Պուտինը հետաձգեց զորահանդեսը, ԱՄՆ-ը «փորփրում» է չինական լաբորատորիան, Գերմանիան II համաշխարհայինից ի վեր ամենածանր ճգնաժամն է գուժում

Պաշտոնական տվյալներով` Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 6 հազար նոր դեպք: Մեկ օրվա կտրվածքով սա ամենաբարձր ցուցանիշն է ողջ աշխարհում: Կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը Ռուսաստանում հասել է գրեթե 43 հազարի, մահացածների թիվը երեկոյան տվյալներով՝ 361 էր:

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 75-ամյակին նվիրված մայիսի 9-ի տոնակատարությունը հետաձգվեց: Որոշումն ընդունվեց երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման կապակցությամբ: Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում ասաց. «Մայիսի 9-ին միջոցառումներ անցկացնելու համար որոշումը պետք է արդեն այս օրերին ընդունել, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսի վտանգը և այն հանգամանքը, որ մենք պիկը դեռ չենք անցել, ես չեմ կարող արձակել զորահանդեսին և զանգվածային միջոցառումներին պատրաստվելու հրահանգ»: Զորահանդեսի անցկացման նոր ժամկետ չի նշվում։

Հաղթանակին նվիրված միջոցառումներ տեղի չեն ունենա նաև Դաշնության այլ շրջաններում: ՌԴ-ում մինչև ապրիլի 30-ը գործում է մասնակի կարանտինի և ինքնամեկուսացման ռեժիմ: Բնակիչների մեծ մասին կարգադրել են տանը մնալ: Աշխատում են պետական հիմնարկները, իրավապահները, բանկերը, կապի և տրանսպորտի ծառայությունները, ռազմաարդյունաբերական համալիրի հիմնարկները և պետության համար կենսական նշանակության այլ կառույցներ:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերն անցել են 2 միլիոն 300 հազարը, մահացել է 160 հազարից ավելի մարդ:

Աշխարհում վատթարագույն ցուցանիշները, ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգներում են, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել էր 755,162-ի, վերջին 24 ժամում վարակվել էին՝ 16,370 մարդ, իսկ մահացածների թիվը հասել է՝ 40,109-ի:
Միաժամանակ Թրամփը շարունակում է թեժ պահել Չինաստանին մեղադրելու թեման: Չինաստանը կարող է բախվել հետևանքների, եթե ապացուցվի, որ գիտակցաբար է թույլ տվել կորոնավիրուսի բռնկումը, այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք հետաքննություն ենք անցկացնում, տեսնենք՝ ինչպես կընթանա: Եթե նրանք գիտակցաբար են թույլ տվել դա, ապա հետևանքներ պետք է լինեն»,- ասել է նա: Թրամփի խոսքով՝ մինչև վերջին իրադարձությունները Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները կառուցողական էին: «Մենք առևտրային համաձայնագիր ենք կնքել, Չինաստանը մեր ֆերմերներից 250 մլրդ դոլարի արտադրանք է գնում: Հարաբերությունները լավ էին, երբ մենք ստորագրեցինք այն: Արդյո՞ք զայրացած եմ Չինաստանի վրա: Հնարավոր է՝ այո՛: Բայց ամեն ինչ կախված է նրանից՝ արդյո՞ք կորոնավիրուսի բռնկումը սխալ էր, թե՞ գիտակցաբար է արվել»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ հույս ունի՝ չինական իշխանությունները կապահովեն օտարերկրյա մասնագետների մուտքը Ուհանի լաբորատորիա, որտեղից, ամերիկյան մի շարք ԶԼՄ-ների պնդմամբ, կարող էր տարածվել կորոնավիրուսը: Միաժամանակ, ապրիլի 16-ին Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը ընդգծել է, որ կորոնավիրուսի արհեստական ստեղծման մասին վարկածը որևէ ապացուցողական հիմք չունի:
Ընդհանուր առմամբ, սակայն, ամերիկյան իշխանություններին հաջողվել է որոշակիորեն կայունացնել համաճարակի տարածման շուրջ իրադրությունը: Այդ կայունացումն էր պատճառը, որ հինգշաբթի երեկոյան նախագահ Թրամփը հանդես եկավ երկրի տնտեսությունը աստիճանանբար վերագործարկելու և բնականոն կյանքի վերադառնալու օգտին` հրապարակելով այդ նպատակին միտված իր եռաքայլ պլանը:

