Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է սահմանափակել Քոչարյանի պաշտպանների՝ միջնորդություն ներկայացնելու իրավունքը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում դիմելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկեց սահմանափակել Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ միջնորդություն ներկայացնելու իրավունքը
«Հարգելի պարոն Դավթյան, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական նիստերը պաշտպանների միջնորդությունների պատճառով բազմիցս հետաձգվում են: Սա էլ պատճառ է դառնում քրեական գործի դատական քննությունն, ըստ էության, չսկսելու համար: Դատախազությունն ի՞նչ է անում պաշտպանների կողմից անընդհատ բերվող միջնորդությունների քննարկման պատճառով այդ ձգձգումները բացառելու ուղղությամբ և դատական քննության ողջամիտ ժամկետներն ապահովելու համար»,- նշեց նա:
Պատասխանելով հարցին՝ Արթուր Դավթյանն ասաց, որ գործը գտնվում է դատարանի վարույթում, հետևաբար՝ ակնհայտ է, որ կոնկրետ դեպքում որոշում կայացնողը դատարանն է: