«Ադրբեջանն իրավունք ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններում վերականգնել իր տարածքային ամբողջականությունը բոլոր միջոցներով». Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը minval.az կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ադրբեջանն իրավունք ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններում վերականգնել իր տարածքային ամբողջականությունը բոլոր միջոցներով»:
Մամեդյարովը նշել է, որ ապրիլի 21-ին տեղի ունեցած բանակցությունները տարբերվել են միայն հեռավար կազմակերպմամբ, սակայն դրանք ընթացել են նույն ձևաչափով և օրակարգով:
«Հիմնվելով ինչպես մեր պետության բարձրագույն օրենքի, այնպես էլ միջազգային իրավունքի վրա՝ Ադրբեջանն իրավունք ունի ցանկացած միջոցով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»,-ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ ՀՀ արտգործնախարարը ՌԴ արտգործնախարարի՝ փուլային կարգավորման մասին հայտարարությանը պատասխանեց, որ հողերի վերադարձի հարց չի քննարկվում, ինչպես նաև խոսեց անվտանգության հարցերի և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի մասին: Ըստ Մամեդյարովի՝ «այդ հայտարարությունն արվել է ներքին լսարանին հանգստացնելու համար, հակառակ դեպքում հայտարարությունից ժամեր անց նա պարզապես չէր միանա տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող բանակցություններին»: