Պատմության ուրվականը շրջում է փողոցներում

Հայկական իրականությունում անցյալը սրբադասված է։ Ներկայի չգոյությունը լրացվում է անցյալի պատրանքով, իսկ ապագան էլ պետք է անպայմանորեն անցնի անցյալի միջով: Կարելի է ասել, որ պատմության ուրվականը շրջում է փողոցներով, անկոչ հյուրի պես մտնում է բոլորի տները՝ բույն դնելով մարդու գանգի մեջ: Արդյունքում հանրային դիսկուրսի մեջ գրեթե բացակայում է ստեղծել բայի ներկա ժամանակը: Դրա փոխարեն հիմնականում կիրառվում են վերստեղծել կամ կստեղծենք տարբերակները: Բայց սա դեռ ամենը չէ: Կա շատ ավելի անհասկանալի հարացույց ևս, որն է՝ վերադարձը: Այսինքն առաջնային պլան է մղված ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակաշրջան կամ անցյալում գոյություն ունեցած ինչ-որ իդեալականացված տարակերպի վերադառնալու հիվանդագին միտումը, ավելի ճիշտ՝ մոլուցքը: Այլ խոսքով ասած՝ ունենք մարգինալ ներկա, մշուշոտ ապագա և կատարյալ անցյալ, որին պետք է անպայման վերադառնալ: Այն պետք է դեռ վերստեղծվի: Այսպիսով մարդիկ փորձում են վերստեղծել խորհրդային կրթական համակարգը: Վերադառնում են դասական ուղղագրությանը: Վերստեղծում են անցյալում թաղած մշակույթը: Վերադառնում են քրիստոնեական-հայկական ավանդույթներին: Եվ այսպես շարունակ վերստեղծելով՝ հասնում են Արտաշես 1-ի Մեծ Հայքին, որը պատմահայր Մովսես Խորենացին դիտարկում է որպես կատարյալ հայրենիք, իսկ Ողբը՝ դրա հակադիռ բևեռ: Բանն այն է, որ Արխայիկ ժամանակաշրջանի մարդուն ներհատուկ էր կայուն մտածողությունը, իրերի կանոնիկ դասավորվածությունը, աշխարհի բովանդակային հստակ պատկերն ու ամեն ինչի խորհրդանշական մեկնաբանությունը։ Բայց ժամանակակից աշխարհն ու մարդը կայուն չեն, ընդհակառակը, մարդկությունը թաղված է խորը ու շղթայական ճգնաժամի մեջ, որը չափազանց մեծ ճահիճ է հիշեցնում։ Կարելի է ենթադրել, որ ժամանակակից մարդը, հայացքն ուղղելով դեպի արխայիկ արժեքները, դրանց մեջ փորձում է կայունություն ու աշխարհին հասկանալի, կանոնակարգված պատկերներ գտնել։ Այլ խոսքով ասած մարդը անցյալի կայունությյան պատրանքը փորձում է վերագործարկել 21-րդ դարում։ Հենց այս որոնումների հորձանուտի մեջ էլ ժամանակակից հայաստանցին իր կամքից անկախ դառնում է պատմության ու տարտամ անցյալականության գերին։

Հայերն իրենց մշակույթին վերաբերվում են ինչպես հանգուցյալի: Ասվածի վառ ապացույցն է այն, որ ոչ ոք դրա մասին չի խոսում ներկա ժամանակով, իսկ եթե խոսում է, ապա դրա բացակայության մասին. «Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ մշակույթ են ունեցել հայերը»: Ահա այսպիսի նախադասությամբ ենք մենք դիմավորում Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին, բայց երբեք չենք ասում, թե ինչ ունենք այժմ: Հայաստանում գործում է հետևյալ սկզբունքը. հանգուցյալի ետևից՝ կամ լավը, կամ ոչինչ: Եթե ուշադրություն եք դարձրել, հայկական մշակույթի մասին խոսելիս նույնպես մենք խոսում ենք կամ լավը, կամ ոչինչ: Դեռ ավելին՝ հայերը շատ են սիրում հանգուցյալների պաշտամունքը՝ նրանց հաղորդելով բացառիկ և վերբնական հատկություններ: Ճիշտ նույնը կատարվում է նաև մշակույթի պարագայում: Երևի թե զբոսաշրջիկներն այնքան էլ կոռեկտ չեն համարում, որպեսզի հարցնեն, թե ո՞ւր է այդ մշակույթն այսօր, որտե՞ղ է, և վերջապես որտե՞ղ են դրա կրողները: Հարդյունս այս ամենի ո՛չ ստեղծվում է և ո՛չ էլ վերստեղծվում, պարզապես արձանագրվում է հերթական շրջապտույտը ունայնության մեջ կամ դրա շուրջ, ունայնություն ունայնության մեջ կամ էլ դարձ ի շրջանս յուր: Մարդիկ պատմությամբ ապրում են, պատմությամբ՝ շնչում, տառապում, ոգեշնչվում, ափսոսում և ի վերջո շահարկում պատմությունը: Պատկերացրեք մարդուն երիկամի մեջ ինչ-որ անհանգիստ քարի հետ միասին, որը շարժման արդյունքում անկանոն այս ու այն կողմ է թռնում՝ պարբերաբար հարվածելով մարդուն: Ինչպիսի ծանր իրավիճակ է չէ՞, նեղ տարածություն, տարերային շարժում և հարվածող քար՝ անկանոն ու անկանխատեսելի: Երիկամի նեղ տարածությունը արդի գաղափարական միջավայրն է, մարդը ապագայինն է, իսկ հարվածող քարը՝ ցավոտ անցյալը: Այսինքն ներկայումս ձևավորվել է գաղափարական նեղ, միագիծ սև ու սպիտակ միջավայր, որտեղ մարդը առաջ շարժվելու հնարավորություն չունի և դրանից ելնելով հայացքն ուղղում է դեպի անցյալ, որի հարվածների ալիքի տակ դատապարտված է, պարզապես զրկված է ծառից իջնելու, մեջքն ուղղելու և քարից կրակ ստանալու հնարավորությունից: Այսինքն ստեղծագործական ճիգն արգելակված է, նա չի կարողանում նոր տուն կառուցել, քանզի դեռևս հիշում ու պահանջում է հին կացարանը, որը գտնվում էր ծառի վրա:

Անցյալի հետ առնչվող մյուս միֆը կապված է դրա ընկալման հետ, որը սահմանփակված է մերժման և փառաբանման երկու հակոտնյա ծայրահեղություններով: Փորձենք խոսել մերժման տարակերպի մասին։ Ընդհանրապես մերժումի, հերքումի ճանապարհով ընթացքը մշտապես հանգեցնում է լրջագույն խնդիրների՝ հատկապես, երբ այդ հերքումն ու մերժումը վերաբերում են պատմությանը։ Այսինքն` այդ ընկալումների համաձայն պետք է կտրել, ոչնչացնել, ինչու չէ, նաև դեմոնիզացնել հայոց պատմության բաղկացուցիչ մասնիկներից մեկը։ Ընդհանուրից առանձնացնել և ռետինով ջնջել խճանկարի մի հատվածը, որը հավաքվել է ընդհանուր տրամաբանությամբ։ Արհեստական միջամտությամբ ընդհատել պատմական ընթացքի օրինաչափությունը և այդպես շարունակ։ Այդ սկզբունքով ֆրանսիացիներն էլ կարող են հրաժարվել իրենց միջնադարյան պատմությունից և ժառանգությունից, չէ՞ որ խավարի ժամանակաշրջանը այդքան չարիք է պատճառել ամբողջ աշխարհին։ Իրականում մեր խնդիրը ոչ թե հերքումը պետք է լինի, այլ՝ հաշտեցումը, ոչ թե միասնությունը, այլ ներդաշնակությունը։ Եթե քաղաքակրթական տեսանկյունից մենք ուզում ենք ապագայի համար սաղմեր տեղադրել, հիմքեր ամրացնել, ապա պետք է առաջին հերթին հաշտեցնենք քաղաքակրթական անցյալը։ Բոլոր հանրություններն էլ ունեն այդ խնդիրը, այն է՝ ինչպե՞ս հաշտեցնել անցյալը, չէ՞ որ ապագան նաև անցյալի և ներկայի բնական երկխոսությունն է։ Հաշտեցնել պատմությունը նշանակում է հաշտեցնել ներկան, ինչպես նաև հանրության տարբեր շերտերին ու միավորներին։ Ինչպես բազմիցս նշել ենք, ազգային միասնություն կոչվածը պարզապես պատրանք է, հնարավոր չէ տարասեռ միավորներին նույնականացնել, պարզապես անհրաժեշտ է նրանց հաշտեցնել։

Խնդիրը դիտարկենք Ռուսաստանի պարագայում։ Հաջողվե՞լ է ռուսներին հաշտեցնել իրենց պատմությունը։ Իհարկե չի հաջողվել։ Մի մասը բոլշևիկների կողմնակիցներն են, մյուս մասը՝ հակահեղափոխական սլավոնաֆիլ ուղղափառներ, մի փոքրիկ հատվածն էլ՝ պատմականորեն լիբերալ-արևմտամետներ։ Նրանք բանավեճի մեջ են մտնում առանց իրար լսելու՝ պատրաստ ամեն վայրկյան մեկը մյուսին խժռելու։ Այսինքն` ռուսները չեն լուծել քաղաքակրթական այդ բարդագույն խնդիրը, և հանրությունը դեռևս երկար ժամանակ ծխալու է այդ չերևացող, բայց քայքայիչ ազդեցություն ունեցող կոնֆլիկտի մեջ, որի կիզակետում հայտնի պապիկի դամբարանն է։ Վերադառնանք Հայաստան։

Նույն խնդիրը առկա է նաև հայկական միջավայրում։ Պատմական տարասեռ ժամանակաշրջանները մարտնչում են իրար դեմ՝ Անկախության ժամանակաշրջանը Կոմունիստականի հետ, իսկ Քրիստոնեականը՝ նախաքրիստոնեականի։ Գործում է հերքումի արատավոր տրամաբանությունը։ Ինչի՞ է սա հանգեցնելու, ոչնչի, ընդամենը հանրությունը հայտնվելու է գաղափարական-փիլիսոփայական փակուղու մեջ։ Լավագույն լուծումն այն կլինի, երբ պատմական շրջափուլերը հաշտեցվեն ու ներդաշնակեցվեն։ Դրա ամենակառուցողական դրսևորումը պետք է լինի քաղաքներում և հենց մշակութային շեշտադրմամբ։ Կողք կողքի ներկա պետք է լինեն նախաքրիստոնեական, քրիստոնեական, Առաջին Հանրապետության և Կոմունիստական անցյալները, իսկ կենտրոնում` արդի Հայաստանի գաղափարը։ Միայն այդպես հնարավոր կլինի հաշտեցնել պատմությունը և հասնել համակեցական ներդաշնակության, որտեղ չեն լինի մարմնի անդամահատված մասնիկներ։ Անցյալի վերաբերյալ միֆերը չափազանց ցավոտ են, հնարավոր չէ դրանք արմատախիլ անել կամ էլ չեզոքացնել, ընդամենը հայկական տարասեռ անցյալները պետք է հաշտեցվեն ու ներդաշնակեցվեն:

Կարպիս Փաշոյան

hraparak.am

դիտվել է 1321 անգամ
Լրահոս
Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն ֆազի տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video) Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video) Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (video) Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան Չկասկածե՛ք, Տավուշը հանձնելու փուլում սրանք անցնելու են քաղաքական սպանությունների. Հովհաննես Իշխանյան (video) Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հեսա զանգեմ Սասուն Միքայելյանին, տես ոնց ա Ավինյանը տալու ձկներս. առևտրական (video) Փաշինյանի հենց այդ սխալը լինելու է ճակատագրական․ Արշակ Կարապետյան (video) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am