Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը. ովքեր կստանան աջակցություն
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը, որով աջակցություն կստանան միկրոբիզնեսի ռեժիմում գործող տնտեսվարող սուբյեկտները:
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ շահառուների թիվը կազմում է մոտ 6000, միանվագ աջակցության առավելագույն չափը՝ 136 հազար դրամ։
Թիրախավորվել են այն շահառուները, ովքեր 2020թ. հունվարի 1-ից հանդիսանում են միկրո ձեռնարկատիրության սուբյեկտներ:
Նշենք, որ նախագծով սահմանվում է, որ այս աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք,
1) որոնց կողմից 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է վեց միլիոն դրամը.
2) ովքեր 2020թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են երկու և ավելի աշխատակից.
3) ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) ՀՀ կառավարության 2020թ. մարտի 26-ի N 358-Լ, մարտի 30-ի N 410-Լ, մարտի 30-ի N 412-Լ և ապրիլի 2-ի N 427 –Լ որոշումներով սահմանված որևէ միջոցառման շահառու։