Հայտնաբերվել են վարակակրի հետ շփում ունեցած 3029 անձինք
«Հեռախոսազանգերով քաղաքացիների տեղորոշման համակարգի առաջնային նպատակն է հայտնաբերել վարակակրի հետ շփում ունեցած անձանց շրջանակը. այդ անձանց շրջանակը երկուշաբթի օրվա տվյալներով 229 վարակակիր անձ էր: Արդեն իսկ մենք պարետատան կազմում համալրել ենք համաճարակաբանների խումբը եւ արդեն այդ խումբն ուղղակի աշխատելու է վարակակրի հետ՝ այդ տեղերոշման համակարգի ցանկով անցնելով, ավելի կոնկրետ այդ տեղորոշման ցանկը ֆիլտրելով: Դրանից հետո ԱԻՆ աշխատակիցը զանգահարելու է վերջնական ֆիլտրված ցուցակով եւ ցուցում է տալու ինքնամեկուսացման»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ այդ անձինք ստացել են զանգեր:
«Արդեն ունենք 3029 արձանագրված դեպք. Սա այն ցուցակն է, որը համաճարակների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի ինքնամեկուսացվողների ցանկից դուրս, հավելյալ ցանկ է: Այդ անձինք, որոնք ունեցել են վարակակրի հետ առաջնային շփում, նրանց ցուցված է ինքնամեկուսացում, կամ որոշ դեպքերում մեկուսացում: 14 օրվա ընթացքում նրանց մոտ հիվնդության ախտանշաններ ի հայտ գալու դեպքում նոր նրանք կանցնեն թեստավորում: Բացի այդ, գիտեք, որ մենք թեստավորման ծավալները մեծացրել ենք՝ մինչեւ 800 թեստ օրական, եւ դա նույնպես մեր քաղաքականության կարեւոր բաղադրիչներից մեկն է»,-ասաց նա: