Ես երբեք դրան չեմ հավատա...եթե ինչ-որ մեկը կարող է հիվանդանալ, ապա թող հիվանդանա. Պուտին
Տնտեսությունը փրկելը, մարդկանց կյանքը անտեսելով, բարբարոսության եւ վայրենության դրսեւորում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «Կոմերսանտը»։
«Մենք գիտենք, որ Սպարտայի հասարակությունը իսկապես կառուցված էր դաժան կանոնների վրա։ Սակայն դա էլ չօգնեց։ Եւ վերջին հաշվով այն կորցրեց իր պետականությունը։ Ինչպես ասում են, պատմությունը ուսանելի է»,- երկրում կորոնավիրուսի տարածմանը դիմակայելու խորհրդակցության ժամանակ ասել է նախագահը։
Պուտինի խոսքերով՝ այժմ մարդկության առջեւ կանգնած է բարոյական ընտրության հարց՝ փրկել ազգային տնտեսությունները կամ նվազագույնի հասցնել համավարակի զոհերի թիվը։ «Ենթադրվում է, ըստ էության, գնալ առաջ, քայլելով ամեն ինչի եւ բոլորի վրայով, ոչ մեկին եւ ոչնչի չնայել։ Եւ պարզապես որքան հնարավոր է արագ հանել բոլոր սահմանափակումները, իսկ եթե ինչ-որ մեկը կարող է հիվանդանալ, ապա թող հիվանդանա, հաշմանդամ կդառնա կամ նույնիսկ կմեռնի՝ նշանակում է այդպիսին է նրա ճակատագիրը։ Մի խոսքով՝ առաջարկվում է բնական ընտրության օրենք, որտեղ յուրաքանչյուրը իր համար է»,- ասել է նա։
Նման ընտրությունը պատկերավոր ներկայացնելու համար Վլադիմիր Պուտինը օրինակ է բերել Ջեկ Լոնդոնի «Կյանքի օրենքը» պատմվածքը, որում ցեղը լքում է բեռ դարձած իր ծերերին: Նախագահի խոսքով, նման վերաբերմունքը բնորոշ չէ ռուսների «գենետիկ կոդին»: «Կարո՞ղ եք մի պահ պատկերացնել, որ այսպես կարելի է վարվել մեր ծնողների, տատիկների եւ պապիկների հետ, ինչպես այս պատմվածքում է: Ես երբեք դրան չեմ հավատա»,- ասել է նա: