Я не виноват. это они
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչ» նախագծին: «Մշակույթի նախարարությունը ոչ մի ազդեցություն չունի Հանրային հեռուստատեսության գործառույթների վրա: Ինչ վերաբերվում է դիրքորոշմանն, ապա Մշակույթի նախարարությունը մոտ ապագայում ծրագրում է ձևավորել պատվեր՝ մասնավոր հեռուստաընկերությունների պահով: Խոսքը վերաբերվում է մասնավորապես ազգային երգին և երաժշտությանը»,- ասաց նախարարը:Հարցին՝ հնարավոր չէ՞ եթերում նվազեցնել ռաբիսի առկայությունը, նախարարն ընդգծեց, որ ժամանակի ընթացքում մշակութային ծրագրերի շնորհիվ հայ ազգին ոչ հարիր երաժշտական ժանրի մոտեցումներն իսպառ կվերանան: Անդրադառնալով Արամի 30-ի, Աֆրիկյանների շենքի ճակատագրին՝ Ամիրյանն ասաց. «Եթե պետությունը չի զբաղվում մշակութային հուշարձաններով, գալիս են մարդիկ, որոնք զբաղվում են այդ հուշարձաններով շատ կոնկրետ: Մենք պետք է զբաղվենք, որ այլ մարդիկ չգան ու չավերեն: Մենք մշակում ենք հիմա ենթակառուցվածքներ, որոնք պետք է ծառայեցնեն այդ հուշարձաններն ի շահ հասարակությանը, զբոսաշրջության զարգացմանը, մեր երեխաների դաստիարակությանը»: Խոսելով իր՝ Գրին քարտ ունենալուն վերաբերող հրապարակումներից՝ Ամիրյանն ասաց. «Գրին քարտը ոչ թե դիմել եմ և ստացել եմ, այլ շնորհվել է ԱՄՆ-ի կողմից որպես պետության համար պահանջված մարդ` որոշակի ոլորտներում ծառայություններ կատարելու համար»: