Դերասանության հարցում պարտվում եմ Էդմոն Մարուքյանին. Ալեն Սիմոնյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ ԱԺ ղեկավար կազմը եւ նիստը վարողը պետք է ապահովեն բնականոն գործընթացը ԱԺ նիստերի դահլիճում, եւ եթե ԱԺ նիստերի դահլիճում համաճարակի պարագայում որեւէ մեկն ասում է՝ ես սկզբունքորեն դիմակ չեմ կրում. դա ի՞նչ է նշանակում, ոնց որ մեկին գաս հատուկ սկսես վարակել:
ԱԺ նախագահը կարո՞ղ է դիմակ չկրելու համար պատգամավորին դահլիճից դուրս հանել հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ այդ հարցը բարձրացնողների հիմնական պատճառը, որ միգուցե ԱԺ կանոնակարգ օրենքում հստակ գրված չի, որ դիմակ կրելու համար չի կարելի դուրս հրավիրել: Բայց աշխարհը ծանոթ չէր նաեւ կորոնավիրուսին եւ ես էլ առաջին անգամ եմ այսպես դիմակով շրջում: Խաղարկել դա չի կարելի: Այո, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պատգամավորները պետք է ապահովագրված լինեն, որովհետեւ մենք ունենք նաեւ տարիքով մեծ պատգամավորներ եւ մենք իրավունք չունենք իրենց ռիսկի ենթարկենք»:
«Լուսավոր Հայաստանի ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է, որ դերասանություն է ձեր այս դիմակ կրելը, քանի որ երբ ժամանակին ինքն ասում էր, որ պետք է կրել, այն ժամանակ բանի տեղ չէիք դնում, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Դիմակ կրելու հետ կապված թեման ամբողջ աշխարհում ամեն օր փոխվել է ու մինչեւ հիմա փոխվում է: ԱՀԿ-ն դիմակ կրելու հետ կապված իրարամերժ հայտարարություններ է արել: Մինչեւ հիմա ապացուցված չէ 100 տոկոսով, բայց այսօրվա դրությամբ աշխարհի բոլոր երկրներն ասում են, որ դիմակը 90 տոկոսով կանխարգելում է: Եվ եթե մենք կարող ենք այդ ճանապարհով կանխարգելել, ուրեմն դրան պետք է գնանք:
Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ՝ ես ասում էի, իրենք չէին անում, դա արդեն զավեշտ է հիշեցնում, որովհետեւ մի որոշ ժամանակահատված առաջ իրենք իմանում էին, թե կառավարությունն ինչ ծրագիր ունի, մեկ ժամ առաջ ասում են՝ մենք սենց բան ենք առաջարկում, հետո գալիս ասում են՝ մենք սենց բան էինք առաջարկում, դուք արեցիք: Այնքան է դա ասել, որ ինձ թվում է, որ մեծ 20-յակը Էդմոն Մարուքյանի հետ է ճշտում իր օրակարգը: Եթե դերասանության մասին ենք խոսում, ես այդ հարցում պարտվում եմ Էդմոն Մարուքյանին»: