Դժգոհություն և բարկություն առաջացնող մեթոդները դրդում են մարդկանց ավելի շատ հակառակվել Կառավարությանը և խորացնում հոգեբանական ճնշվածությունը. Անի Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի գործելաոճի մասին
«Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող մեթոդը չի արդարացնելու նպատակը, բայց թիրախավորում է մարդկանց և գեներացնում ատելության ալիք՝ վնասելով մարդու բարոյականությանն ու արժանապատվությանը»,- գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի կողմից անընդհատ բազմություն պատկերող լուսանկարներ հրապարակելուն: Պատգամավորն այս առիթով մասնավորապես, գրել է.
«Այն մեթոդը, որը ճարահատյալ կիրառում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի արդարացնելու նախանշված նպատակը, բայց ստեղծում է իդեալական պլատֆորմ մարդկանց թիրախավորելու, ատելության ալիք գեներացնելու, մարդու բարոյականությանը և արժանապատվությանը հարված հասցնելու համար:
Դժգոհություն և բարկություն առաջացնող մեթոդները դրդում են մարդկանց ավելի շատ հակառակվել Կառավարությանը և խորացնում հոգեբանական ճնշվածությունը:
Մի արեք:
Միաժամանակ դիմում եմ ՀՀ քաղաքացիներին, որպեսզի մեծահոգաբար վերաբերվեն այդ անթույլատրելի մեթոդներին և դրանց հակառակվելու միջոցով չվտանգեն սեփական առողջությունը և պահպանեն կանոնները»: