Ինչպես են նախկին պաշտոնյաները կարողացել հատել ՀՀ սահմանը
Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե նախկին պաշտոնյաները, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցված, ինչպես են կարողացել հատել ՀՀ սահմանը:
Պատասխանելով հարցին՝ Արթուր Դավթյանն ասաց. «Մենք ունեցել ենք դեպքեր, երբ պարզվել է, որ անձի սահմանից ելքի արգելքը հակաօրինական կլիներ, հետևաբար՝ այստեղ որևէ մեկի մեղավորության խնդիրը չէր կարող լինել: Այստեղ ավելի խորը պատճառների մեջ ենք խորանում, թե ավելի վաղ ժամանակահատվածում հնարավո՞ր էր այդ ամենն իրականացնել: Ստուգման արդյունքում ունեցել ենք նաև դեպքեր, երբ պարզել ենք, որ հանցավոր անփութության արդյունքում է անձը կարողացել սահմանը հատել, այդ փաստերով հարուցվել է քրեական գործ: Սա մեզ համար շատ կարևոր թեմա է, և այս ուղղությամբ մեր աշխատանքներն ամենօրյա են»,- եզրափակեց Արթուր Դավթյանը: