Աննա Հակոբյանի ու զրուցավարների դիզայներական դիմակներն էլ չքողարկեցին ֆալշը

Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին հարցազրույցը դիտելու զուտ մասնագիտական հետաքրքրություն կար: Հետաքրքրություն, որ ավելի քան 1 ժամանոց հարցազրույցի արդեն մոտավորապես 10-րդ րոպեից վերածվեց զուտ մասնագիտական ինքնահարկադրանքի: Այն, որ չես ցանկանում շարունակությունը լսել, բայց, լրագրողական աշխատանքի պահանջներից (անձամբ լսելու, տեսնելու սկզբունքը) ելնելով, պետք է ունկնդրես, առնվազն: Քավ լիցի, փորձը օգնում է հաղթահարել այդ ինքնահարկադրանքի անդուր պահը:

Ինչո՞ւ հետաքրքրությունը վերածվեց ինքնահարկադրանքի: Չափից դուրս շատ էր ֆալշը նրա խոսքում: Աննա Հակոբյանի բազմաթիվ դիտարկումներում կեղծ նոտաների առատությունը լսելիքը սղոցում էր, բովանդակության ու շեշտադրումների արհեստականությունը ծանր տպավորություն էին թողնում: Ցավո՛ք: Ու նույնիսկ դիզայներական դիմակները անկարող էին քողարկել այդ՝ աչք ծակող ֆալշը:

Վերցնենք թեկուզ հարցազրույցի մեկնարկում այն պահը, երբ զրուցավարի ոչ այնքան հաջող (կորանավիրուսի առաջ բոլորը հավասար են, ժողովրդավարության այդ սկզբունքը գործում է ու նման բաներ) համեմատությանն արձագանքելով, տիկին Հակոբյանը երկրորդում է. «Ճիշտ նկատեցիք, կորոնավիրուսի առաջ բոլորը հավասար են, և դա ժողովրդավարության յուրօրինակ փորձ էր ամբողջ աշխարհի համար...»:

Հավասա՞ր են, ասում եք: Դե՝ դե: Թերևս միայն օրուելյան հայտնի տարբերակով: Բոլորը հավասար են, բայց որոշներն ավելի հավասար են, քան մյուսները: Նկատի ունեմ, օրինակ, այն, որ covid-19-ով վարակվածության կասկած ունենալու դեպքում պետական պաշտոնյաները թեստավորվելու խնդիր չունեին, և հենց վարչապետն էլ մի քանի անգամ թեստ է հանձնել: Աստված, իհարկե, առողջություն տա բոլորին, դա չէ հարցը: Բայց բազմաթիվ են վկայությունները, որ շարքային քաղաքացիները նույնպիսի կասկած ունենալու դեպքում բարդությունների են բախվել՝ թեստավորվելու հարցում: Այնպես որ, այստեղ էլ, մեղմ ասած ճիշտ չէ, թե «բոլորը հավասար են կորոնավարակի առաջ»: Վարակվելու հավանականության առումով, այո, հավասար են, բայց դրա հետևանքների առումով, գոնե Հայաստանում, հավասար չեն:

Կամ, օրինակ, տիկին Հակոբյանը հայտարարում է, թե կառավարությունն առաջին օրերից էլ գործում էր այս վարակի դեմ, քայլեր էր անում և այլն: Ո՞ւմ համար է այս «հեքիաթը», կներեք: Հասկանալի է, իհարկե, որ դա ասողը վարչապետի տիկինն է, որից ոչ մեկը չի էլ ակնկալում, թե հիմա պիտի երբեմնի սուր գրիչը վերցրած՝ կառավարությանը քննադատի (չնայած, իր մոտեցման խնդիրն է, իր գործը): Բայց չէ՞ որ բացեիբաց ու ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն «ուղտի ականջում քնած» էր, մինչ վարակի սպառնալիքը արդեն ոչ միայն մոտ էր, այլև թափանցել էր Հայաստան:

Այն ո՞վ էր «այո»-ի քարոզարշավի ելել մարտի սկզբներին, ո՞վ էր միտինգներ անում, որտեղ մարդիկ էին հավաքվում, ո՞վ էր ասում՝ «կորոնավարակը ում շունն է» կամ «պինցետով, տնական արաղով կախտահանենք» ու նման բաներ: Քարոզարշավում էր Նիկոլ Փաշինյանը: Ասում էր Նիկոլ Փաշինյանը: Իսկ Աննա Հակոբյանը հիմա փորձում է այնպիսի տպավորություն թողնել, թե դա այդպես չի եղել: Չնայած, ինքն էլ մասնակցում էր քարոզարշավին, իսկ նշված հայտարարությունների մի մասն էլ իր ներկայությամբ է հնչել:

Միտումնավոր ծռմռած մյուս առասպելը վերաբերում է «ֆեյսբուք»-ին:

Այն, որ «ֆեյսբուքյան» ստատուսահոսը հանրային կարծիքի կամ տրամադրությունների հայելային արտացոլանքը չէ, դա պարզ է և պարզ էր ի սկզբանե: Վիրտուալ ու իրական իրականություններն, իհարկե, նկատելի տարբերություններ ունեն: Բայց: Տիկին Աննա Հակոբյանը ասում է, թե նախկինում «Ֆեյսբուքում» 90 տոկոս իշխանական տրամադրություններ ու օգտատերեր էին և միայն 10 տոկոս ընդդիմադիր: Գուցե իր «ֆրենդ-լիստում» իշխանական օգտարերերը շատ-շատ են եղել, այդտեղից է նման տպավորություն ստացել: Բայց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նախկինում միշտ էլ տիրապետողը եղել են իշխանության նկատմամբ քննադատական և ընդդիմադիր տրամադրությունները, նաև մշտապես ակտիվ են եղել իշխանությանն ու առանձին գործիչների պախարակող, պիտակավորող, այդ թվում՝ կեղծ պրոֆիլները, այդ թվում՝ վարկաբեկման նպատակով ստեղծվածները, այդ թվում՝ հենց Նիկոլ Փաշինյանին սատարող «պրոֆիլները», էջերը, ու ոչ միայն ՖԲ-ում:

Եվ հետո, եթե «Ֆեյսբուքն» ու «ֆեյսբուքյան» տրամադրությունները Աննա Հակոբյանի (և իր ամուսնու) համար անէական են, ինչպես նա փորձում էր ցույց տալ հարցազրույցի ժամանակ, ապա քչերը մոռացած կլինեն, որ նախ՝ «թավշյա» հեղաշրջումը մեծապես հենց «Ֆեյսբուք»-ով արվեց ու ֆեյսբուքյան տրամադրությունները գեներացնելու միջոցով: Եվ հետո, «Ֆեյսբուքը» հենց Նիկոլ Փաշինյանն է ամենից շատ կարևորում: Այնքան, որ այդ սոցիալական ցանցը կամ «գործիքը» դարձել է իշխանություն-հանրություն հարաբերությունների «ալֆան և օմեգան»:

Հետաքրքիր էր Աննա Հակոբյանից լսել, թե իրենց ընտանիքի նիստուկացում, վարքում, մի խոսքով՝ իրենց կյանքում բան չի փոխվել: Չէ, իսկապես հետաքրքիր է: Գուցե իրո՞ք ոչինչ չի փոխվել կամ փոփոխությունն այնքան աննշան է եղել, որ վարչապետի տիկինը, տնեցիները չեն նկատել: Ասենք՝ տան անդամին տեսակցելու համար ուղղաթիռով էին նախկինում մեկնում որևէ վայր: Կամ միգուցե առաջներում էլ «հոնորարային», ինչպես մամուլում էր շրջանառվել՝ մի քանի տասնյակ հազար դոլարանոց վարսավիրների ծառայություններից էին օգտվո՞ւմ: Միգուցե առաջներո՞ւմ էլ էին նախկինից մի բան էլ ավելացված ավտոշարասյուններով այսուայնկողմ մեկնում:

Ի դեպ, իրենց բնակարանը կարոտելու և այնտեղ վերադառնալու պահն էլ էր հիշարժան: Ոչ ոք Փաշինյանին ու Աննա Հակոբյանին չի խանգարում դա անել: Ու հազիվ թե ժողովրդի մի զգալի մասը դեմ լինի, որ մարդիկ իրենց տուն գնան:

Նմանապես դժվար է չարձագանքել վարչապետի և նրա տիկնոջ մասին տարածվող զանազան լուրերի սուտ լինելու վերաբերյալ Աննա Հակոբյանի ասածներին: Թե՝ իրենք ստեր չէին տարածում, նմա՛ն ստեր չէին տարածում նախկինների մասին: Հա, իսկ եթե տարածել էլ են ստեր, ապա՝ ներողություն:

Սա, կներեք, արդեն ծիծաղելի էլ չէ:

Իսկ հարցազրույցի այն դրվագը, երբ Աննա Հակոբյանն սկսեց սրտաճմլիկ կոչեր անել նախկիններին, թե՝ ձեզ ամուր պահեք, հետո ի՜նչ, թե կարող է՝ բանտերում հայտնվեք, ինչու եք բարոյական փլատակների վերածվել և այլն, ավելին էին, քան՝ ֆալշը:

Աննա Հակոբյանը չմանրամասնեց, թե իր այդ կոչերն ու հորդորները հատկապես ում էին ուղղված, բայց դա ոչ միայն չի մեղմում տպավորությունը, այլ ավելի վանող ազդեցություն է թողնում:

Օրինակ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամենացածր ձևով, նաև չգրված օրենքների խախտումներով, բավականին կեղտոտ արշավ իրականացրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Փաշինյանը չխորշեց անգամ իր թիրախավորած գործչի դստերը ԱԱԾ տանելու, Հրայր Թովմասյանի հայրական տունը խուզարկելու հրահանգներից, «թավշյա» «հունվեյբիններին» նրա քրոջ խմբագրատան վրա հարձակվելու դրսևորումից:

Բոլորը կարծում եմ, տեսան, թե Հրայր Թովմասյանը ինչ ամուր, տղամարդուն վայել կեցվածքով ու արժանապատվորեն դիմագրավեց բոլոր այդ տմարդի դրսևորումներին:

Քաղաքացիական արիության ու հուժկու կամքի շատ ավելի ցայտուն օրինակ է գործող իշխանության կողմից քաղաքական հետապնդման թիրախ դարձած Արցախի հերոս ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կեցվածքը: Եթե ավելին չասվի, բավարար է նկատել, որ ավելի շուտ Ռոբերտ Քոչարյանն է, անգամ կալանավորված լինելով, իր կեցվածքով ոգևորում ու սատարում իր աջակիցներին, քան՝ հակառակը:

Ուստի հարց է ծագում, թե ո՞ւմ է տեսել Աննա Հակոբյանը, որ խոսում է «բարոյական փլատակներից»: Չլինի՞ խոսքը «Փաշինյանի թրի տակով» անցած ու «թավշացած» որոշ անձանց մասին է:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 3368 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am