Այս միջադեպի հետ կապված իմ ակնկալիքն ավելի շատ քաղաքական է. Էդմոն Մարուքյան
Բռնությունը շատ լավ տեղ ունի այսօր Հայաստանում: Այս մասին ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հարցով ՀՔԾ-ում բացատրություն տալուց հետո:
«ՀՔԾ-ում ասել եմ այն, ինչ երևում է տեսանյութում, տևել է մոտ երկու ժամ, իսկ միջադեպից հետո իմ հիմնական ակնկալիքը քաղաքական է: Հարցը քաղաքական է, քաղաքական հետևանք պետք է ունենա, որովհետև եթե դա չի դատապարտվում քաղաքական մակարդակում, կարող է կրկնվել, և ամեն պատգամավոր ելույթ ունենալուց առաջ կարող է մտածել, որ իրեն կարող են խփել, իր նկատմամբ բռնություն կիրառել՝ իր հայտնած կարծիքի, հայտարարությունների համար»,-ասաց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը՝ նշելով, թե քաղաքական գնահատական սպասում է ոչ միայն իշխող ուժից: