Պնդում եմ՝ նախագահ Քոչարյանն անգամ կալանքի տակ մեծ ծառայություն է մատուցում հայ ժողովրդին. Վիկտոր Սողոմոնյան (video)
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխելու որոշումն ինձ համար սպասելի էր։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Ըստ Սողոմոնյանի՝ դատական այս ամբողջ գործը կազմված է երեք կոնտեքստներից․ «Կոնտեքստ՝ իբր կա սահմանադրական կարգի տապալում, ավելին՝ մարտի 1-ի զոհերի փաստը, որի մեղավորը երկրորդ նախագահն է։ Երկրորդը՝ կա այնուամենայնիվ ինչ-որ հանցանք և օրենքներով հնարավոր է Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ և վերջապես երրորդը՝ ոտնահարելով բոլոր օրենքներն ու բարոյականությունը՝ ուղղակի Ռոբերտ Քոչարյանին պահել բանտարկված»։
Վիկտոր Սողոմոնյանի դիտարկմամբ՝ երեկվա կայացած նիստով Աննա Դանիբեկյանը հաստատեց այս երեք կոնտեքստները։
Վիկտոր Սողոմոնյանը վերահաստատում է իր այն միտքը, որ Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս իր այլ ծառայությունների, նոր մեծ ծառայություն է մատուցում հայ ժողովրդին․ «Եթե նախագահն այս զրկանքների միջով չանցներ, մենք գուցե մի քանի տարի հետո հասկանայինք՝ այս իշխանությունների իրական դեմքը»: