետի պաշտոնում ստացել է 11 մլն 522 հազար 445 դրամ աշխատավարձ։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան

Տեխնիկական գիտությունների թեկնածու Տիգրան Պետրոսյանը, ով ժամանակին եղել է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիրը, Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2019 թ-ի փետրվարի 12-ին, այդ պատճառով էլ համեմատաբար ավելի քիչ աշխատավարձ է ստացել՝ 7 մլն 565 հազար դրամ։ Մինչ մարզպետ նշանակվելը նա 470 հազար դրամ եկամուտ է ստացել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունից, որի շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատուն է եղել, ինչպես նաև 80 հազար դրամ՝ Շիրակի պետական համալսարանից։

Պաշտոնը ստանձնելու դրությամբ Շիրակի մարզպետն անշարժ գույք չի ունեցել, սակայն 2019 թ. դեկտեմբերի 9-ին Գյումրիում 19 մլն 500 հազար դրամով բնակարան է ձեռք բերել։

Նա նաև հայտարարագրել է 2002 թ-ի TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2017-ին։ Մարզպետի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 150 հազար դրամ, տարեվերջին՝ 305 հազար դրամ, իսկ նրա կանխիկ միջոցներ տարեսկզբին կազմել են 1․2 մլն դրամ, տարվա վերջին՝ 2․1 մլն դրամ։ Այլ եկամուտներ բաժնում Տիգրան Պետրոսյանը նշել է, որ բանկից 18 մլն 500 հազար դրամ է ստացել։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան

Հայկ Չոբանյանը նույնպես մարզպետ է նշանակվել 2019 փետրվարին։ 11 ամիսների աշխատանքի դիմաց նա ստացել է 9 մլն 236 հազար դրամ աշխատավարձ։

Տավուշի մարզպետը անշարժ գույք չի հայտարագրել, իսկ 2018-ին ձեռքբերված LEXUS մակնիշի ավտոմեքենա 2019 թ-ի դեկտեմբերի 12-ին նա վաճառել է 1․5 մլն դրամով։ Տարեսկզբին Չոբանյանն իր բանկային հաշվին ունեցել է 116 հազար դրամ, տարեվերջին՝ 737 հազար դրամ։ Նա հայտարարագրել է նաև կանխիկ՝ 10 մլն դրամ գումար։

Մինչ մարզպետի պաշտոնը ստանձնելը Հայկ Չոբանյանը 2019-ին 448 հազար դրամ է ստացել արևային էներգիայի ոլորտի «Ֆրիներջի» ՍՊԸ-ից, որի 100 տոկոս բաժնետերն է։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա ընկերությունը հավատարմագրային կառավարման է հանձնել է Արարատ Չոբանյանին։ Նշենք, որ Չոբանյանը նախքան մարզպետ նշանակվելը մեծամասամբ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նա եղել է նաև արևային էներգիայի առաջին ընկերություններից մեկի՝ «Արփի Սոլարի» հիմնադիրը։

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան

Արարատ Գրիգորյանը նախքան Վայոց Ձորի մարզպետ նշանակվելը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ Նա պաշտոնը ստանձնել է 2019 թ. հոկտեմբերի 31-ին և 2 ամսվա աշխատանքի դիմաց ստացել է 1 մլն 800 հազար դրամի աշխատավարձ։ Մինչ մարզպետ նշանակվելը Արարատ Գրիգորյանը ձեռնարկատիրական գործունեությունից ստացել է 7 մլն 970 հազար դրամ եկամուտ։ Վայոց Ձորի մարզպետը անշարժ գույք և տրանսպորտային միջոց չի հայտարարգրել։ Նրա բանկային հաշվին տարեսկզբին եղել է 1 մլն դրամ, տարեվեջին՝ 6 մլն 870 հազար դրամ։

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, որը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանական համակարգում իր անունով անշարժ գույք և տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ 2019 թ. Սյունիքի մարզպետարանից նա ստացել է 10 մլն 165 հազար դրամ աշխատավարձ, ևս 3 մլն 509 հազար դրամ կենսաթոշակ նա ստացել է ոստիկանությունից։

Տարեսկզբին Պողոսյանի բանկային հաշվին եղել է 1 մլն 137 հազար դրամ, 121 դոլար, տարեվերջին՝ 796 հազար դրամ, 6920 դոլար։ Եվս 12 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար է նա հայտարարգրել տարեսկզբին. տարեվերջին նրա դրամային միջոցները մնացել են նույնը, իսկ դոլարային միջոցները նվազել՝ կազմելով 8000 ԱՄՆ դոլար։

2019 թվականի մարզպետների եկումուտների հայտարարագրից պարզ է դառնում, որ բոլորը հիմնականում ամեն ամիս իրենց աշխատավարձի չափով (465 000 դրամ) պարգևավճարել են ստացել։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մարզպետների ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 660 000 դրամ, իսկ «մաքուր» աշխատավարձը՝ մոտ 465 000 դրամ։ Ստացվում է, որ մարզպետի տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 5.6 մլն դրամ։ Մարզպետների հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մյուս մարզպետների համեմատ միջինում 1,5 մլն դրամով ավելի շատ պարգևավճար է ստացել, իսկ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ 2.6 մլն դրամ ավելի քիչ (համեմատել ենք 11 ամսվա ցուցանիշը, քանի որ նա պաշտոնավարում է 2019 թվականի փետրվարի 6-ից)։

դիտվել է 890 անգամ
Լրահոս
Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am