Արգելափակել են Ռուսաստանի` կորոնավիրուսի ֆոնին պատժամիջոցները չեղարկելու մասին բանաձևը
ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Վրաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում արգելափակել են Ռուսաստանի առաջարկած բանաձևի ընդունումը: Բանաձևն առաջարկում էր չեղարկել միակողմանի պատժամիջոցները, որոնք խանգարում են պայքարել կորոնավիրուսի դեմ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությանը:
«Ինչպես հայտնի է, մեր ներկայացրած փաստաթղթի կոնսենսուսային ընդունումը չի ստացվել: Դրան խանգարել են Ուկրաինան, Վրաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Եվրամիությունը: Ցավում ենք, որ պատժամիջոցային քաղաքականությանը մի շարք սատարող երկրներ պատրաստ չէին արձագանքել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և հրաժարվել իրենց քաղաքական մոտեցումներից ու շահերից: Սրա հետևանքով նոր համավարակին համաշխարհային ուժեղ հարված տալը շատ ավելի դժվար կլինի: Ահռելի քանակությամբ մարդիկ կարող են տուժել, մանավանդ զարգացող երկրներում»,-ասված է Ռուսաստանի մշտական ներկայացուցչության մեկնաբանությունում: