Ձերբակալվել են ոստիկանության նախկին, ներկա պաշտոնյաներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018-2019 թթ.-ին «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:

Մասնավորապես, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` 2017 թ.-ին նախատեսվել է Երևան քաղաքում ճանապարհային գծանշման, ճանապարհային նշանների տեղադրման և լուսաազդանշանների պահպանման աշխատանքները 2018 թ.-ից իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված մրցութային ընթացակարգով ընտրված կազմակերպության միջոցով, իսկ այդ աշխատանքները նախկինում իրականացրած «Լուսանշան» ՊՈԱԿ-ը, որի կառավարման լիազորությունները վերապահված են եղել ՀՀ ոստիկանությանը, լուծարել: ՊՈԱԿ-ի տնօրեն Էդուարդ Հարությունյանը և նրա ազգականը` ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը, տեղեկանալով այդ մասին, հիմնադրել են նոր ընկերություն` «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն, դրա միջոցով հիշյալ գնման գործընթացներին մասնակցելու համար:

Գնման գործընթացի պլանավորման շրջանակներում ճանապարհային գծանշման և համապատասխան այլ աշխատանքների վերաբերյալ տեխնիկական բնութագրերի կազմումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան ստորաբաժանման պետ Կոնստանտին Կոստանյանին, սակայն վերջինս, չունենալով գնման գործընթացներում անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, միևնույն ժամանակ տեղեկացված լինելով Էդուարդ և Գևորգ Հարությունյանների կողմից ընկերություն հիմնադրելու և դրա միջոցով հիշյալ գնման գործընթացներին մասնակցելու մտադրության մասին, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, տեխնիկական բնութագրերը կազմելու համար դիմել է նրանց: Վերջիններիս գիտությամբ տեխնիկական հիշյալ բնութագրերը կազմել է նույն կազմակերպության փոխտնօրեն Հակոբ Ստեփանյանը: Ընդ որում, գնման տեխնիկական բնութագրերը բարդացվել են` այլ մասնակիցների համար մրցակցության սահմանափակումներ առաջացնելու և հայտարարված մրցույթներին միայն «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի մասնակցությունն ապահովելու համար: Արդյունքում` ՀՀ ոստիկանության կողմից հայտարարված մրցույթում առաջին տեղ զբաղեցնող մասնակից է ճանաչվել նվազագույն գներ առաջարկած «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Արա Կոթողյանը, ով հանդիսացել է նաև ճանապարհային գծանշումների վերը նշված աշխատանքների գնման ընթացակարգերը գնահատող հանձնաժողովի նախագահը,«Ուկռինվեստ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պայմանագրերը գնահատել է բավարար և չի արձանագրել առկա անհամապատասխանություն­ները` չնայած դրանց` օրենսդրության պահանջների խախտմամբ կազմված լինելու հանգամանքին: Արդյունքում գնահատող հանձնաժողովն ընտրված մասնակից է ճանաչել «Ուկռինվեստ» ՍՊԸ-ին և որոշել վերջինիս հետ կնքել 1.589.864.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք պայմանագիր, որոնցով նախատեսված ծառայությունները, սակայն, ընկերության կողմից կատարվել են տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններից էական շեղումներով:

Մասնավորապես, ճանապարհային գծանշման աշխատանքները տեխնիկական բնութագրերով նախատեսված գերմանական «BERGER» ֆիրմայի կամ համարժեք ներկանյութերի փոխարեն կատարվել են անհայտ ձեռնարկատիրոջ կողմից արտադրված և համապատասխան տեխ­­նի­կական պահանջներին չհամապատասխանող անորակ ներկանյութերով, գծանշումներն էլ նախատեսվածից ավելի քան 135 հազ. քմ-ով պակաս են կատարվել, սակայն դրանք խաբեությամբ ցույց են տրվել իբրև կատարված աշխատանքներ, և դրանց համար պետությունից «Ուկռինվեստ» ընկերությանը ավել է վճարվել ավելի քան 228 մլն ՀՀ դրամ:

Չի կատարվել նաև ճանապարհային նշանների մետաղական կանգնակների պատրաստման և տեղադրման աշխատանքների մի մասը, մի մասն էլ կատարվել է տեխնիկական բնութագրերի պահանջների խախտմամբ: Այսպես, միայն 2018 թ.-ին 212 մետաղական կանգնակներից 111-ը փաստացի չի պատրաստվել և չի տեղադրվել, տեղադրվածներն էլ իրենց որակական չափանիշներով չեն համապատասխանել տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին: Ընդհանուր առմամբ` ճանապարհային նշանների տեղադրման ծառայությունների համար պայմանագրով նախատեսված միջոցներից հափշտակվել է ավելի քան 5 մլն ՀՀ դրամ:

Մեկ այլ պայմանագրով էլ նախատեսված 249 լուսացուցային օբյեկտներից 16-ը ընդհանրապես չի սպասարկվել, մինչդեռ ընկերության կողմից նշված օբյեկտներն ընդգրկվել են 2018-2019թթ-ին կազմված հանձնման-ընդունման արձանագրություններում և ցույց տրվել իբրև սպասարկման և համապատասխան այլ ծառայություններ մատուցված օբյեկտներ, որի համար «Ուկռինվեստ» ՍՊԸ–ի բանկային հաշվին փոխանցվել է ավել է փոխանցվել ավելի քան 22 մլն ՀՀ դրամ գումար:

«ՃՈ» ծառայության պաշտոնատար անձ Կ. Կոստանյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, առանց հսկողություն իրականացնելու, ընդունել է ոչ պատշաճ կատարված և ընդհանրապես չկատարված վերը նշված աշխատանքները, ստորագրել դրանց վերաբերյալ կազմված և վճարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ և 308-րդ հոդվածների 2-րդ մասերով նախատեսված` վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով Հ. Ստեփանյանը, Է. Հարությունյանը, Գ. Հարությունյանը և Կ. Կոստանյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել են, իսկ Ա. Կոթողյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 1721 անգամ
Լրահոս
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սամվել Վարդանյանին ծեծել են․ քաղբանտարկյալներին ասում եք՝ մեր դեմ խաղ չկա․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպանի կոնկրետ պատասխանը (video) Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am