Կորոնավիրուսի պատճառով հարկադիր պարապուրդն ավարտին հասցնելու այս ծրագիրը, սակայն, բավական լուրջ հակազդեցության է արժանանում մի շարք դեմոկրատ նահանգապետերի կողմից, որոնք որոշեցին առայժմ չհետևել Սպիտակ տան խորհուրդներին և երկարաձգել կարանտինային միջոցառումները:

Դեմոկրատ նահանգապետերի այդ պահվածքն էր պատճառը, որ անցած գիշեր Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրառումների մի շարք կատարեց՝ նշելով՝ «Ազատագրենք Վիրջինիան», «Ազատագրենք Միչիգանը» և «Ազատագրենք Մինեսոտան»: Ըստ «Ազատության»՝ Սպիտակ տան ղեկավարի այս գործողություններին զուգահեռ, այս նահանգներում հարյուրավոր մարդիկ դուրս եկան փողոցներ՝ դեմոկրատ նահանգապետերից պահանջելով հետևել Թրամփի տնտեսության վերագործարկման եռաքայլ պլանին` թույլ տալով մարդկանց վերադառնալ իրենց բնականոն տնտեսական գործունեությանը:

«Ես կարծում եմ, որ մեր բոլորի աշխատանքն էլ կենսական նշանակություն ունի Մինեսոտա նահանգում, ուստի որևէ նահանգապետ չպետք է որոշի, թե երբ մենք պետք է վերադառնանք աշխատանքի», - հայտարարել է ցույցի մասնակիցներից մեկը: Դոնալդ Թրամփը, ի դեպ, ևս այս ցույցերն ու դրանց ընթացքում հնչող պահանջները արդարացված է համարում: «Այդ մարդիկ իրենց կարծիքն են արտահայտում, ես տեսնում եմ, թե ովքեր են նրանք և ինչ են անում: Ըստ իս, դրանք շատ պատասխանատու մարդիկ են, և նրանց նկատմամբ [նահանգային իշխանությունները] փոքր-ինչ կոշտ դիրքորոշում են որդեգրել», - երեկ երեկոյան կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը:

Ինչպես հաղորդում է ռադիոկայանը՝ Սպիտակ տան և նահանգապետերի միջև` կարանտինային միջոցառումների տևողության շուրջ այս բանավեճի կիզակետում է հայտնվել Միչիգանի նահանգապետ Գրեթհեն Վիթմերը, որն ըստ Reuters գործակալության, նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Ջոզեֆ Բայդենի կողմից կարող է առաջադրվել որպես փոխնախագահի թեկնածու: «Ես երկրում աշխատող բազմաթիվ փորձագետների եմ լսել և հանգել եմ եզրակացության, որ այն, ինչ մենք այսօր ենք անում, ճիշտ է` մենք մարդկային կյանքեր ենք փրկում: Տնտեսությունը կվերագործարկվի այն ժամանակ, երբ դա անվտանգ կլինի», - նշել է Միչիգանի նահանգապետը:

Եվրոպայի միակ խոշոր պետությունը, որտեղ իրադրությունը զգալիորեն տարբերվում է Իսպանիայից, Իտալիայից, դա՝ Գերմանիան է: Գերմանիայի իշխանությունները հայտարարեցին, որ կորոնավիրուսի համաճարակը ամբողջությամբ վերահսկվում է: Ավելին, ըստ գերմանացի համաճարակաբանների, երկրում արդեն մի քանի օր է, ինչ զգալիորեն նվազել է կորոնավիրուսի տարածման ծավալը, եթե համաճարակի պիկային շրջանում մեկ հիվանդը միջինը երկու մարդու էր վարակում, ապա այսօր արդեն այդ ցուցանիշը մեկից էլ քիչ է, նշում են Բեռլինում գործող Ռոբերտ Կոխի անվան համաճարակաբանության ինստիտուտի աշխատակիցները:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները, սակայն, ահազանգում են, որ չնայած համաճարակաբանական իրավիճակի ակնհայտ բարելավմանը, երկրին տնտեսական բավական ծանր ժամանակներ են սպասում: «Գերմանական տնտեսությունը նման ծանր ճգնաժամում չի գտնվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Չի բացառվում անգամ, որ այս ճգնաժամն ավելի լուրջ է, քան բանկային ոլորտում և ֆոնդային շուկաներում ծագած նախորդ ճգնաժամերը: Մենք մտավախություն ունենք, որ բազմաթիվ ընկերություններ ոչ միայն ծանր կորուստներ կկրեն, այլև կվտանգվի նրանց գոյությունն ինքնին», - նախօրեին Բեռլինում նշել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալտմայերը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3786 անգամ
Լրահոս
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am