Սահմանադրությամբ Նախագահի լիազորությունները համարժեք են պարտականությունների, որոնք իրացվում են, դրանցից հրաժարվել կամ փոփոխել էությունը արգելված է. Արամ Վարդևանյան
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանն առ այն, որ տեղեկացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որ չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Վարդևանյանը նշել է՝ իր մոտ տպավորություն է, որ այս հայտարարությամբ սկիզբ է դրվում Սահմանադրության 129-րդ հոդվածի հերթական «մեկնաբանությանը», որով 21-օրյա ժամկետից փորձ է արվում հրաժարվել: Ըստ նրա՝ սա որևէ կերպ իրավաչափ չէ և Սահմանադրության այդ հոդվածին հստակ հակասող մեկնաբանություն է: Վարդևանյանի գրառումը՝ ստորև․
«Կարծում եմ ԱԺ պատգամավորները պետք է առնվազն խորհեն, թե ինչով է պայմանավորված, որ Նախագահը չի ստորագրում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը՝ նույնիսկ հրաժարվելով իր լիազորությունից: Ավելին՝ արդեն իսկ տեղեկացնում է, որ Սահմանադրության անօրինական փոփոխությունների, որոնց բոլոր դեպքերում անմիջականորեն չգործելու պատճառով (դրա մասին գրել էի մի քանի օր առաջ) այսօր ԱԺ-ի ընդունած Սահմանադրական օրենքը ևս չի ստորագրելու:
Պարզապես մեկ հանգամանք պարզաբանեմ. Սահմանադրության 129-րդ հոդվածը բոլոր դեպքերում նախատեսում է Նախագահի կողմից ստորագրման կամ ՍԴ դիմելու համար 21-օրյա ժամկետ: Միայն դրանց վերաբերյալ (ըստ էության այդ ժամկետում) Նախագահի կողմից գործողություն չկատարելու դեպքում՝ գործում է նույն հոդվածի 3-րդ մասը, որի դեպքում հենց ԱԺ նախագահն է ստորագրելու և հրապարակելու համապատասխան օրենքը՝ հնգօրյա ժամկետում: Սահմանադրությամբ Նախագահի լիազորությունները համարժեք են պարտականությունների, որոնք իրացվում են, դրանցից հրաժարվել կամ փոփոխել էությունը հնարավոր չէ, արգելված է (ՍԴՈ-1518):
Հ.Գ. Ինձ մոտ տպավորություն է, որ այս հայտարարությամբ սկիզբ է դրվում Սահմանադրության 129-րդ հոդվածի հերթական <<մեկնաբանությանը>> որով 21-օրյա ժամկետից փորձ է արվում հրաժարվել: Սա որևէ կերպ իրավաչափ չէ, սա Սահմանադրության այդ հոդվածին հստակ հակասող մեկնաբանություն է: Նման գործիքակազմ չի կարող սահմանվել, քանի որ այն կստեղծի պարտականությունների կատարումից հրաժարվելու մեխանիզմ, ինչը չի կարող լինել իրավական պետությունում»։