Հակաճգնաժամային 7-րդ ծրագրի փաստացի մեկնարկը կտրվի վաղը. Մհեր Գրիգորյան
Այսօր կառավարության նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը, որով նախատեսվում է միանվագ դրամաշնորհ տրամադրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող մի շարք անձանց:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում տեղեկացրեց, որ հաստատված միջոցառումներից 6-ն արդեն ուժի մեջ են: Մհեր Գրիգորյանը նշեց, որ երեկվա դրությամբ փաստացի իրականացված միջոցառումների գումարային չափն անցել է 3 միլիարդ դրամը:
«Ես կարծում եմ՝ իմպլեմենտացիոն գործընթացը շատ արագ կիրականացվի, որովհետև թիրախը հստակ է, և շտեմարանները, որոնցով մենք պետք է աշխատենք, բավականին պարզ են: Միևնույն ժամանակ՝ կցանկանայի ասել, որ մենք ինտենսիվ մշակման փուլում ենք շտեմարանների և ճշգրտման աշխատանքներ ենք իրականացնում 7, 8 և 9-րդ միջոցառումների մասով»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետի փոխանցմամբ՝ հակագնաժամային աջակցության 7-րդ ծրագրի փաստացի մեկնարկը կտրվի վաղը, իսկ 8-րդ, 9-րդ և 10-րդ ծրագրերի փաստացի իրականացման գործընթացը կառավարությունը նախատեսում է սկսել երկուշաբթի օրվանից: